HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Սիմոնյան․ «Որոնումներ»

(հատվածներ անտիպ տեքստից)

Երևանն իբրև հուշ՝ պաստելային մեղմ լուսավոր գույներով ու թեթև փետրավոր եզերքով, գողտրիկ բակերից արձագանքվող նարդու քարերի շրխկոցով ու խաղաղ, ալարկոտ զրույցներով` անհոգ, շատախոս, ապահով: Орлёнок  հեծանվով без рук սուրում ու բակի գեղեցկուհու հայացքին արժանանալ է փորձում մի տղա. նա քամուց իր առաջին հաղորդությունն է ստանում… Կոմունիզմի գաղափարը լուրջ չընդունող, բայց կոմունիստական ներկայացման մեջ «հանրություն-կոմունաներով»  ներկայացող Երևանը: Իր մանկության և պատանեկության Երևանը՝ թարմ տպագրված, առաջին անգամ թերթվող գրքի շրշուն բույրով, դյութանքով՝ ճերմակ, դեռևս վրձնի դրոշմ չտեսած կտավի ու գիշեր-ցերեկ պտտվող վինիլի հազիվ լսելի խզզոցով. Hey you…  Imagine… no countries… And no religion, too… imagine no possessions… Don’t help them to bury the light…

Ս.-ն այդ երևանյան ներկայացման մասնակիցն էր՝ ըստ նախատրվածության և դեռ հաշտ էր դրա հետ: Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի «էլիտար» դպրոցից սահուն անցում՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտ և՝ «ազատ» մտավորականների»  «հանրություն-կոմունայում» էր: «Կազիրյոկ», «Սկվոզնյաչոկ» «Կոպեյկա» սրճարաններում հավաքվում էին իրենք՝ Էրևանի բոհեմը, քննարկում Գոդարի, Տարկովսկու, Փարաջանովի ֆիլմերը, փոխանակում արտասահմանյան գրողների վերջին` հազիվ ձեռք բերած գործերը, Մարկես ու Ֆոլկներ «ցիտում» Ալկոհոլներից  ու Չարի Ծաղիկներից մի քանի տող արտասանում, թախծում Լորկայի կիթառի հետ, անհաջող ձայնակցում Բրելի հանճարեղ Ne me quitte pas աղերսին, տրվում Միրոյի տրիպտիխների կապույտ երազին, վարակվում Մատիսի՝ ինտենսիվ գույների փնտրտուքի տենդով (Սև - Սև/Կարմիր, եթե Սևը համադրես պրուսական սառը կապույտի, Սև/Կապույտ, եթե՝ տաք նարնջագույնի հետ), մոլորվում Կանդինսկու ընդարձակվող կետերի ու անվերջ/բեկվող գծերի տարածությունում, փակագծերում՝ հայհոյում սովետական տոտալիտար բռնապետական ռեժիմն ու ռուսական շովինիզմը՝ հաճախ Վիսոցկու Чуть помедленнее, кони, чуть помедленнее!  երգի ակորդների տակ՝ համեմելով դրանք բազմաշերտ ռուսական հայհոյանքներով, իհարկե արանքներում հասցնելով գնահատել-ժպտալ-հաճոյախոսել-ժամադրել Երևանի գեղեցկուհիներին: Հարաբերական անդորրում ստեղծագործող իրենց կոմունայի համար սովետական բռնապետությունը հեռու էր՝ փակագծում, իրենք գիտեին Փարաջանովի, Սոլժենիցին հետապնդումների մասին, բայց պատկերում էին իբրև հեռու, իրենց չսպառնացող վտանգ, որը քննադատելը նորաձև էր ու որոշ գրավչությամբ լի:

Իր հուշերի Երևանը հագեցած էր արվեստով, շնչում էր արվեստով, իսկ ավելի ճիշտ՝ Երևանն ինքնին արվեստ էր՝ շնչող արվեստ՝ երևանցիների շնորհիվ: Արվեստը նրանց կյանքն էր, հացը հանապազօր, կենսակերպը, հավատամքը, իսկ կենցաղը՝ ստորակա էր և անտեսված էր լուսանցքում: Հիշում էր խենթ երևանցիներին, որ ամեն ակնթարթ վերակերտում էին իրե՛նց մարկեսֆոլկներմատիսապոլիներբրելյանը, սիրաբանում դրա հետ ու հաջորդ ակնթարթին ցնցում, հերքում, հիմնահատակ ոչնչացնում ու նորից ստեղծում: Երևանյան դպրոցի ավանդույթներով՝ համաշխարհային գլուխգործոցներն իր համար ևս երբեք չդարձան մեռած-թանգարանային. Ս.-ն իր անցած օրերի ընթացքում հասցրել էր անձնական պատմություն հորինել դրանցից յուրաքանչյուրի հետ՝ միասնության ու խզման պատումներ: Ինքը նույնպես վերծանում էր, տարանջատում, միացնում ու կարոտով շոյում դրանց վրա դաջված ծանոթ սպիերը՝ հին Երևանցիների հասցրած:

Ս.-ն երևանյան բոհեմա-կոմունայում էր հայտնվել ինքնըստինքյան՝ չհասցնելով ապրել էքզիստենցիալ դատարկությունը՝ դեռ անծանոթ դատարկության անդունդից առաջացած գլխապտույտին ու անդունդը նետվելու, հանձնվելու հանդուգն գայթակղությանը: Նա կոմունայում ապաստան չէր փնտրել միայնությունից; չէր ընտրել այն որպես դատարկությունը լցնելու իր ուղին; ինքն իրեն թերի, անլիարժեք զգալուց չէր, որ ձգտել էր միասնության ոչ էլ՝ ինչ-որ անբավարարվածություն, կիսատություն էր փորձել լցնել: Հայտնվել էր՝ դեռ չճաշակած նախադաշտի բյուրեղյա անսահմանությունը, չընդդիմացած իզոտրոպ ճահճի ձգողականության ուժին ու մարտահրավեր չնետած նախատրված պայմանականություններին: Դեռ չխորշած խորհրդահայ երեսպաշտ միջավայրում փթթող չարենցյան «նաիրոմազութիհամոյականից»: Միավորվել էր «արվեստի սիրահարների», այդ զարմանալի կոմունային՝ վայելելու անհոգ, անփույթ, նաիվ խաղաղությունը և շռայլությունը՝ ստեղծելու արվեստի գործեր, որոնք դատապարտված չէին «ապրանք» դառնալու: Խորհրդային համակարգի մեծագույն ձեռքբերումը. շռայլությունը՝ ստեղծագործելու միևնույն ինքնամոռաց ազատությամբ, որով իրենց հեռավոր նախնիները տրվում էին սեքսին՝ պատկերացում իսկ չունենալով, որ այն որևէ ձևով կապված է տաս լուսնային ամիս հետո աշխարհ եկող էակի հետ:

Իր հուշերի Երևանը մտերմիկ էր, ջերմ՝ հավատարիմ կնոջ նման՝ հարևան սենյակում նիրհող, երբ դու Հեթում պատմիչ ես կարդում; չփնտրված՝ գտած, չկորցրած… չվերծանված խազ-խազ, հանուն նրա հայացքի՛ լոկ Հադես չգլորված ու հետ նայել չհանդգնած:

Գիշերն այնտեղ խաղաղ էր, քնատ՝ գիշերի թավշե կապույտից ձև էին առնում աստղերը; կաթնալուսնի հետ շաղախված` լույսի կետն ընդարձակում էր գիշերը մինչև ցայգալույս: Դու դեռ չես թախծել աստղերի հիվանդացնող պակասից, չես սահմռկել դրանց տիեզերական շենշող անտարբերությունից ու չես տանջվել մեղքի չամոքվող զգացողությունից, որ հանուն քո կոմֆորմիստ նոկտյուրնի Չարենցը ստալինյան կախաղանին զոհաբերեց իր բանաստեղծական հանճարեղ լուսաբացը:

*

Արվեստն էր բանալին, և արթնանում է իր հուշերի Երևանն իբրև ջերմ մտերմություն, առաջին ժամադրության պես՝ խաղաղ ու ներդաշնակ: Աներևույթ մեկից անվերապահ ստացած ընծա կարծես՝ թեթև, արևային, օդեղեն:

Նկարիչների միություն,  «Մի գործի ցուցահանդես», ձմեռ՝ վերջին անհոգ ձմեռը: Ս.-ն լեփ-լեցուն էր՝ զգացողություն, որ վաղուց իրեն չի այցելել, պռնկեպռունկ լի էր ու վայելում էր լիությունը: Լիությունը արարման՝ չարքաշ արհեստավորի իր ամենօրյա  աշխատանքը. գիծ, դրոշմ, ջնջում, հղկում; գույներն իրար խառնելու մոգություն: Մատները ջանում էին մեղրամոմից ու կավից ազատել ձևերը; անձայն: Եվ սակավ պահերը, երբ իրեն թվում էր, թե տարածությունը սահմանափակող՝ հազիվ նշմարվող ուրվագծերի արանքից, ցոլում էր իրեն դեռ հազիվ ծանոթ անեզր դաշտն ու կապույտի նրբագույն երանգների միջից անդրադարձվում էր զուտ լույսը: Լիությունը ներկայության՝ իր ինքնության բարձրաձայն ներկայության՝ հլու բոլոր պայմանական տրոհումներին ու հպատակ՝ նախատրվածություններին, երբ վայելում էր իրեն՝ առանց ընտրության հնարավորության՝ կանխավ շռայլված արևի ու մարդկային ջերմությունը, բայց նաև՝ անտրտունջ կրում պատմության բեռը: Իր ձայնը՝ քաղաքի չլռող ձայներին համահունչ. ժանեկազարդ վարագույրով ընգծված ընտանեկան ջերմ շաղակրատանք, հոգեբանին փոխարինող՝ ընկեր-ազգական-բարեկամների դռների ամենօրյա բացուխփում ու նաև՝ անքննելի, գերակա արյան կանչը՝  «Էհե՜յ, Ով քնած է՝ արթուն կացեք»:

Այստեղ, այս ցուցահանդեսում, իրեն հաջողվել էր հաղորդել իր մտերմուհի Մարիի կարմիր հեղձ-ա-շունչ սպասումը և ձգել-տանել այն երևանյան ծույլ-դեղին միջօրեի՜-Մարիի կիսախուփ հայացքի-լայնացած ռունգերի-կիսաբաց շուրթերի-կիսափակ կրծքի հոծ կորի երկայնքո՜վ ու խտացնել նրա կոնքերի տաք-ոսկե օխրայում: Կտավի Մարին խոստանում էր ծույլ կատվային վայելքի նույն ծանոթ դրախտը, որն ավելի գայթակղիչ էր դարձել ադրենալինի կտրուկ հոսքով իր ամուսնության օրը: Ս-ն տրվել էր դրան ամուսնական եռուզեռի անհնար արանքներում՝ ինքնամոռացության մի կտոր նվիրելով ինքն իրեն: Ցուցահանդեսային թոհուբոհ, միջանցքային շնորհավորանքներ, Խարազյանի Նազարստան, Ադալյանի ձիերի մոնումենտալ պոռթկում (և իր նաիվությունը՝ դրանք՝ իբրև հայկականության երկու անքակտելի դրսևորում չդիտարկելու). վաստակած մշակի գոհունակությամբ վայելում էր ակնթարթը: Կազիրյոկում անցյալ օրը իրենց կազմած կատակ-հարցաթերթիկն էին լրացնում. ազգություն՝ հայ, կրոն՝ քրիստոնյա, հայ առաքելական, մասնագիտություն՝ նկարիչ, բանաստեղծ, օպերատոր, դերասանուհի-սիրուհի Ա.Շ.-ի, կոմպոզիտոր, փիլիսոփա, դաշնակահարուհի… սիրած վեպ, գրող, սիմֆոնիա, կտավ, եղանակ, կերակուր, Ձեր երազանքը, վախերը, և այլն: Ու կասկածի տակ չէին դնում իրենց ինքնությունները, չէին բախվում իրենց ստեղծագործական հետքն առանց այդ էլ աղտոտված մոլորակին դրոշմել/չդրոշմելու ներքին երկընտրանքին, չէին ըմբոստանում նախատրվածությունների դեմ, իրենք ազատ էին իրենց համազգային սասունցիդավթյանհայկնահապետյան արմատներով՝ գուցե միջգալակտիկական քամիներից ազատ:

Մշտապես հիշում էր Լևոն Ներսիսյանի առաջին խոսքը առաջին դասախոսության. «Ես եմ Լևոն Ներսեսյան»՝ արտասանված միակ, անկրկնելի՝ լևոններսեսյանակա՛ն հնչերանգներով: Բանասիրական ֆակուլտետի 203 ամֆիլսարանում՝ բանասերների հետ միասին, ներկա էին իրենք՝ «ազատ ռադիկալները» և նաև՝ գեղարվեստաթատերականից, պոլիտեխնիկից, բժշկականից… ուսանողներ, որոնք նրա մի դասախոսությունից հետո ընդմիշտ սիրահարվում էին Ներսիսյանին, անտիկ Հունաստանին, գրականությանը, արվեստին...: Տարիների ընթացքում, U.-ն՝ արդեն ծանոթ նրա  «Ես խարիսխն եմ իմ երկրի» ինքնանկարին, ներսեսյանական եսեմի՛ մեջ անկարելի ազատություն էր տեսնում. մի ապրված կյանք՝ ծայրահե՛ղ ազատ և միաժամանակ հա՞շտ նախատրվածությունների և պայմանականությունների հետ, հնազա՞նդ: Անկարելի համադրություն՝ խարսխի՛ ազատությունն ընդդեմ միջգալակտիկական քամու՛ ազատության:

Եվ ազատ, թեթև, դեռ առանց  «եսեմ» ինքնադրոշմման՝ Ս.-ն ցուցահանդեսից

 հետո նկարիչ ընկերների հետ Լևոն Գրաչևիչի (ինչպես դիմում էին նրան) տանն էր: Նա երբեք ցուցահանդեսներ չէր այցելում և, ինչպես հետո պարզվեց, մերժել էր անգամ Էմմայի՝ «Բոհեմա» օպերայի պրեմիերայի հրավերը, ուստի Ս.-ն սովորույթ էր դարձրել բացումներից հետո նրան հաշվետու լինելը: Լևոն Ներսիսյանի՝ Շինարարների փողոցի բնակարանը, որին ինքն անձամբ սարկազմով փարիզյան շիկ «Rive Droite» էր անվանում, իրենց՝ արվեստի սիրահարների կոմունայի, ամենաբաղձալի վայրն էր: Ֆրանսիական սալոնի ու մոնմարթրյան բոհեմի անկարելի միացություն, ուր մտնելիս ինքնակամ հանձնվում էին ժամանակի, տարածության, «մարդկային գործոնի» իսպառ չեղարկման հրապույրին: Ժամանակը կանգ չէր առնում այստեղ, չէր կարող կանգնել, անէանում էր: Ներսիսյանը հակադարձում էր Ֆաուստից մեջբերվող`«Կա՛նգ առ ակնթարթ»–ի  հայերեն թարգմանությանը. «Մեծն Գյոթեն չէր կարող ժամանակը գռեհկորեն կանգնեցնել, նա կարող էր լոկ խնդրել ակնթարթին դանդաղել. “Verweile doch, du bist so schön”»:

Աստղիկ Սիմոնյան 

(շարունակելի)

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Վերջիմ 20 տարիներին իմ կարդացած հայալեցոպ լավաւգույն գորցն էր սա. Շատ ռեալ ու միաժամանակ շատ քնարական..,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter