
Բողոքի ցույց - «Ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում»
Մարտի 3-ին լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը: Այս օրերի ընթացքում չնայած այգու պաշտպաններին հաջողվեց կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, այնուհանդերձ, քաղաքապետարանի կողմից շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում չընդունվեց:
Քաղաքային իշխանություններին ուղղված մեր գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի: Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին՝ ժամը 3-ին, Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն մեր երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը՝ հիմք ընդունելով մեր սահմանադրական իրավունքները: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Մեր մասնակցությամբ ապացուցենք, որ մենք ենք տերը հանրային սեփականություն հանդիսացող տարածքի և մեր սահմանադրական իրավունքների: Հիշենք, որ հանրային ուղղորդման և ծանր ճնշման պարագայում ապամոնտաժումն ու իրավունքների վերականգնումը անխուսափելի է: Ուստի մարտի 3-ին՝ ժամը 3-ին, բոլորս դեպի Մաշտոցի պուրակ:
Ռուզաննա Գրիգորյան
ակտիվիստ
Մեկնաբանել