HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման նոր ծրագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մշակել են Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման նոր նախագիծ։

Թրամփի խոսքերով՝ 80 էջանոց նախագիծը ենթադրում է, որ Իսրայելի մայրաքաղաքը պետք է լինի «անբաժանելի» Երուսաղեմը։ Ընդ որում, Թրամփը հավելել է, որ Պաղեստինի ապագա հանրապետության մայրաքաղաքը նույնպես պետք է տեղակայված լինի Արևելյան Երուսաղեմում։ Նախագծի ներկայացման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է․

«Իմ տեսլականը շահավետ է երկու կողմերի համար էլ․ իրական որոշում, որի հիմնքում ընկած է երկու պետությունների ստեղծումը։ Վերջինս ապահովելու է Իսրայելի անվտանգությունը՝ նպաստելով նաև Պաղեստինի պետականության ստեղծմանը։ Այսօր Իսրայելը հսկայական քայլ է կատարել դեպի խաղաղություն։ Երեկ վարչապետ Նեթանյահուն ինձ տեղեկացրել է, որ ցանկանում է այս տեսլականը դարձնել պաղեստինցիների հետ ուղղակի բանակցությունների հիմք։ Սա պատմական առաջընթաց է»։

Թրամփը նաև հայտարարել է, որ նախագծի իրականացման արդյունքում ո՛չ իսրայելցիները, և՛ ոչ էլ պաղեստինցիներն ստիպված չեն լինի լքել իրենց տները։

Մինչ այդ՝ հունվարի 27-ին, հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Թրամփի առաջարկի։ Հետաքրքրականն այն է, որ ցույցերը կազմակերպվել էին այն ժամանակ, երբ դեռ նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ չէր դրվել։ ԱՄՆ նախագահի ելույթից հետո Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Երուսաղեմը չի վաճառվում, իսկ Թրամփի և Նեթանյահուի գործարքը Պաղեստինի ժողովուրդը նետում է պատմության աղբարկղը։ Աբբասը նաև հայտարարել է․

«Մենք ծնկի չենք գա և չենք հանձնվի։ Դավադրությունները, գործարքները և նախագծերը, որոնք ուղղված են Պաղեստինի հարցի չեզոքացմանը, դատապարտված են ձախողման»։

Աբբասը նաև ընդգծել է, որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, սակայն ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ առավել ևս Թրամփի նախագծի շուրջ, այլ՝ մերձավորարևելյան բոլոր դերակատարների հետ։ Աբբասը վստահ է, որ պաղեստինցիները շարունակում են պնդել իրենց պետության անկախությունն այն սահմաններով, որոնք առկա էին 1967 թվականին։ Իսրայելը կտրականապես դեմ է այդ պահանջին։

Ինչ պետք է անել բնակավայրերի հետ

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Իսրայելն առաջին անգամ համաձայնել է մշակել «հայեցակարգային քարտեզ», որը պատկերում է այն տարածքային փոխզիջումները, որոնց շուրջ պետք է բանակցի ինքը՝ հաշվի առնելով տարածաշրջանի շահը։ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է հետևյալ քարտեզը․

Թրամփի ելույթից հետո Նեթանյահուն հասկացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է ճանաչել Իսրայելի իրավունքը՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բնակավայրերի նկատմամբ։

Reuters գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են Թրամփի նախագծի մանրամասներին, տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը։ Նախագծով սահմանված է, որ Իսրայելը, չորս տարի շարունակ, կսառեցնի նոր բնակավայրերի կառուցման գործընթացը, երբ կընթանան Պաղեստինի պետության ստեղծման բանակցությունները։

Ինչպես հայտարարել է Թրամփը, խաղաղության պլանը ենթադրում է, որ պաղեստինյան տարածքները գրեթե կկրկնապատկվեն, իսկ Հորդանանի արևմտյան ափը չի բաժանվի երկու մասերի։ Ներկայումս պաղեստինյան տարածքները բաղկացած են երկու մասերից, որոնք չունեն ընդհանուր սահման։ Գազայի հատվածը վերահսկում են ՀԱՄԱՍ խմբավորման ուժերը, իսկ Հորդանանի արևմտյան ափը, որտեղ տեղակայված է նախագահ Մահմուդ Աբբասի վարչակազմը, գտնվում է իսրայելական զորքերի հսկողության տակ։ ՀԱՄԱՍ խմբավորումն արդեն հայտարարել է, որ մերժում է Թրամփի առաջարկը։

BBC-ին հայտնի են դարձել նախագծի որոշ մանրամասներ. 

  • այսպես, ըստ Թրամփի նախագծի, պաղեստինցիները պետք է հրաժարվեն բռնությունից և դադարեցնեն այն ընտանիքների ֆինանսավորումները, որոնց ներկայացուցիչները հարձակումներ են գործում իսրայելցիների վրա, 
  • Թրամփը խոստացել է 50 միլիարդ դոլարի ներդրում՝ նորաստեղծ Պաղեստինի հանրապետության տնտեսության մեջ։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ներդրումների արդյունքում Պաղեստինում կստեղծվեն շուրջ 1 միլիոն նոր աշխատատեղեր,
  • Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան կարգավիճակը, որտեղ գտնվում են մուսուլմանների և հուդայականների սրբավայրերը, պետք է մնա անփոփոխ։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման այս նախագծի հեղինակը Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն է։ Մինչ նախագծի հրապարակումը՝ համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներ ենթադրում էին, որ այն խիստ պրոիսրայելական է, որը նվազագույնս հաշվի է առնում պաղեստինյան կողմի շահերը։ Դրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Պաղեստինի ազգային վարչության ղեկավարությունը չի հրավիրվել Վաշինգտոն՝ փաստաթղթի ներկայացման արարողությանը։ Վաշինգտոնից Նեթանյահուն կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Թրամփի խաղաղարար պլանը և Իսրայելի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Օսլոյի գաղտնի բանակցություններ

Կողմերը հակամարտության կարգավորմանը ամենամոտը եղել են գրեթե 30 տարի առաջ՝ 1993 թվականին, երբ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի էին ունենում գաղտնի բանակցություններ։ Բանակցությունները տեղի են ունեցել մի կողմից Շիմոն Պերեսի, որն այդ ժամանակ եղել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը, մյուս կողմից՝ Մահմուդ Աբբասի միջև, որն էլ Պաղեստինի ազգային վարչության կառավարության ղեկավարն էր։ Կողմերի միջև առաջին համաձայնագիրը կնքվել է 1993 թվականի օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերի սկզբին Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը և Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆաթը փոխանակվել են փոխադարձ ճանաչման մասին բարեկամական նամակներով։ Այդ ընթացքում Իսրայելը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը ճանաչել է որպես բանակցություններում պաղեստինցիների շահերը ներկայացնող լեգիտիմ կողմ։

1993 թվականի սեպտեմբերին Սպիտակ տան հարակից մարգագետնում արվել է պատմական լուսանկար, որտեղ Ռաբինը և Արաֆաթը, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ներկայությամբ, փոխանակվել են ձեռքսեղմամբ։

Որոշ ժամանակ անց, սակայն, իսրայելական աջ ծայրահեղական թևի ներկայացուցիչներից մեկը Թել Ավիվում սպանել է Իցհակ Ռաբինին, ինչի հետևանքով բանակցությունները դարձյալ մտան փակուղի։

Գլխավոր լուսանկարը՝ REUTERS/Ronen Zvulun/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter