
Անի Սամսոնյան. «Ուզում եմ հասկանալ՝ ինչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում»
Երևանի դպրոցների կառավարման խորհուրդների կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ կան: Այս մասին «Հանրակրթության մասին» օրենքի քննարկմանն իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել։ Պարզվում է, որ այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել խորհուրդների կազմում, ներառվել են ՔՊ անդամներ, պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Պարոն նախարար, ապշել եմ, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ, հիմա ինչպես հասկանանք ձեր այդ քայլը: Խնդրում եմ մի ասեք, որ դուք ուրիշ եք, նախկիների պես չէ, որովհետև կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը` քաղաքական»,- ասաց Սամսոնյանը` դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին:
Պատգամավորը հիշեցրեց Արայիկ Հարությունյանի երբեմնի խոսքերը, այն է՝ դպրոցների կառավարման խորհուրդները գործել են ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին: Պատգամավորը հարց հնչեցրեց, թե որ իշխանիկներին են ծառայում այժմյան խորհուրդները:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում, հարգելի պատգամավորներ, պարոն Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, ինչ գործ ունեք դպրոցների կառավարման խորհուրդներում, ձեր օգնականերն ինչ գործ ունեն: Մենք փորձում ենք բուհերից դուրս քաշել պատգամավորներին, որպեսզի դրանք քաղաքականացված չլինեն, պարզվում է՝ դուք դպրոցներում ավելի խորը արմատներ եք գցել, և սա անթույլատրելի է»,- ասաց նա:
Մեկնաբանել