HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինչպես պլաստամասսե շիշը դարձավ «հայոց հարցը»

Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասի պայմանագրային զինծառայող,  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը մեկնարկեց 2011 թ. աշնանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հետո արտագնա նիստեր էին լինում Երեւանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, այս տարվա հունվարից  դատավարությունը տեղափոխվել է Իջեւան:

Փետրվարի 28-ին սույն գործով հերթական նիստն էր: Ներկա էին գործով  5 ամբաստանյալները` գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, ժամկետային զինծառայողներ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Հարութիկ Կիրակոսյանը, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ  Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը,  բացակայում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը, պաշտպան Ազատ Շահբազյանը:

Այս գործը հասարակական մեծ արձագանք է ստացել, սակայն  լրատվամիջոցները  դատարան թղթակից չեն ուղարկում, նիստին ներկա միակ լրագրողը տողերիս հեղինակն էր:

Նիստի սկզբում  ներկայացվեցին գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքներով տեսաերիզները: Վերջինս որպես հիվանդ  չի ներկայանում դատին: Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Ալվարդ Մնացականյանը եւ Լեւոն Պողոսյանը Արման Մնացականյանի  նախաքննական տեսագրված ցուցումները համարեցին քննիչի հուշումով կամ նրա կողմից գրված, ոչ հավաստի ցուցմունքներ եւ դատարանին միջնորդեցին դրանք համարել անթույլատրելի ապացույց, չդնել կայացվելիք դատավճռի հիմքում: Մեղադրող Հայկ Հարոյանն էլ կրկնեց նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ իր հնչեցրած այն արտահայտությունը, որ նախաքննություն կատարած քննիչը քարտուղարուհի չէ, որ բառացի գրառեր վկայի ցուցմունքները:  

Այնուհետեւ  դատարանում ցուցմունք տվեց  ավագ սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Արտակ Հովհաննիսյանը: Վերջինս ներկայացրեց իրենց ստորաբաժանումում տիրող անառողջ մթնոլորտը: Արտակ Հովհաննիսյանի խոսքերով` Արտակ Նազարյանի նկատմամբ կապիտան Հակոբ Մանուկյանը  ոչ կանոնադրական վերաբերմունք է ունեցել:  Հ. Մանուկյանին զայրացրել է այն, թե  ինքը սպա դառնալու համար 4 տարի դժվարություններ է կրել ռազմական բուհում, իսկ Արտակ Նազարյանը սպա է դարձել մեկ տարվա կուրսերով:  

Վկան պատմեց, որ դիզվառելիք ստանալու եւ հարեւան հենակետեր այն ուղարկելու համար լեյտենանտ Արտակ Նազարյանն օգտագործել է կապիտան Հակոբ Մանուկյանի պլաստմասսե շիշը: Այդ շիշն Արտակ Հովհաննիսյանի խոսքերով` «դարձավ հայոց հարցը»: Վկայի խոսքերով՝  լեյտենանտ Նազարյանը շշի պակասը չլրացնելու դեպքում կարող էր դառնալ «ֆուֆլո»:

Մեղադրող Հարություն Հարությունյանը հարցերով փորձում էր պարզել այդ բառի իմաստը: Արտակ Հովհաննիսյանը բացատրեց, որ «ֆուֆլո» նշանակում է վատ մարդ, որ  «ֆուֆլո» դառնալու դեպքում Արտակ Նազարյանի հետ ծառայակիցները նիստուկաց չէին անի: Լեյտենանտ Արտակ Նազարյանը ստիպված լքել է մարտական հենակետը, գնացել Չինարի գյուղ եւ դատարկ շշեր բերել: Դրանից հետո կապիտան Հ. Մանուկյանը Արտակ Նազարյանից բացատրություն է պահանջել, թե ինչու է վերջինս լքել մարտական հենակետը:

Հ. Մանուկյանի պահվածքից զայրացած Արտակ Նազարյանը կապիտանի արարքը բնութագրել է հայհոյանքով: Այդ բառի համար «օտչյոտ» տալու ժամանակ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի  ներկա լինելու համար  Հ. Մանուկյանը հարեւան ` «Լույս» հենակետ է ուղարկել 2 զինվորի: Արտակ Հովհաննիսյանի եւ զինվորների ներկայությամբ կապիտան Մանուկյանը հարվածել է Արտակ Նազարյանին, վերջինս էլ որքան կարողացել է` դիմադրություն է ցույց տվել, Արտակ Նազարյանի քթից արյուն է  հոսել:

Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը փորձում էր  վկայից  ճշտել այդ կռվի ժամանակ Վահագն Հայրապետյանի գործողությունները: Վկան ասաց, որ նա «անկանոն շարժումներ էր կատարում»: Վկան հայտնեց, թե նա փորձում էր անջատել կռվողներին, մի դեպքում էլ ասաց, որ այդ նպատակով բռնել էր Արտակ Նազարյանի թեւերը: Նրա խոսքերով` այդ դեպքից հետո Արտակ Նազարյանի ենթակա, ներկայումս ամբաստանյալ զինվորները սկսել են ծաղրանքով վերաբերվել նրան:

Արտակ Հովհաննիսյանը դատարանում հայտնեց, որ Նազարյանի հանդեպ նման վերաբերունքի համար ինքը այդ 3 զինվորներին զգուշացրել է, որ նրանք կարող են դատվել: Ամբաստանյալ զինվորները դատարանում վկայի այդ խոսքերը լսելիս քմծիծաղ էին տալիս: Մխիթար Մխիթարյանը, ում եւ Արտակ Նազարյանի միջեւ վիճաբանության մասին վկայություն տվեց Արտակ Հովհանիսյանը, ռեպլիկներով վիրավորում էր վկային, ինչի կապակցությամբ մեղադրող Հ. Հարությունյանը Մխիթարյանին հանդիմանեց.

-Շատ համարձակ ես:

Վերջինս էլ հակադարձեց.

-Դու էլ երկու տարի բերդում նստեիր, համարձակ կդառնայիր:

Նիստի  ժամանակ լարվածություն ծագեց նաեւ դատավոր Սամվել Մարդանյանի եւ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջեւ: Պաշտպանը դատավորին մեղադրում էր մեղադրող կողմին օժանդակելու մեջ, վերջինս էլ պաշտպանին կոչ արեց «չափի մեջ մնալ»:  Մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը շարունակում էին վկային հարցեր տալ, երբ աշխատանքային օրն ավարտվեց: Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկա Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Այն նշանակված է մարտի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter