HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիում երիտասարդական քաղաքականության հայեցակարգի ընդունումը կրկին օրակարգային է

Փորձերը՝ ունենալու Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգ, այսպես ասած սեղանի փաստաթուղթ, որ ուղենիշ կծառայի երիտասարդների, երիտասարդական ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցների համար, պարզվում է նորություն չեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են նաեւ 4-5 տարի առաջ: Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մշակման գաղափարն առաջին անգամ ասպարեզ է բերվել 2015թ.-ին, բուն աշխատանքները ծրագրի վրա սկսվել են 2016թ.-ին, սակայն վերջնարդյունքում այդպես էլ չի ներկայացվել ավագանու հաստատմանը: «Կոմպասս» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանի փոխանցմամբ, առաջարկը եղել է «ներքեւից»՝ քաղաքացիական հասարակության կողմից:

«Այդ ժամանակ ստեղծվել էր «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական ոչ ֆորմալ խումբը, որի կազմում ընդգրկված անհատներս պետք է աշխատեինք հայեցակարգի ամփոփ տարբերակի վրա: Մինչ այդ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Նորվեգիայի դեսպանատնից ստացած դրամաշնորհով սկսել էր հետազոտական աշխատանքները: Կոնկրետ «Կոմպասս» ՀԿ-ն իրականացրել է Գյումրու երիտասարդական քաղաքականության մշակում եւ ներդրում ծրագիրը, որը տեւել է 6 ամիս՝ 2016թ.-ի մայիսից նոյեմբեր: Ես չեմ կարող ասել, թե  ԵՆԿ-ի ֆինանսավորումը որքան է եղել, մեզ ֆինանսավորել է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարությունը՝ 3 մլն դրամի չափով»,- պատմում է Ղարիբ Հարությունյանը:

2016թ.-ին Գյումրին հայտարարվել էր ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք: Այդ տարին նաեւ ընտրական էր հանրապետության երկրորդ քաղաքի համար՝ գյումրեցիները պետք է քաղաքապետ ընտրեին: Նշենք, որ հանրապետության երկու քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ գործելու էր Երեւանի մոդելը՝ քաղաքացիները պետք է ոչ թե ուղիղ կերպով ընտրեին քաղաքապետի թեկնածուին, այլ իրենց քվեն տային ավագանու անդամի տեղի համար պայքարող որեւէ կուսակցության ներկայացուցչի օգտին: Հաղթանակ տարած քաղաքական ուժն էլ հետագայում ընտրելու էր քաղաքապետին:

Եվրոպայում վաղուց ընդունված պրակտիկա է, երբ երիտասարդական կառույցներն ընտրություններից առաջ իրենց խնդիրները ներկայացնում են ընտրարշավին մասնակցող կուսակցություններին ու նրանց երիտթեւերին՝ փորձելով հասկանալ, թե իշխանության գալուց հետո ինչ դիրքորոշում կլինի, եւ ինչպես կլուծվեն իրենց հուզող խնդիրները: Հավանաբար այս փորձն էլ հաշվի առնելով՝ Գյումրիում ձեռնամուխ են լինում երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մշակմանը:

«Ես Էստոնիայում ուսումնասիրել եմ իրենց փորձը, ի դեպ, Ուկրաինան այն վերցրել ու կիրառել է, եւ ընդհանրապես, վաղուց զարգացած երկրներում կիրառելի պրակտիկա է, երբ երիտասարդական ոլորտը ներկայացնող կառույցները մեկ սեղանի շուրջ են նստում կուսակցությունների հետ եւ փորձում հասկանալ նրանց դիրքորոշումը,- նկատում է Ղարիբ Հարությունյանը,- մենք 2016թ.-ին ուշ սկսեցինք եւ ամփոփ փաթեթը ՏԻՄ-ին ենք ներկայացրել արդեն ընտրություններից հետո՝ նոյեմբերին: Մեր աշխատանքներում, որպես փորձագետ էինք վարձել Աննա Եղոյանին ԵՆԿ-ից եւ Քրիստինե Գրիգորյանին, որ հիմա Արդարադատության նախարարի տեղակալն է: Արել ենք փորձագիտական խմբային հանդիպումներ, քննարկումներ տարբեր կառույցների, երիտասարդական ՀԿ-ների, կուսակցությունների երիտթեւերի, ուսխորհուրդների հետ, մարզպետարանի, քաղաքապետարանի, նախարարության ներկայացուցիչների հետ, ունեցանք երկու համաժողով, եղան ֆոկուս ֆորումներ: Այսինքն կարող եմ ասել, որ լուրջ հետազոտություն անցկացվեց, որ հետագայում, չգիտես ինչու, փաստաթղթի տեսք չստացավ»:

Այս նախագիծը, պետք է կյանքի կոչվեր 2017թ.-ից, եթե ավագանին այն ընդուներ, սակայն ինչպես հայտնի է հայեցակարգը ավագանու օրակարգ այդպես էլ չի հասել: Չորս տարի առաջ մշակված Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգը վերաբերում էր 2017-2026թթ.-ին: Ներկայացված էր 2017-2021թթ-ի ռազմավարության եւ գործողությունների ծրագիրը, որը կյանքի կոչելու համար Գյումրու համայնքային բյուջեում առանձնացվելու էր 5 մլն դրամ յուրաքանչյուր տարվա համար:

Նոր հայեցակարգը, որի մասին հայտարարվեց 2019թ.-ի նոյեմբերին, վերաբերում է 2020-2029թթ-ին: Նախագծի հեղինակները նշում են, որ հայեցակարգը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2015-2025թթ.-ի հայեցակարգի, 2015թ. Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծության, 2016թ.-ին անցկացված հանրային կարծիքի որակական թեմատիկ ուսումնասիրության եւ 2019թ.-ի անցկացված հանրային քննարկումների արդյունքի վրա:

Եթե 2016թ.-ին հայեցակարգի մշակումը եղել էր բացառապես քաղհասարակության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, եւ առաջարկը գնացել էր ներքեւից վերեւ, ապա 4 տարի անց աշխատանքներն ընթացել են մեկ ՀԿ-ի՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի եւ Գյումրու մշակույթի բաժնի համագործակցությամբ: Գուցե սա էր պատճառը, որ 2019թ.-ի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հանրային քննարկումն անցավ թեժ բանավեճի մթնոլորտում: Երիտասարդական ոլորտում գործող մի շարք կազմակերպություններ, այդ թվում եւ Գյումրու Երիտասարդական պալատը, դուրս էին մնացել հայեցակարգի մշակման, ռազմավարության եւ գործողությունների պլանի կազմման աշխատանքներից:

Նախագծի առաջին հանրային լսման ժամանակ հնչեցին կարծիքներ, որ 2020-2021թթ-ի ռազմավարության եւ գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում էր մոտ 50 միջոցառում, մեծ մասամբ արտահայտում էին հայեցակարգի մշակմամբ զբաղված հասարակական կազմակերպության եւ մշակույթի ոլորտում միջոցառումների կազմակերմամբ զբաղվող մեկ ընկերության շահերը: Դա իր մեջ արդեն իսկ պարունակում էր կոռուպցիոն ռիսկեր եւ շտկման կարիք ուներ:

Բոլոր միջոցառումների համար, անկախ ֆինանսավորման աղբյուրից, վերջնական պատասխանատուն նշվում էր Գյումրու համայնքապետարանը: Նման ձեւով փաստաթուղթը ավագանու կողմից հաստատվելու դեպքում կազմակերպիչների համար մի կողմից նվազում էր ֆինանսավորման աղբյուրների բացակայության ռիսկը, մյուս կողմից ողջ բեռը դրվում էր համայնքի բյուջեի վրա:

Քանի որ ներկայացված նախագծում խնդրահարույց կետերը շատ էին, հեղինակներին չհաջողվեց այն ներկայացնել դեկտեմբերի 10-ի ավագանու արտահերթ նիստին եւ ընդգրկել 2020թ.-ի բյուջեում: Հանրային քննարկման ժամանակ պահանջ դրվեց նախագիծն ուղարկել լրամշակման: Հունվարի 30-ին տեղի ունեցած 2-րդ հանրային լսման ժամանակ ներկաները տեղեկացան, որ  հունվարի 28-ին տեղի է ունեցել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փակ, աշխատանքային քննարկում:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը հայտնեց, որ օրինակ, նախատեսված 10 տարին կրճատվել է մինչեւ 7 տարի, եւ հայեցակարգը կվերաբերի 2020-2027թթ-ին: Շատ միջոցառումներ, որոնք ունեին կոնկրետ հասցեագրում, հանվել են ցանկից, ինչպես նաեւ նվազեցվել է քաղաքապետարանի պատասխանատվության չափը դրանց նկատմամբ:

Առաջիկա ավագանու նիստին, որ տեղի է ունենալու փետրվարի 11-ին, նախագիծը ներկայացվելու է: Մինչ այդ, հնգօրյա ժամկետում, քաղաքապետարան պետք է ներկայացվեն գրավոր առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն քննարկման ընթացքում:

Հիշեցնենք, որ առաջին անգամ երիտասարդական քաղաքականության հայեցակարգը մշակվել է 2016թ-ին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ: Երկրորդ անգամ, նույն փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվում դարձյալ ՏԻՄ ընտրություններից առաջ՝ 2021թ.-ին Գյումրին նոր ավագանի եւ քաղաքապետ է ընտրելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter