
Գառնիի մարզամշակութային կենտրոնում ֆրանկոֆոնիայի անկյուն բացվեց
Գառնիի մարզամշակութային կենտրոնի գրադարանում՝ կարմիր ժապավենով առանձնացված հատվածում, այսուհետ ֆրանկոֆոնիայի անկյունն է գործելու: Կենտրոնի տնօրեն Մետաքսե Պետրոսյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն հունվարի 30-ին կարմիր ժապավենը կտրելով՝ ազդարարեցին ֆրանկոֆոնիայի անկյան բացումը:
«Իմ ողջ կյանքի ընթացքում աշխատել եմ չկենտրոնանալ մայրաքաղաքում, այլ մարդկանց ուշադրությունը ապակենտրոնացնել այլ վայրերին: Ֆրանսերենը Շվեյցարիայի պաշտոնական լեզուն է, և անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո որոշեցինք ընդլայնել մեր աջակցությունը ձեր երկրում: Գառնին Հայաստանի նշանավոր և հեղինակություն վայելող վայրերից է, և ուրախ ենք մեր համատեղ աշխատանքի համար»,- հայտնեց դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն՝ իր ողջույնի խոսքում:
Գրապահարանում դասավորված ժամանակակից ֆրանսալեզու գրականությունը, ճանաչողական ամսագրերը, ուսումնական տեսաֆիլմերը, տպիչն ու լուսանկարչական ապարատը դեսպանատան առաջին նվերներն էին Գառնի համայնքին: Դեսպանը խոստացավ Ֆրանկոֆոնիայի անկյունը պարբերաբար համալրել նոր գրականությամբ:
Գառնիի դպրոցներում Ֆրանսերեն լեզուն ավանդաբար դասավանդվել է և շարունակում է մնալ դասավանդվող հիմնական օտար լեզուն: Ուսուցչուհիների աջակցությամբ դպրոցականները եւ մարզամշակութային կենտրոնի սաները գեղեցիկ կատարումներ էին պատրաստել. Ֆրանսիական երաժշտության ներքո նրանք հանդես եկան պարային յուրօրինակ բեմականացված կատարումներով, հնչեցրին ֆրանսիացի և հայ պոետների ստեղծագործություններն ու երգերը:
Գառնիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Մետաքսե Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց պրն Լազզարոտտոն՝ ֆրանկոֆոնիայի անկյունը բացելուն աջակցելու համար: Նշեց, որ գրադարաններում ընդունված է տարբեր երկրների անկյունների բացումը, այն տվյալ երկրի լեզվին, գրականությանն ու մշակույթին հաղորդակցվելու ձևերից մեկն է: Տնօրենը հուսով է, որ նվիրաբերված գրականությունն ու ուսումնական նյութերը կհարստացնեն և կգեղեցկացնեն երեխաների ֆրանսերենը: Մ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Գառնիի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին՝ միջոցառմանն ակտիվ ներգրավվելու և իրենց ստեղծագործ աշխատանքով դահլիճին գեղագիտական հաճույք պատճառելու համար:
Մեկնաբանել