
Արձանի բեկորները վերադարձնելու ուժը բաժանվում է բեկորների
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի բեկորները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու կապացությամբ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքներն արդեն ամփոփվում են:
Փորձեցինք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից Լիլիթ Գրիգորյանից ճշտել` արդյոք իրենք տեղյակ են, թե քանի ստորագրություն է հավաքվել սփյուռքահայ երիտասարդների կողմից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում նույն նպատակով կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում: Լիլիթը պատասխանեց, որ տեղյակ չեն: Գիտեն միայն, որ այդ ստորագրահավաքը կազմակերպում է Գևորգ անունով մի երիտասարդ, բայց արդյունքների մասին չգիտեն, քանի որ նա չի պատասխանում իրենց էլեկտրոնային նամակին:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ստորագրահավաք կազմակերպած սփյուռքահայ Գևորգ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ իր հերթին է սպասում որևէ տեղեկության հիմնադրամից: Նա նշեց, որ էլեկտրոնային նամակի միջոցով հիմնադրամին տեղյակ է պահել իրենց նախաձեռնության մասին, բայց դեռ ոչ մի պատասխան չունի:
«Ես պետք է արտահայտեմ իմ հիասթափությունը Հայստանում նույն նախաձեռնության կազմակերպիչների նկատմամաբ հետևյալ պատճառով,- ասաց Գևորգը,- մեր արշավը էական դեր խաղաց այս հարցի մասին աշխարհին տեղեկացնելու առումով, բայց մենք մի բառ անգամ չլսեցինք հայաստանյան կազմակերպիչներից: Մենք փորձեցինք կապվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցների, անձամբ` Կարեն Ավագյանի, ինչպես նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի մի շարք կազմակերպությունների հետ: Այնպես է թվում` կարծես նրանք հետաքրքրված չեն այն սփյուռքահայերի աջակցությամբ, ովքեր, մասնակցելով այս նախաձեռնությանը, փորձում են ցույց տալ, թե ինչքան են գնահատում հայկական մշակույթն ու պատմությունը»:
Լիլիթ Գրիգորյանը հաստատեց, որ պատասխանել է Գևորգի էլեկտրոնային նամակին և կարող է անհրաժեշտության դեպքում ցույց տալ ուղարկված նամակը:
«Ես պարզապես մեկ-մեկ ստուգել եմ իմ էլեկտրոնային նամակները, բայց ոչինչ չեմ ստացել իրենցից»,- ասաց Գևորգը, երբ խնդրեցինք նորից ստուգել էլեկտրոնային փոստը: Նրա համար անակնկալ էր նույնիսկ այն, որ Հայաստանում իրենց նախաձեռնության մասին տեղյակ են:
Լիլիթ Գրիգորյանը խոստացավ նորից նամակ ուղարկել Գևորգին: Այսօր Գևորգը պատասխանեց, որ հիմնադրամից ինքը նամակ է ստացել: Նաև ավելացրեց, որ սա Հայստան ուղարկված իր բազմաթիվ նամակներից առաջինն էր, որ պատասխան ստացավ:
Գևորգը որոշել էր իր կազմակերպած ստորագրահավաքի արդյունքները առանձին ներկայացնել Բրիտանական թանգարան, եթե իր նամակները շարունակեին մնալ անարձագանք:
Իսկ թանգարանի համար սա հիանալի առիթ կլիներ ասելու, որ Անահիտ աստվածուհու արձանի բեկորները իր երկիր տեղափոխել ցանկացող ազգը ինքն է բաժանված բեկորների: Բրիտանական թանգարանին «մեր միասնականությամբ» ծիծաղեցնելու վտանգը կանխվեց, մնում է` արդյունք տա կարճատև պառակտման առիթ դարձած ստորագրահավաքը:
Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը սկսել է ամփոփել ստորագրահավաքի արդյունքները: Հավաքվել է մոտ 20.000 ստորագրություն: Գևորգի տեղեկացմամբ` մոտ 1.000 ստորագրություն էլ հավաքվել է սփյուռքահայ համայնքում: Ստորագրությունները թղթի վրա են: Մինչև այս շաբաթվա վերջ երիտասարդական հիմնադրամը պատրաստվում է դիմել ՀՀ բրիտանական դեսպանատուն և Բրիտանական թանգարան:
Մեկնաբանել