
ՊԵԿ-ն ավելի քան 3 մլն դոլարի թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգության դեպքեր է բացահայտել 2019-ին
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականի ընթացքում արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք։ Դա 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22 %-ով: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Խախտումների 70 %-ը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերն են
2019 թվականի տվյալներով՝ մաքսային իրավախախտումների կազմում, ըստ ՊԵԿ-ի, գերակշռել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը՝ 142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70 %-ը: «2019 թվականին մեր կողմից հայտնաբերված թմրանյութերի և հոգեմետ դեղերի ընդհանուր արժեքը կազմել է 1.5 մլրդ դրամ (ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար)։ Թմրամիջոցները ուղարկվել են Քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո վերացվում են»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը։
Ըստ նրա՝ բացահայտումների ժամանակ հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ափիոն, մեթամֆետամին, կետամին, մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող դեղահաբ ու դեղապատիճ։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը նախորդ տարի հայտնաբերել է 6 դեպք, երբ օտարերկրացիները Հայաստանը փորձել են ծառայեցնել որպես թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման երկիր: Օրինակ՝ կանխվել է Հայաստանի տարածքով Իրանից Կանադա սուրհանդակային առաքման միջոցով գրեթե 5 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձը: Մաքսանենգներն օգտագործել են թմրանյութը թաքցնելու բավականին հետաքրքիր եղանակ. ափիոնը ներծծված է եղել պարսկական ազգային հագուստների ներքին հատվածում առկա թաղիքների մեջ:
«Ընդ որում, ափիոնի հետ մաքսանենգները խառնել էին նաև որոշակի քանակի սուրճ, որպեսզի էլ ավելի դժվարացնեին հատուկ վարժեցված ծառայողական շների կողմից թմրանյութի հայտնաբերումը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ: Հատկանշական է, որ նրանց ձերբակալումից հետո տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանից ևս մեկ ծանրոց արդեն իսկ ուղարկվել էր, սակայն այս անգամ՝ Մեծ Բրիտանիա: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Լոնդոնի օդանավակայանում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստների պարունակությամբ ծանրոցը, այնուհետև իրավապահների կողմից ձերբակալվել են նաև դրա ստացողները»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը։
Մեկ այլ դեպքով էլ, ըստ նրա, բացահայտվել է Իրանից Կանադա 5 կգ ափիոնի տեղափոխման երկու այլ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում և «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Թմրանյութը թաքցված էր մետաղական դետալների մեջ։
Մեկ ուրիշ դեպքով էլ իրանցի կնոջ ճամպրուկի կրկնակի հատակին հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մոտ 3 կգ խմբաքանակ: Սա Հայաստանում առաջին դեպքն էր, որ հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի այսպիսի խմբաքանակ: Անձինք, որոնք փորձել են հոգեմետ դեղեր կամ թմրանյութեր տեղափոխել, ձերբակալվել են։
Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի՝ բացի քրեական գործերից, սկսվել են նաև վարչական վարույթներ։ Ընդհանուր 56 դեպքի մասին է խոսքը, որոնք վերաբերում են տարատեսակ ապրանքների գների թերի հայտարարագրմանը, կեղծ տեղեկությունների տրամադրմանը, որոնք ներմուծողները կատարում են մաքսային վճարներից խուսափելու կամ քիչ վճարելու համար։ «Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574 բջջային հեռախոս, ավելի քան 5 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Վարչական վարույթի ավարտից հետո քաղաքացիներ կարողանում են իրենց ապրանքը ստանալ համապատասխան վճարումները կատարելուց հետո»,- նշեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը։
Ըստ նրա՝ այս դեպքերով թմրանյութերի վերջնական ստացման վայրը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն են եղել. «Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ»:
Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:
Վարդան Վարդանյանը շեշտեց, որ Հայաստանի պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը։
Մեկնաբանել