ՌԴ դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է Քննչական կոմիտեին Խաչատուրյան քույրերի մեղադրանքը սպանությունից վերաորակել անhրաժեշտ պատշպանության։ Այդ մասին հայտարարել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։ Նրա խոսքերով՝ Քննչական կոմիտեն արդեն պետք է դադարեցնի քրեական գործը։
«Քննչական կոմիտեն պետք է կատարի դատախազության մի քանի լրացուցիչ ցուցումներ, որոնց իրականացմամբ էլ հիմա զբաղվում է կառույցը։ Մենք սպասում ենք, թե երբ կիրականացվի վերաորակումը»,- հավելել է Լիպցերը։
«ТАСС» գործակալությանն էլ փաստաբան Ալեքսեյ Պարշինն հայտնել է, որ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ հետաքննության եզրակացությունները «հիմնավորված չեն հավաքված ապացույցների համապարփակ և համակողմանի գնահատման վրա և չեն համապատասպանում տեղի ունեցած փաստական հանգամանքներին»։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները 2018 թվականի հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեևյան մայրուղու 56 շենքի իրենց բնակարանում սպանել էին հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, որի մարմինը հայտնաբերվել էր բազմաբնակարան շենքի աստիճանների վրա։ Տարբեր տվյալներով՝ աղջիկները հորը հասցրել էին դանակի 36-45 հարվածներ։ 2019 թվականի հունիսի 14-ին ՌԴ Քննչական կոմիտեն առաջադրել է մեղադրանք կանխամտածված սպանության համար, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ հանցավոր խմբի կողմից (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետ)։ Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները հայտնվել էին անելանելի վիճակում՝ հոր կողմից դրսևորված բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Լրացուցիչ փորձաքննության արդյունքում էլ պարզ էր դարձել, որ հոր ոտնձգություններից տուժել է աղջիկների առողջությունը։ Ընդ որում, հայրն ունեցել է աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում, իսկ դուստրերից մեկին էլ բռնությամբ պարտադրել սեռական մերձեցում։
Լուսանկարը՝ The Armenian Mirror-Spectator
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել