HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բաղանիսի դպրոցում 6 ամիս է՝ չեն կարողանում տնօրեն ընտրել

Տավուշի մարզի Բաղանիսի դպրոցում 6 ամիս է ՝ չեն կարողանում տնօրեն ընտրել: Տնօրենի պաշտոնը զբաղեցնել ցանկանում են դպրոցի երկու ուսուցիչներ՝ դպրոցի ֆիզիկա-ինֆորմատիկայի ուսուցիչ, փոխտնօրեն Սիլվա Իսրայելյանը և  ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալիկ Եդիգարյանը։  Սիլվա Իսրայելյանը պնդում է, որ մյուս թեկանծուն փորձում է խոչընդոտել իր՝ տնօրեն դառնալուն։ 

Դպրոցի նախկին տնօրեն Ալվարդ Բայրամյանի ժամկետն ավարտվել է, թափուր հաստիքի մասին հայտարարություն տարածվել է 2019թ․–ի նոյեմբերին։ Մրցույթին մասնակցելու, հավաստագիր ձեռք բերելու և տնօրեն դառնալու համար Սիլվա Իսրայելյանն անցել է համապատասխան քննություն, սակայն այս տարվա հունվարի 14-ի  ընտրությունը ձախողվել է, քանի որ թափուր հաստիքի մասին հայտարարությունը թերթերում հրապարակվել է տարբեր օրերի, որն էլ անհամապատասխանություն է առաջացրել։

«Մենք կոլեկտիվով քննարկել ենք, թե ով կարող է դառնալ տնօրեն, առաջարկել ենք տղամարդ ուսուցիչներին հայտ ներկայացնել, սակայն ոչ մեկը չի համաձայնել, հրաժարվել են, այդ թվում և Ալիկ Եդիգարյանը»,- ասում է Սիլվա Իսրայելյանը։

2019-ի նոյեմբերի 20-ին և 22-ին հայտարարությունը հրապարակվել է թերթերում։ Սիլվա Իսրայելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Ալիկ Եդիգարյանը փորձում է խանգարել թափուր հաստիքի համար նոր հայտ լրացնելուն՝ պնդելով, որ ինքը պետք է դառնա տնօրեն, սակայն Եդիգարյանը չի անցել որակավորման քննություն։

«Սպառնալիք է հնչեցնում, սոցցանցերով են գրում նրա ընկերները, աջակիցները խորհրդի նախագահին սպառնացել են՝ մինչև էդ տղեն չանցնի քննությունը, հայտարարություն չտարածեն, իսկ խորհրդի նախագահը գյուղի վարչական ղեկավարն է։ Ես փորձեցի կապվել Ալիկի հետ, ասել, որ դադարեցնի, ինձ ասաց՝ դու էս խաղից դուրս արի»,- պատմում է դպրոցի փոխտնօրենը։

Հարցը լուծելու համար Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր մոտ է հրավիրել ուսուցիչներին՝ հորդորել լուծել առաջացած վեճը։ Վերջինս ասել է, որ մրցույթը պետք է նորից անցկացնել և ամեն ինչ կարգավորել, իսկ մրցույթում՝ ով կհաղթի, նա էլ կդառնա տնօրեն։

«Azdarar.am» կայքում հունվարի 17-ին տեղադրվել է նոր հայտարարություն՝ «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, ըստ որի՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 3-ին։ Սիլվա Իսրայելյանը պատրաստվում է դիմումը նորից ներկայացնել։

Տնօրենի մյուս թեկնածու Ալիկ Եդիգարյանը «Հետքի» հետ զրույցում  նշեց, որ որևէ խնդիր ինքը չի տեսնում, հիմա փորձում է քննություններ տալ, դեռևս որակավորում չունի։ 

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դպրոցի տնօրենի պայմանագրրի ավարտից  հետո դպրոցի խորհուրդը հայտարարում է մրցույթ, իսկ մարզպետարանը մրցույթի բնականոն ընթացքն է ապահովում, վերահսկում։

«Դպրոցում լրացվում է հայտը, համապատասխան օրը ընթանում է մրցույթ և կնքվում պայմանագիր։ Օրինականության սահմաններն այս ընթացքում պետք է պահպանել և ցանկացած մարդ, ով ցանկանում է հայտ ներկայացնել և ունի համապատասխան փաստաթղթեր, պետք է կարողանա մասնակցել մրցույթին»,- նշեց Մանե Ղազումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter