HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են դառնում բանտի իրական տերերը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Քրեական ենթամշակույթի դեմ իշխանությունները ներկայումս պայքար են հայտարարել: «Քրեական ենթամշակույթ» հասկացության վերաբերյալ տարատեսակ կարծիքներ և մեկնաբանություններ կան: Որոշ մոտեցումների համաձայն, այն ծնունդ է առել Խորհրդային միության ազատազրկման վայրերում: Նման մի վայրում գտնվում եմ արդեն 24-րդ տարին: Անկախ այս հանգամանքից, ինձ և այլ դատապարտյալների, ովքեր որևէ կերպ չեն հարում քրեական ենթամշակույթին, այսինքն` չեն ապրում այդ կյանքով և օրենքներով, այդ ենթամշակույթի կրողները համարում են попутный пассажир: Այսինքն` նրանք բանտը համարելով իրենց տունը` բոլոր մնացածներին` կյանքի այս կամ այն դժվարին իրավիճակում հանցանք կատարած, բայց հանցանքն իրենց ապրելակերպը չհամարող մարդկանց, ինչպես նաև անմեղ մեղավորներին  համարում են ուղղակի «ժամանակավոր ուղևորներ» իրենց «գնացքում»: Այս տարիներին շփվել եմ բանտի բազմաթիվ ժամանակավոր կամ մշտական բնակիչների, նաև մի քանի օրենքով գողերի հետ: Այսօր ձեզ եմ ներկայացնում մի քանի խնդիրներ, նաև պատկերացումներ այս թեմայով:

Նախ, հարկավոր է հստակ տարանջատել` գողական համայնքը (воровское сообщество) այլ բնույթի խմբերից, որոնք կարող են լինել ահաբեկչական, մաֆիոզ, նառկոսինդիկատների, պոռնոբիզնեսով զբաղվող հանցագործ խմբավորումների տեսքով, ինչպես նաև այլ ձևերով հանդես գան: Ներկայումս քրեական ենթամշակույթն առավելապես ընկալվում է այսպես կոչված «գողականի» համատեքստում, քանի որ «սովորական» ազատազրկվածները, որպես կանոն, համախմբվում և ենթարկվում են այս համայնքի պարագլուխներին, որոնց խորհրդային միությունից եկած իներցիայի ուժով անվանում են «օրենքով գողեր»: Որքանով ինձ հայտնի է, Խորհրդային միությունում ձևավորված այս ինստիտուտի հեղինակությունները չեն ունեցել անձնագրեր, չեն կազմել ընտանիքներ, չեն ունեցել անձնական սեփականություն, բիզնեսներ: Այսինքն` իրենց շուրջ համախմբվելն եղել է առավելապես գաղափարական, որի էությունը կայացել է նրանում, որ չեն աշխատել և ապրուստը վաստակել են գողության միջոցով: Գաղափարախոսության առանցքում եղել է այն, որ, որպես կանոն, գողացել են պետական չինովնիկներից, պետությունից` բանկեր են թալանել, մեծահարուստներին, այսինքն՝ նրանց, ովքեր հարստացել են հասարակ ժողովրդի հաշվին:

Այս ոլորտն ուսումնասիրող մասնագետների, նաև հասարակ մարդկանց կարծիքով` ներկայումս «օրենքով գողեր» որպես այդպիսին գրեթե չկան դասական առումով, որ չունենան անձնագրեր, գույք, ընտանիք և այլն: Կա նաև այն տեսակետը, որի համաձայն Խորհրդային միությունում «օրենքով գողերի» ինստիտուտը ստեղծվել էր հենց պետության կողմից, որպեսզի հեշտ լիներ հսկողության տակ պահել տարաբնույթ հանցագործ աշխարհը:

Թե ինչպիսին է այս հարցի կապակցությամբ պատկերը ներկայիս Հայաստանում ազատության մեջ, ես չեմ կարող որևէ վերլուծության ենթարկել: Ինչ վերաբերում է ազատազրկման վայրերին, ապա պատկերը հետևյալն է: Կա բանտի վարչակազմ և կան բանտախցերում փակված մարդիկ: Կարո՞ղ է արդյոք վարչակազմը 24-ժամյա ռեժիմով վերահսկել բանտախցերում գտնվող հարյուրավոր բանտարկվածների փոխհարաբերությունները: Պատասխանը` ոչ: Այս իրավիճակում ովքե՞ր են դառնում բանտի իրական տերերը: Պատասխան` նրանք ովքեր բանտը համարում են իրենց տունը: Սրան գումարած նաև կոռուպցիոն ռիսկերը համակարգում` բացում են գրեթե բոլոր դռները քրեական ենթամշակույթի դիմաց:

Առաջին հայացքից պատկերը թվում է անելանելի: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ինչպես ամեն բնագավառում, այդպես էլ քրեական ենթամշակույթում շատ բան կախված է լինում անհատներից: Նույն դաժանագույն 90-ականներին ես ականատես եմ եղել, որ 2 քրեական հեղինակություններ արգելում էին որևէ կերպ կաշառք տալ վարչակազմին և ճիշտ հակառակ պատկերն եմ նկատել ավելի ուշ ժամանակաշրջանում: Եվս մեկ կարևոր խնդիր էր առկա այն ժամանակներում` «օրենքով գողերը» կարող էին ինչ-որ չափով երաշխավոր լինել, որ վարչակազմի կողմից բռնություններ չկիրառվեն ազատազրկվածների նկատմամբ: Ինչևէ, խնդիրը իրականում բավական բարդ է: Եթե ներկայումս պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, ապա ազատազրկման վայրերում ներքին կարգն ու կանոնը վերահսկելու այլ մեխանիզմների ներդրում է հարկավոր:

Այս խնդրի լուծումը ես տեսնում եմ հետևյալ կերպ: Անհարժեշտ է հանրապետության տարածքում ունենալ 2 տարբեր տիպի ազատազրկման վայրեր: 1-ին տիպում կպահվեն նրանք, ովքեր պաշտոնպես հայտարարում են, որ չեն ցանկանում ապրել հանցագործ կյանքով և չեն ընդունում քրեական ենթամշակույթը: Այս տիպի հիմնարկներում առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն դատապարտյալների համար, այսինքն` իրականում կխրախուսվի դրական վարքագիծը, բարենպաստ պայմաններ կլինեն աշխատանքի, ուսման, ստեղծագործելու համար: 2-րդ տիպի հիմնարկներում կպահվեն այն դատապարտյալները, ովքեր փաստացի ապրում են քրեական ենթամշակույթի օրենքներով: Այս հիմնարկներում կապահովվեն միաջազգային չափորոշիչներով նվազագույն պայմաններ, սակայն խիստ վերահսկողություն կիրականացվի և համապատասխան ծրագրեր այս անձանց աշխարհայացքը փոխելու ուղղությամբ: Ինքնին այս տարանջատումը քրեական ենթաշակույթը կրողներին նախ կզրկի ապօրինի ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորությունից  և մեծ հավանականություն կառաջանա ձգտելու աշխատանք ունենալուն, ինչը արդեն կնաշանակի, որ կարող են տեղափոխվել այլ տիպի հիմնարկ: Նախ և առաջ հենց աշխատանքի պարտադիր լինելն է վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետության նախապայամանը:

Այս ծրագիրն իրականացնելու համար ամենևին էլ հարկավոր չէ նոր բանտեր ստեղծել, պարազապես հարկավոր է կյանքի կոչել հանցագործ ուղղին բռնած և դրանից հրաժարվող դատապարտյալների տարանջատման սկզբունքը: Համոզված եմ` բանտերի քանակը կսկսի կրճատվել: Նախորդ իշխանությունները գնում էին նոր բանտեր կառուցելու ճանապարհով: Հուսով եմ, որ ներկա իշխանությունները կհրաժարվեն այդ արատավոր երևույթից և իրականում կկանախրգելեն հանցագործությունները` արդյունավետ մոտեցումներով, ինչպեսին ներդրված է զարգացած, ժողովրդավարական եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Բելգիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում քրեակատարողական համակարգերի հատուկ քաղաքականության շնորհիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter