HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019-ին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,8%-ով

2019 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.8%-ով աճել է 2018 թվականի համեմատ։ Ինչպես երևում է Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) քիչ առաջ հրապարակած տվյալներից, աճը գրանցվել է ի հաշիվ ծառայությունների, առևտրի, արդյունաբերության և որոշ չափով էլ՝ շինարարության։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկումը շարունակվել է։

Մասնավորապես, 2019 թվականին Հայաստանի արդյունաբերության ոլորտի ամբողջ արտադրանքը կազմել է 2 տրլն 104 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9%-ով։

Ներքին առևտրի ծավալները կազմել են 3 տրլն 249 մլրդ դրամ՝ աճելով 8.9%-ով։

Ծառայությունների ծավալը կազմել է 2 տրլն 62 մլրդ դրամ՝ աճելով 15%-ով։

Ոչ մեծ աճ է գրանցվել նաև շինարարության ոլորտում։ Շինարարության ծավալները 2019 թվականին կազմել են մոտ 435 մլրդ դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 4.6%-ով։

Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկումը, որը սկսվել է դեռևս 2016 թվականից, շարունակվել է նաև 2019 թվականին։ Մասնավորապես, 2019 թվականաի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 853 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4.2%-ով։

Եթե փորձենք 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշներն համեմատել ըստ ամիսների, ապա՝ ամենաբարձր աճը գրանցվել է դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ (10.7%), իսկ ամենացածր աճը՝ հունիսին (3.5%):

Հաշվի առնելով այն փաստը, որ տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի աճի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը գրեթե նույնն են լինում, կարելի է արդեն ենթադրել, որ տնտեսական աճը 2019 թվականի տվյալներով 7.5-8%-ի սահմաններում է լինելու։ Հիշեցնենք, որ ՀՆԱ-ի աճն ու ՏԱՑ-ի աճը տարբեր ցուցանիշներ են, սակայն սովորաբար դրանք մոտ են լինում և երկուսն էլ արտահայտում են երկրի տնտեսության աճի տեմպերը։ Ասելով տնտեսական աճ՝ հիմք ենք ընդունում ՀՆԱ-ի աճը, որի 2019 թվականի տվյալներով, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս տարվա փետրվարի վերջում։

 Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը ամենաբարձր աճը 2019 թվականին է։ 2012 և 2017 թվականների աճը մոտ է այս մակարդակին։ Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին։

2019-ին արտաքին առևտուրն աճել է 10.4%-ով

 2019 թվականի ընթացքում Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունն աշխարհի հետ կազմել է 8 մլրդ 154 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 10.4%-ով։

Այս ընթացքում ներմուծումը փոքր-ինչ ավելի արագ է աճել, քան արտահանումը։ Մասնավորապես ներմուծումը կազմել է 5 մլրդ 514 մլն դոլար՝ աճելով 10.8%-ով։ Իսկ արտահանումը կազմել է 2 մլրդ 640 մլն դոլար՝ աճելով 9.4%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter