Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք:
Տավուշի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Վ. Փիրումյանը:
2019 թվականի ընթացքում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի <<911>> տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 61697 զանգ (2018 թ.՝ 61331), որից 848-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ (2018 թ.՝ 363), 105 դեպքում իրականացվել է տեղեկատվության փոխանցում այլ ծառայությունների: Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 12 (2018 թ.՝ 4), վիրավորվել` 96 (2018 թ.՝ 50) մարդ:
2019 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցված արտակարգ դեպքերը 2018 թվականի համեմատությամբ աճել են 485-ով կամ 133,6 %-ով, զոհերի թիվը աճել է 8-ով կամ 200 %-ով, իսկ վիրավորների թիվը աճել է 46-ով կամ՝ 92 %-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:
Աշխատանքներ են իրականացվել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով մարզի ղեկավար կազմի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու ազգաբնակչության, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ծառայողների հետ ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը, արտակարգ դեպքերի արձագանքման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հաշվի առնելով մարզում տարերային և տեխնածին աղետների սպառնալիքները, իրականացվել են դրանց կանխատեսման, կանխարգելման ու հետևանքների նվազեցմանն ուղղված մի շարք միջոցառումներ, կատարվել է Գետահովիտ համայնքում սողանքային գոտու սողանքային մարմնի տեղաշարժի մոնիտորինգ:
Բնակավայրերն ու տնտեսական արժեք ներկայացնող տարածքներն ու բնակչության գույքը՝ գետերի ջրերի վարարումների և սելավների ռիսկերից պաշտպանելու նպատակով, առաջարկություններ և վթարային շենքերի վերաբերյալ տվյալներ են ներկայացվել Փրկարար ծառայություն, հավաքագրվել և վերլուծվել են մարզի տարածքում գարնանային վարարումների ժամանակահատվածում գետերի հոսքերի վերաբերյալ տվյալները:
Գնդապետ Փիրումյանը առաջարկներ ներկայացրեց առկա ապաստարանների վերանորոգման և անհրաժեշտ գույքով ապահովման, սահմանամերձ համայնքներում ապաստարանների, թաքստոցների կառուցման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև համայնքներում բնակչության շրջանում քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերի ուսուցման կազմակերպման վերաբերյալ:
Մարզային ստորաբաժանումների կողմից արտակարգ իրավիճակների, դեպքերի օպերատիվ արձագանքման, հրդեհաշիջման մարտավարական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով առաջարկվեց շարունակել հետևողական աշխատանքները՝ մարզի սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հրշեջ-փրկարարական ջոկատների և փրկարարական հենակետերի փրկարարական ծառայողների ուսուցման կազմակերպման և փրկարարական տեխնիկայով ու գույքով ապահովման ուղղությամբ:
Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է համայնքներում կառուցել ջրավազաններ, հարմարեցված հարթակներ և հրշեջ հիդրանտներ, ինչպես նաև խոտածածկ տարածքներում կազմակերպել չոր խոտի վերահսկվող այրում:
Անհրաժեշտ է թարմացնել նաև մարզային փրկարարական վարչության ավտոպարկը, այն համալրելով առավել ժամանակակից և մոբիլ մասնագիտացված ավտոմեքենաներով: Մասնավորապես կարիք կա Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատին տրամադրել երկու ամենագնաց հրշեջ ավտոբաք, Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատին՝ մեկ ամենագնաց հրշեջ ավտոբաք, Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատին ՝ մեկ ամենագնաց հրշեջ ավտոբաք և մեկ մեծ տարողությամբ հրշեջ ավտոբաք, իսկ Տաուշի հրշեջ փրկարարական ջոկատին՝ մեկ մեծ տարողությամբ հրշեջ ավտոբաք և մեկ փրկարարական ամենագնաց մեքենա:
Հրշեջ-փրկարարական ջոկատները անհրաժեշտ է նաև համալրել շարժական կապի ժամանակակից միջոցներով, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով:
Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ, փրկարարական վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել