HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն կասեցնում է «ծննդաբերական զբոսաշրջությունը»

Հունվարի 24-ից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել հղի կանանց ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելու մասին որոշումը, որոնք ծննդաբերելու նպատակով պատրաստվում են այցելել Միացյալ Նահանգներ։ Տեսականորեն, արգելքը չի տարածվում հղի այն կանանց վրա, որոնք պատրաստվում են այլ նպատակներով մեկնել Միացյալ Նահանգներ։ Օրինակ, խոսքը բարեկամներին այցելության կամ էլ գործարար հանդիպումների մասին է։ Այսուհետ, հյուպատոսության աշխատակիցները, մուտքի արտոնագրի տրամադրման հարցազրույցների ժամանակ, կանանց կարող են հարցեր տալ հղիության կամ ծննդաբերության պլանների մասին։

Պետքարտուղարությունն իր աշխատակիցներին արդեն ծանուցել է, որ հարցը որևէ դեպքում չի կարող հասցեագրվել բոլոր կանանց։ Բացի այդ, ո՛չ հարցազրույցի ժամանակ, և ո՛չ էլ սահմանին, ամերիկյան մարմինները կնոջը չեն կարող պարտադրել հղիության թեսթ անցնել։ Մուտքի արտոնագրի տրամադրման հարցաթերթերում կավելացվի բժշկական սպասարկման կամ այցելության նպատակ հանդիսացող բուժման մասին տողերը։ Այդ դեպքում արդեն մուտքի արտոնագիր ստանալու դիմած անձինք պետք է ներկայացնեն ապացույցներ, որ կարող են վճարել բժշկական ծառայությունների համար։ ԱՄՆ Պետքարտուղարությունում չեն նշում, թե արդյոք հյուպատոսարանների աշխատակիցները կտան հղիության վերաբերյալ հարցը՝ հիմնվելով կնոջ արտաքին տեսքի և ֆիզիոլոգիական փոփոխությունների վրա։

Այս որոշումը Պետքարտուղարությունը մեկնաբանում է որպես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ընդունված որոշում։ Ըստ Պետքարտուղարության՝ այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի համար վտանգ հանդիսացող երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին ներթափանցել երկիր։ Այդուհանդերձ հունվարի 23-ին լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, պետքարտուղարության ներկայացուցիչները դժվարացել են ներկայացնել մեկ դեպք, երբ առանձին ահաբեկիչներ կամ խմբավորումների ներկայացուցիչներ ծնունդներ են կազմակերպել ԱՄՆ-ում։

«Laura Devine International» ընկերության ավագ իրավաբան Գառնիկ Դուքմաջյանի կարծիքով որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։ Այն նպատակ ունի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ մոբիլիզացնել Թրամփի ընտրազանգվածին։ Ըստ Դուքմաջյանի՝ վերջին տարիներին «ծննդաբերական զբոսաշրջությունը» դարձել է այն հարցերից մեկը, որի նկատմամբ ամերիկյան հասարակության մեջ կա երկակի վերաբերմունք։

Համաձայն ԱՄՆ առողջապահության ոլորտի Ազգային վիճակագրական կենտրոնի տվյալների՝ 2018 թվականին ԱՄՆ-ում ծնվել է 3791712 երեխա (թիվը ներառում է նաև երկու և ավելի երկվորյակների ծննդյան դեպքերը)։ Զբոսաշրջային մուտքի արտոնագիր ունեցող մայրերից ծնված երեխաների վիճակագրություն, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն Պետդեպարտամենտում նշում են հազարավոր այդպիսի փաստերի մասին։

ԱՄՆ-ում երեխա ունենալը բավականին տարածված է նաև հայաստանաբնակների շրջանում։ Ոմանք ցանկանում են, որ իրենց երեխան ստանա ամերիկյան քաղաքացիություն, իսկ մյուսները վստահում են ամերիկյան բժշկությանը։ Երեխայի ամերիկյան քաղաքացիություն ստանալը հեռանկարային է ծնողների համար, չնայած այդ ճանապարհով քաղաքացիություն ստանալն այդքան էլ հեշտ գործընթաց չէ։ Ծնողները պետք է սպասեն երեխայի չափահաս դառնալուն, դիմեն գրին քարտի և անցնեն էմիգրացիոն համակարգի բոլոր փուլերով։

Այդուհանդերձ, Հայաստանը և ԽՍՀՄ նախկին հանրապետությունները գլխավոր ուղղությունները չեն, որտեղից մեկնում են ԱՄՆ ծննդաբերելու։ Ըստ իրավաբան Աննա Բրաունի, ԱՄՆ-ում հիմնականում ծննդաբերելու են մեկնում Չինաստանից, Մեքսիկայից և Ասիայի մյուս երկրներից։ Իրականում «ծննդաբերական զբոսաշրջությունը» եկամտաբեր բիզնես է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ նրա սահմաններից դուրս։ Այդպիսի ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունները գովազդում են իրենց ծառայությունները և ստանում հոնորար, ընդհուպ մինչև 80 000 ԱՄՆ դոլար՝ առաջարկելով ոչ միայն բժշկական ծառայություններ, այլև՝ կեցություն և խնամք։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ խստացրել էր մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, մերժվում են այն մարդկանց՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար մուտքի արտոնագրի դիմումները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն և ունեն ամերիկյան կառավարության օգնության կարիքը։

լուսանկարը՝ way2barak.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter