HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրենքի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելի կլինեն պաշտոնյաների ու փոխկապակցված անձանց բանկային տվյալները

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը

Տիկին Հարությունյան, Հանձնաժողովը գործում է 2019թ. նոյեմբերի 26-ից, սակայն աշխատակազմը դեռ ձևավորված չէ: Կարողանու՞մ եք օրենքով վերապահված գործառույթներն իրականացնել:

Աշխատակազմը ձևավորված չէ, բայց հանձնաժողովը չի լուծարել և շարունակում է օգտագործել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը, թեև գործառութային առումով այն, ինչ իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որոշակի անհամապատասխանություններ և դժվարություններ կան: Այնուամենայնիվ, փորձում ենք օգտագործել և հենվել այդ ռեսուրսների վրա:

Բայց, եթե ազնվորեն ասեմ, հիմնական աշխատանքների գերակա մասն իրականացվում է հանձնաժողովի չորս անդամների կողմից: Օգտագործում ենք էթիկայի հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի գործառույթները և մասնագիտական կարողություններն ու հնարավորությունները, հայտարարագրերի բաժնի ներուժը մասամբ՝ հիմնականում ռեեստրների կամ նոր տվյալների ստացման առումով, բայց արդեն նոր հայտարարագրերի ձևանմուշների և ինստիտուտի նորացման մասով պատասխանատվության մեծ մասը հանձնաժողովի անդամներն են կրում:

Իսկ աշխատակազմի ձևավորումը ե՞րբ է նախատեսվում:

Աշխատակազմի ձևավորումը պայմանավորված է մեկ այլ առանցքային և կարևոր հարցի լուծմամբ, որը հանձնաժողովին տրամադրվելիք տարածքն է: Աշխատակազմի ձևավորման հետաձգումը մասամբ պայմանավորված էր դրանով, որ մենք աշխատակազմի հաստիքացուցակի նախագիծը կառավարություն չներկայացրինք, որովհետև դրանից հետո սկսվելու էր այդ մարդկանց աշխատանքի ընդունելու գործընթացը, և ֆիզիկական տեղակայման անհրաժեշտություն էր ծագելու: Իսկ մենք այս պահին այդ տարածքով ապահովված չենք: Այս պահին հանձնաժողովն ունի 5 աշխատասենյակ, որից մեկը օգտագործվում է հանձնաժողովի չորս անդամների կողմից՝ նույն տեղում նստելու համար, մնացածը բաշխված է էթիկայի հանձնաժողովի աշխատակիցների միջև: 

Երկրորդը՝ հանձնաժողովի համար սահմանված գործառույթները և այն մասնագիտական որակները, որոնք մեզ անհրաժեշտ են, և քաղծառայության այն սխեման, որ գոյություն ունի որոշակի ներդաշնակեցման կարիք ունի: Մենք այս պահին աշխատել ենք և ունենք երկու վարչությունների վերաբերյալ միջազգային փորձագետների տված կառուցվածքի և անհրաժեշտ աշխատակազմի նկարագրությունը, որի հիման վրա աշխատում ենք մյուս չորս վարչությունների աշխատակազմի կառուցվածքի, կառավարման պլանի ուղղությամբ: Բայց դա այն իդեալական տարբերակն է, որը հանձնաժողովը կուզենար ունենալ: Մեզ ժամանակ է անհրաժեշտ այդ իդեալականը ներպետական օրենսդրության և ազգային քաղծառայության խորհրդի պահանջներին ադապտացնելու համար, որպեսզի հաստատվի վերջիններիս կողմից և կարողանանք աշխատակազմը համալրել այդ սկզբունքով:

Մեր նախանշած տարբերակով մարտն է այն վերջնաժամկետը, որը նախատեսում ենք տարածքի և աշխատակազմի հարցը լուծման տարբերակով ունենալու համար:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով Հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակում է ընդունած որոշումները և եզրակացությունները, իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այլ տեղեկություններ, սակայն հանձնաժողովը դեռ կայք չունի: Ինչպե՞ս եք լուծում այդ հարցը:

Օգտագործելով ժամանակակից հրապարակման կամ գոյություն ունեցող էլեկտրոնային այլ հարթակները: Անմիջապես բացել ենք ֆեյսբուքյան էջ և փորձել ենք մեր ուժերի ներածին չափով աշխատել նաև լրատվամիջոցների հետ՝ ակնկալելով, որ եթե այդ տեսակի փաստաթղթերը հրապարակվեն գոնե մեկ լրատվամիջոցի կողմից և տարածում գտնեն, այդ բացը, որն իսկապես այս պահին կա, ինչ-որ չափով կլրացվի: Կարծես թե որոշակի առումով մեզ հաջողվել է: Դժվարը հայտարարագրերի հետ կապված գործընթացն է, որ կայքը և դրա բացակայությունն առաջացնում են դժվարություններ: Մնացած առումով, կարծում եմ, հանձնաժողովի հաղորդակցումը հանրության հետ, այլ հարթակների մասով կարողացել ենք գոնե նվազագույն չափով ապահովել:

