HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ առանց աշխատակազմի, կայքէջի ու հայտարարագրերի ձևանմուշների

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց  2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Օրենքով սկզբնական նախատեսվածից մոտ մեկ տարի ուշ գործելու պարագայում էլ, պարզվում է, բազմաթիվ չլուծված հարցեր կան:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չունի առանձին շենք և գործունեություն է ծավալում Անվտանգության խորհրդի շենքում՝ նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հատկացված 5 սենյակներում: Բացի այդ, հանձնաժողովը չունի կայքէջ և իրազեկման գործընթացն իրականացնում է ֆեյսբուքյան էջում, մինչդեռ օրենքով նախատեսված է, որ հանձնաժողովն իր որոշումներն ու այլ ակտերը պետք է հրապարակի պաշտոնական կայքէջում:

Հաստատված չէ հանձնաժողովի աշխատակազմը, հաստիքացուցակը և այժմ աշխատում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կադրերի հետ, թեև այդ հանձնաժողովների գործունեության մեջ բովանդակային տարբերություններ կան, ուստի համալրումը հանձնաժողովի աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչն է:

Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով, մինչդեռ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից: Աժ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի առաջադրել հանձնաժողովի անդամի իր թեկնածուին այն բանից հետո, երբ լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց խմբակցության կողմից առաջադրված և ընտրված անդամ Էդգար Շաթիրյանը:

Էլեկտրոնային համակարգում հասանելի չեն 2019թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը, քանի որ տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը հաստատելու վերաբերյալ Կառավարությունը դեռևս որոշում չի ընդունել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնելով իր սուբյեկտիվ կարծիքը, նշեց, որ անհրաժեշտ է հետ գնալ և գնահատական տալ էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, այն համատեքստում, որում գործել է:

Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ հեղափոխությունը վերահաստատել և ընդգծել է, որ պետական բոլոր այն ինստիտուտները, որոնք նախկին ռեժիմի պայմաններում գործել են, ունեցել են հստակ նպատակ, որը տարբերվել է պետական շահերի պաշտպանությունը լավագույնս ապահովելու նպատակից և ունեցել է կոնկրետ շահերի կամ խմբերի պաշտպանության առաքելություն:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրենքը գրվել է նախկին ռեժիմի պայմաններում: Այսինքն, օրենքը հեղափոխությունից հետո, կոռուպցիայի կանխարգելման գործունեության տեսանկյունից, բովանդակային փոփոխությունների քիչ է ենթարկվել: Ընկալումները, թե դա ինչ մարմին է, ինչ տեսակի գործառույթներով պետք է օժտված լինի, եթե համեմատենք հակակոռուպցիոն ռազմավարությունը և օրենքը, կտեսնեք, որ այնտեղ տարբերություններ կան։ Ռազմավարությունը, որն արդեն իսկապես որդեգրեց կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը, հայտնում է հանձնաժողովի գործունեության և մոդելների վերաբերյալ որոշակի պատկերացումներ, օրենքը՝ ոչ»,- ասում է Հ. Հարությունյանը:

Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովը ձևավորվեց այն հայեցակարգով, որը նախատեսված էր օրենքով և իրականության մեջ ստանձնել են ռազմավարությամբ նախատեսված խնդիրները լուծելու պարտականությունը: Այստեղ է, որ հնարավոր չի եղել ապահովել ադապտացման գործընթացը:

Հանձնաժողովը սկսել է գործել նոյեմբերի վերջից, սակայն օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում փոփոխությունների առաջարկ կա նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, քանի որ օրենքի պրակտիկ կիրառման ժամանակ ի հայտ են եկել բացթողումներ:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխություններ են ներկայացվել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից:

«Մենք բացում ենք օրենքը, որ կիրառենք, տեսնում ենք, որ դրա հետ կապված մեկ այլ օրենքում ժամկետը սպառվել է կամ առհասարակ կարգավորում չունի: Մենք անընդհատ այդ շրջապտույտի մեջ ենք»,-հավելում է Հայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը համաձայն չէ այն մտքի հետ, որ հանձնաժողովն արդեն ձախողել է իր աշխատանքը:

«Մենք ամենավերջինը կհանձնվենք կամ կհամաձայնենք այն մտքին, որ հանձնաժողովը ձախողել է, կամ ձախողելու է: Օբյեկտիվորեն, անկախ մեր շատ բարձր ակնկալիքներից և պատկերացումներից և հանրության սպասումներից, պետք է դիտարկել, որ սա օրինաչափ գործընթաց է: Հանձնաժողովը բաց է ցանկացած քաղաքացու առջև, նոր է ձևավորվում: Այն պատկերացումն ու ակնկալիքը, որ կա, թե եկել ենք ընդամենը գործող համակարգը շարունակելու, բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Հստակ է, որ սա ամբողջությամբ նոր ձևավորված կառույց է, թե իր տեխնիկական, թե բովանդակային գործառույթների առումով»,- նշում է Հայկուհի Հարությունյանը, հավելելով, որ այն գործողությունները, որ արել են այս ժամանակահատվածում ձախողման համար ցուցիչ չեն կարող հանդիսանալ: Ավելին, ըստ նրա՝ ճիշտ հակառակը, ավելին են անելու, քան ակնկալիքներն են:

Հայկուհի Հարությունյանն ասում է, որ ունեն վեցամսյա ժամանակահատվածի անհրաժեշտություն, որից հետո կարող են խոսել հանձնաժողովի հնարավոր ձախողման մասին, և այս պահին իրենց օրակարգից բացակայում է ձախողումը:

Այս տարի առաջին անգամ պաշտոնատար անձինք ներկայացնելու են նաև շահերի հայտարարագիր: Հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք՝ ունե՞ն բավարար գործիքակազմ հայտարարագրված տվյալների արժանահավատությունը և ամբողջականությունը ստուգելու, վերլուծելու համար:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ իրենք կաշկանդված են շահերի բախմանը վերաբերող օրենքով տրված ձևակերպումներից, սակայն այս պահին ամբողջ ծավալով արագ փոխելու հնարավորություն չկա, որպեսզի շահերի դասական արտահայտումը ձևակերպվի օրենքում և կարողանան տվյալների հավաքագրումն այդ սխեմայով իրականացնել: Սակայն, նշեց, որ այն սխեման, որ դրել են հայտարարագրի ձևանմուշի օրինակի մեջ և դրա լուծման էլեկտրոնային տարբերակով փորձելու են հնարավորության առավելագույնի չափով տվյալները ստանալ, իսկ  վերլուծության գործիքակազմը մնալու է նույնը, ինչ մյուս հայտարարագրերի մասով: Հույս ունեն, որ օգտվելով լրացուցիչ հարցումներ և ուսումնասիրություններ կատարելու իրենց հնարավորությունից՝ օրենքով չսպառած ձևակերպումը «կծածկեն» լրացուցիչ ուսումնասիրություններով և տեղեկատվության ստացումով:

Հանձնաժողովի նախագահի մտավախությունն այն է, որ գուցե հնարավոր չլինի ամբողջական տեղեկատվությունը ստանալ ավտոմատացված կարգով և ձեռքով աշխատանքը մեծ բաժին կկազմի, ինչի հետ կապված էլ փոքր ծավալ կկազմեն շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունները:

«Այստեղ մեզ համար կարևորը սկզբունքն է և ինստիտուտցիոնալ մոտեցումը: Եթե նույնիսկ 10 հայտարարագիր կարողանանք իդեալական տարբերակով վերլուծել,  կարծում եմ մնացած 9000-ը որևէ ձևով  տարբերակված մոտեցման չեն արժանանա: Այստեղ ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում, քան՝ քանակի»,- նշում է Հայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ շահերի հայտարարագրման վերլուծության հավաքագրման համար էլ ներդրվի ազդարարման ինստիտուտը: Այն հնարավորություն կտա դուրս մնացած շահերը ուշադրության կենտրոնում պահել նաև հանրության աջակցությամբ:

Հայկուհի Հարությունյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter