HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». 19-ամյա զինծառայողի ծնողները պնդում են, որ որդին ինքնասպանության չի դիմել

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասերից մեկում փետրվարի 20-ին ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի ծնողները վերջին երկու օրերին նամակներով դիմել են արդեն պետական բոլոր մարմիններին, սակայն առայժմ որևէ տեղաշարժ չկա: Զինվորական դատախազությունը, նրանց համոզմամբ, ցանկանալով կոծկել գործը, դեպքը նախաքննությամբ տանելու է և արդեն իսկ ներկայացնում է որպես ինքնասպանության փորձ, մինչդեռ իրենք համոզված են, որ Հրաչիկը ինքնասպանություն գործելու պատճառ չի ունեցել:

«Հայացքի» հետ զրույցում զինվորի ծնողները ներկայացրին որդու հետ պատահածը` ըստ իրենց ունեցած տեղեկությունների:

Փետրվարի 20-ին Խլղաթյաններին են զանգել Արարատի զինկոմիսարիատից և հայտնել են, որ իրենց որդին կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Ծնողները Ղարաբաղ էին ուղևորվել` արդեն մտածելով, որ որդին չկա, սակայն, բարեբախտաբար, առաջին բուժօգնության բժշկին հաջողվել էր փրկել տղայի կյանքը, սակայն վերջինս ընկել էր կոմայի մեջ: «Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում է եղել, մտածում էինք` ողջ չի մնա, բայց Աստված մեզ հետ էր: Երկու օր անց էլ արհեստական շնչառությունն անջատեցին, և սկսեց ինքնուրույն շնչել, ասացին, որ արդեն կարող ենք Երևան տեղափոխել»,- պատմում է զինվորի մայրը` Արմինե Խլղաթյանը և հավելում, որ Ստեփանակերտի հոսպիտալից որդուն տեղափոխում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն այստեղ արդեն անսպասելի բան է տեղի ունենում: Կոմայից նոր դուրս եկած երեխային, որն ունի խնամքի կարիք, տեղափոխում են Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժին, որից հետո «թոքերի բորբոքում» ախտորոշմամբ տեղափոխում են նույն հոսպիտալի համապատասխան բաժին: Արմինե Խլղաթյանի խոսքով` այս ամբողջ ընթացքում ոչ-ոք իրենց թույլ չի տվել տեսնել որդուն, չի ասել, որ նա վնասվածքներ ունի գլխի և թևի վրա: Արմինե Խլղաթյանը համոզված է, որ համապատասխան արձանագրություն էլ չի կազմվել: Իսկ հոգեբուժարանում որդուն վերջապես հաջողեցրել է տեսնել ծանոթների միջոցով: Այդ ժամանակ էլ նկատել է որդու գլխի վրայի` ծոծրակից վերև երկու տեղից խոշոր ուռուցքներն ու դաստակի վրայի կապտուկը: «Երեխաս չի էլ հիշում, թե ինքնասպան է եղել. ասում եմ` ինչի՞ց հիվանդացար, ասում ա` մամ, ուշքս գնաց, ինձ էստեղ բերեցին, ինձ էստեղ ասացին, որ ես ինձ կախել եմ»,- պատմում է Արմինե Խլղաթյանը, իսկ տղայի հայրն ու հորեղբայրը հավելում են. «Հաշվի առնելով երեխայի պատմածը և նրա վրա առկա վնասվածքները` կարող ենք ասել, որ երեխային դրել են ծանր աշխատանքի, որը նա չի կարողացել կատարել, և նրա մոտ գերծանրաբեռնվածություն է առաջացել: Ծեծել են կամ այլ բան, չգիտեմ, հետո մտածել են, թե մահացել է, տարել կախել են, իսկ ինչ-որ երկու հոգի իջեցրել են նրան»:

Ծնողները պատմում են, որ Հրաչիկն այդ դեպքից մեկ շաբաթ առաջ հոսպիտալում պառկած է եղել, դուրս է գրվել, ու այդ շաբաթվա ընթացքում էլ կատարվել է այդ դեպքը: Այնտեղ անընդհատ բողոքել է, որ սիրտը լավ չի, շունչը կտրվում է, սակայն բժիշկներն ուշադրություն չեն դարձրել: Իսկ 19-ամյա զինծառայողի հայրն ու հորեղբայրը պատմում են, որ նախարարությունից վերջին օրերին իրենց մի գնդապետ է եկել տեսնելու ու ասել է, որ ինքնասպանության վայրում եղել է, դեպքի վայրի առաստաղն այնպիսի բարձրության է եղել, որ տղայի հասակն անգամ աթոռին բարձրացած լինելու դեպքում չէր բավականացնի ինքնասպանություն գործելու համար:

Հավելենք, որ զինվորի ինքնասպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու` 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նախաքննությունը դեռ ավարտված չէ:

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վեհարի (2) - Ճիշտ կոմենտ է: Մինչև վերևի եռյակը չփոխվի, ԻՐԱԿԱՆՈՒՄ բան չի փոխվելու: Վերևից ՉԵՆ ցանկանում ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ փոփոխություններ. իրենց ձեռք չի տալիս:
Վեհարի
Որպես կանոն ՊՆ Նախարարության քննիչները ձգտում են բանակի պատիվը բաձր պահելու ,,հայրենասիրական,, մղումով, քրեական գործերը կոծկելով փակել: Ակնհայտ է, նրանք իրենց ասխատավարձերը ստանում են հայրենասիրական կոծկումներ պահանջող վերադաս հրամանատարի` այսինքն Ս. Օհանյանի, Ս Սարգսյանի կողմից:
A.
gorz@ vonz haruzum ek,nenz el pakum ek.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter