HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետին. նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Էլեկտրիկ Երևան անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2015 թվականի հունիսի 23-ին` ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում, Ա. Ա.-ն ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին` էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին:

Քրեական գործից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք այլ դրվագներով ևս հնարավոր է եղել ձեռք բերել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի  2-րդ մասով, 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել  ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter