
Ստեղծվում է կոռուպցիոն հանցագործություններ քննող նոր մարմին
Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ կառավարությունը անհրաժեշտ է համարում ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը: Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը՝ հրապարակելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում:
Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության և նախաքննության կազմակերպման և իրականացման իրավասու պետական մարմին:
Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը: Բացի այդ, քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության:
Նշվում է, որ միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին բազմիցս բարձրացրել են այն հարցը, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է:
Օրենքի նախագծի հեղինակները փաստում են, որ մի շարք պետություններ ստեղծել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթով օժտված մարմիններ, որոնք, ընտրված մոդելների տարբերություններով հանդերձ, առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված սկզբունքներով: Մասնավորապես՝ Ուկրաինայում գործում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն, Լատվիայում՝ Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի բյուրոն, Կոսովոյում՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության մարմինը, Բելգիայում՝ Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական գրասենյակը, Խորվաթիայում՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կանխարգելման գրասենյակը, Ռումինիայում՝ Ազգային հակակոռուպցիոն ծառայությունը, Մալթայում՝ Կոռուպցիայի դեմ մշտական հանձնաժողովը և այլն:
Նախագծի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստճանաբար: Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած նոր կադրերի ներգրավման և այլ մարմիններից մասնագիտացված կադրերի փոխանցման եղանակով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային և արտամրցութային կարգով: Մասնավորապես, արդեն մասնագիտացված կադրերը՝ քննչական այլ մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչները, որոնք կբավարարեն ներկայացված պահանջներին, պետք է մասնակցեն Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտադիր պետք է ստուգի վերջիններիս բարեվարքությունը: Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում Կոմիտեի նախագահը պետք է կատարի համապատասխան նշանակումները: Նշանակվելուց հետո փոխանցված կադրերը պետք է անցնեն լրացուցիչ վերապատրաստումներ:
Առանձնակի ուշադրություն է դարձվում Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների ընտրության մրցութային կարգին, որն անմիջականորեն ուղղված է Կոմիտեի անկախության երաշխիքների ապահովմանը: Ի տարբերություն Հայաստանում գործող այլ քննչական մարմինների, Կոմիտեի ղեկավարի կազմի և ծառայողների թեկնածուները ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Այսպես, Կոմիտեի ղեկավար կազմի թեկնածուների ընտրության համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ, իսկ Կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության համար՝ մրցութային հանձնաժողով: Կոմիտեի նախագահը կազմավորելու է մրցութային հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմավորվելու է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, 3-ը` պետական ծառայողներ, իսկ 1-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:
Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահի ընտրությանը՝ հարկ է նշել, որ նախագծով առաջարկվում է Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորել մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվելու է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից։ Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավում են երեք միջազգային փորձագետ:
Նախագծով առաջարկվող մրցույթը թե՛ Կոմիտեի ղեկավար կազմի, թե ծառայողների թեկնածուների ընտրության դեպքում, կազմված է լինելու փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրության, հարցազրույցի, բարեվարքության ստուգման, արդյունքների ամփոփման փուլերից: Կոմիտեի բոլոր աշխատակիցները նախքան նշանակվելն անցնելու են բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրություն
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնելու նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը, հրապարակելու է տեղեկատվություն իր գործունեության մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Նախագծով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը:
Մեկնաբանել