Կայքի համար օգնություն ենք խնդրել միջազգային մեր գործընկերներից՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունից: Պայմանագիրն արդեն կնքվել է, մենք ունեինք նաև նախնական պայմանավորվածություն և, կարծում եմ, երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի տեխնիկապես գործող Էթիկայի հանձնաժողովի կայքը վերակազմակերպել որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայք և այդ բացը ևս լրացնել:

2019թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերն էլեկտրոնային համակարգում հասանելի չեն, քանի որ տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը հաստատելու վերաբերյալ կառավարությունը դեռևս որոշում չի ընդունել: Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը մինչ այս պահը որոշում չի ընդունել, և ինչպե՞ս է հանձնաժողովը հասցնելու մինչև մարտի 31-ն ընդունել հայտարարագրերի մեծ ծավալը:

Խնդիրը փոխկապակցված է: Նոյեմբերի 26-ից, երբ հանձնաժողովը սկսել է աշխատել, առաջինը, որպես աշխատանքային սեղանի անմիջական առաջադրանք մեզ համար եղել է հայտարարագրերի նոր ձևանմուշների վրա աշխատելը: Հայտարարագրերի ձևանմուշների առաջին տարբերակը կարողացանք արդեն գոյություն ունեցող տարբերակի վրա փոփոխությունների առաջարկով ներկայացնել արդարադատության նախարարություն դեկտեմբերի վերջին օրերին: Այնուհետև  անհրաժեշտություն առաջացավ դրա վրա նորից աշխատել: Մեկամսյա ժամկետը մեզ համար բավարար չէր, որպեսզի գոյություն ունեցող համակարգի վերաբերյալ պատկերացումներն այնքան լիարժեք ձևավորեինք, որ նոր ձևանմուշների մեջ հնարավոր բացերը կամ թերացումները շտկեինք: 

Մենք ինքներս ենք խնդրել արդարադատության նախարարությանը նորից ձևանմուշները մշակելու հնարավորություն տալ՝ պատասխանատվությունը վերցնելով մեզ վրա: Մինչև մարտի 31-ը ժամկետը հնարավոր է ենթարկվի փոփոխության միայն այն դեպքում, եթե մինչև փետրվարի 1-ը պատրաստ չունենանք:

Պայմանական վերցնում ենք պաշտոնատար անձանց 3-ամսյա ժամկետի մեկ ամիսը, որպես այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար հանձնաժողովին անհրաժեշտ ժամանակ, իսկ մնացած երկու ամիսը, կարծում եմ, բավարար է լինելու ամբողջն ապահովելու համար:

Պատասխանատվության մեծ մասը վերցրեցի մեզ վրա, բայց ձևանմուշը տեղադրվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում՝ առաջարկությունների, դիտարկումների համար, որի համար ևս օրենքով պարտադիր ժամկետ կա: Այդ ժամկետը ևս հոսեց ի վնաս մեզ: Ուշացման պատճառներից մեկը նաև դա էր: Բայց օբյեկտիվորեն ուշացման պատճառն այն է, որ մեր բովանդակային աշխատանքն ավելի կարճ ժամկետում անհնար էր իրականացնել:

Մարտի 31-ը պաշտոնատար անձանց համար հայտարարագրերի ներկայացման ժամկետն է, հանձնաժողովի համար վերլուծության ժամկետը սկսվելու է այն պահից, երբ պաշտոնատար անձի հայտարարագիրը բազայում հասանելի լինի: Եթե որպես վերջնաժամկետ ընդունենք մարտի 31-ը, այդ ժամկետից սկսած՝ մենք սկսելու ենք պարտադիր վերլուծության աշխատանքները, և դրա համար վերջնական ժամկետ ո՛չ օրենքով, ո՛չ էլ քաղաքականության տեսանկյունից սահմանված չէ: Հանձնաժողովն ազատ է՝ երբ և ինչ քանակությամբ հնարավոր է հայտարարագրերն ուսումնասիրել: Մեր առաջնային խնդիրներից մեկն այն է, որ նախկինում մեթոդաբանություն չի եղել, համակարգված և համակարգային մոտեցում չի եղել, թե ինչ ձևով են վերլուծվում հայտարարագրերը: Աշխատում ենք նաև այդ ուղղությամբ, որպեսզի լինի հստակ մեթոդաբանություն և կարողանանք հանրային հրապարակային հաշվետվությամբ հստակ  հաղորդակցել հանրությանը, թե կոնկրետ ինչու հենց այդ խմբի հայտարարագրերը, ինչու հենց այդ ժամկետում, ինչ խնդիրներ է հետապնդել հանձնաժողովը և այլն:

Ստացվում է, որ հնարավոր չի լինելու սեղմ ժամկետներում ապահովել հրապարակայնությունը, որովհետև այդ կարճ ժամկետում մեծ ծավալի տեղեկատվության ընդունման պարագայում դանդաղելու են վերլուծության և հրապարակայնության աշխատանքները:

Մենք բանակցում ենք տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության հետ, որպեսզի որոշ տվյալների համար ավտոմատ համախմբման հնարավորություն ունենանք: Ինչքանով կստացվի՝ թույլ տվեք այս պահին սպառիչ չասել, որովհետև աշխատանքներն ընթացքի մեջ են: Բայց առավելագույն նպատակն այն է, որ հրապարակայնության տեսանկյունից գոնե շահագրգիռ կազմակերպությունների, անհատների համար բազան դժվարություններ, խնդիրներ չստեղծի: Այսինքն՝ պաշտոնատար անձը ներկայացրեց հայտարարագիրը, օրենքով սահմանված ժամկետում դառնում է հրապարակային: Այդ մասով  որևէ խնդիր մենք չենք առաջացնում: Հակառակը, մեր ամբողջ միտումն այն է, որ ավտոմատացված կարգով եթե հնարավոր է դառնում գործող բազայի հիման վրա տվյալներ վերլուծել, մենք առաջ ենք անցնում, քան նախկինում է հնարավոր եղել՝ ակնկալելով, որ այդ մասով բաց չենք ունենա: 

Պետք է ընդգծեմ, որ սա պայմանավորված է ոչ թե մեր ցանկությամբ, այլ բազան, որի վրա հանձնաժողովը ստիպված է շարունակել իր աշխատանքները, ստեղծվել է դեռևս էթիկայի հանձնաժողովի գործունեության օրոք և, ի սկզբանե, տրված ծրագրային պատվերը գրված չի եղել տվյալների ավտոմատացված համակարգի տարբերակով: Ինքն ունի ընդամենը տվյալների մուտքագրման և պահպանության հնարավորություն, բայց ավտոմատացված ֆիլտրման և մեծ քանակով նույն հարցի վերաբերյալ պատասխան ստանալու հնարավորությունը շատ սահմանափակ է:

Բովանդակային առումով ի՞նչ էական տարբերություններ են լինելու հին և նոր նմուշի հայտարարագրերում:

Այս պահին ոչ թե խիստ բովանդակային են տարբերությունները, այլ տեղեկատվության ներկայացման ձևաչափի մասով է, որը լինելու է ոչ թե հայտարարագրերի մեջ, այլ հայտարարագրերի վերլուծության արդյունքում: Այդտեղ լինելու է բովանդակային փոփոխություն: Որպես ցայտուն օրինակ նմուշների մեջ խնդրել էինք, որպեսզի այս տարվա համար, ովքեր 2020թ.-ից են դառնում հայտարարատու, ներկայացնեն տարեկան հայտարարագրեր՝ ֆիքսելով այդ պահին ունեցած գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, գույքի վերաբերյալ տվյալներ են հավաքվելու նաև ամբողջ տարվա ընթացքում՝ ցանկացած գործարքի դեպքում: Նույնը վերաբերում է նաև դրամական միջոցներին և եկամուտներին: Ակնկալում ենք, որ անձն իր դրամական միջոցների ծագման աղբյուրների մասին ևս տեղեկատվություն պետք է ներկայացնի, ինչը նախկինում բացակայել է:

Ինչու ենք ուզում այս պահից ներմուծել, որովհետև մենք ունենք հայտարարատու պաշտոնատար անձանց մեծ խումբ, ովքեր առաջին անգամ են հայտարարատու դառնում, և եթե պայմանական նրանց գույքի և եկամուտների զրոյական վիճակը մենք ճիշտ չհայտարարագրենք և տվյալները ծագման աղբյուրի տեսանկյունից չարձանագրենք, ունենալու ենք այն իրավիճակը, որ X անձի մոտ Y քանակի գումարի վերաբերյալ հարցը միշտ մնալու է բաց: Ոչ միայն հանձնաժողովը, այլ որևէ այլ օբյեկտիվ դիտորդ դրա առնչությամբ հարցադրումներ անելու կամ ծագման հետ կապված հարցեր տալու հնարավորություններ չի ունենալու: Իսկ  մենք ուզում ենք այդ բացը լուծել, որ մեկընդմիշտ բոլորի համար հստակ լինի, թե պաշտոնատար անձի եկամուտները, դրամական միջոցները որտեղից են ծագել, և ինքը կարողանա դրա վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել:

Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր նախկինում հայտարարագրել են խոշոր գումարներ, որոնք գուցե գոյություն էլ չեն ունեցել, սակայն հայտարարագրերում նշվել են, որպեսզի ապահովագրվեն պաշտոնավարման ընթացքում, և ներկայումս ավելի քիչ են հայտարարագրում:

Ազգային ժողովի կայքում տեղադրված են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնցով ընդլայնվում են նաև հանձնաժողովի գործառույթները: Հանձնաժողովի համար հասանելի է լինելու բանկային գաղտնիքը: Հանձնաժողովը հայտարարագրերի ուսումնասիրության ժամանակ իրավունք կունենա բոլոր պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, բանկերից, արժեթղթերի բորսայից, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններից տվյալ անձի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ հարցումներ անել, ստանալ պատասխաններ: 

Հանձնաժողովը փորձելու է, և այս պահին էլ առանձին պաշտոնատար անձանց խմբերի համար օրենքով արդեն նախատեսված է, ներդնել բարեվարքության ստուգման համակարգը, որը վերաբերելու է դատավորի թեկնածուներին: Բայց ընդհանուր հայեցակարգն այնպիսին է, որ պաշտոն ստանձնող բոլոր անձանց համար լինելու է առաջադրանք՝ անցնել այդ բարեվարքության ստուգում, և դրա իրականացման լիազորությունը վերապահված է հանձնաժողովին: Բարեվարքության ստուգումն ավելի լայն է, քան հայտարարագրերը, ենթադրում է նաև անձի անցած ուղին, մասնագիտական գործունեությունից մինչև փոխկապակցված շահերը, վարքագիծը հանրային տիրույթում և ոչ հանրային տիրույթում և այլն: 

Պետք է շեշտադրեմ, որ անկախ այդ լիազորություններից, հիմնական պատասխանատվությունը և աշխատանքը հանձնաժողովի գործնականում իրականացման վրա է հիմնված և ցանկացած պարագայում, եթե հանձնաժողովը պասիվություն դրսևորի, ձեր մտահոգությունները, թե ինչպես է հանգուցալուծվելու, մնալու են չլուծված: Բայց այս պահին հանձնաժողովի չորս անդամները պատրաստ են, որ այդ աշխատանքները խիստ արդյունավետությամբ իրականացվեն:

Հայաստանյան բանկերի դեպքում տեղեկատվություն ստանալը ներպետական օրենսդրությամբ լուծվող հարց է, հանձնաժողովն ինչպե՞ս է տեղեկատվություն ստանալու արտասահմանյան բանկերից, քանի որ շատ պաշտոնյաներ հաշիվները տեղափոխել են այդ բանկեր: Նույնը վերաբերում է նաև անշարժ գույքին:

Դա հենց քննարկվող հարցերից մեկն է, և փորձում ենք հանձնաժողովի մասնակցությունը և անդամակցությունը միջազգային մակարդակում գործող մի քանի հարթակներում ապահովել, որպեսզի դրսում գործող տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովենք:  Այս պահին թույլ տվեք շատ մանրամասներ չասել, թե ում, ինչ սխեմաներով, բայց առաջադրանքը մեզ համար հստակ է, որ չենք սահմանափակվում միայն ներպետական տեղեկատվական բազաներով, այլ ընդլայնում ենք թե՛ գույքի, թե՛ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:

Հուսով ենք՝ միջազգային առումով մեծ ծավալ կծածկի հենց ՄԱԿ-ի շուրջ ձևավորված տարբեր մարմինների հետ համագործակցությունը: Ակնկալում ենք, որ անդամակցությունը կապահովի տվյալների հասանելիությունը, կամ կձևավորվի համագործակցություն, որ կարողանանք դիմել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Իրավական հիմքերը կան, դրա իրականացման համար պետք է ակտիվ աշխատենք:

Շատ կարևորում ենք և շարունակելու ենք համագործակցությունն ինտենսիվացնել հետաքննող լրագրողների հետ, ինչու չէ նրանցից սովորել գործիքակազմի օգտագործման հմտությունները, որով աշխատում են, և կա կիրառման փորձ: Ինչու չէ՝ օգտվել նաև այն բազաներից, որ օգտագործում են հետաքննող լրագրողներն իրենց ուսումնասիրությունների ժամանակ և տվյալների արժանահավատության խնդիր չի առաջացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter