HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են ԱՄՆ նախագահական ընտրությունները

Փետրվարի 3-ին ԱՄՆ Այովա նահանգում կմեկնարկեն ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները, որոնց ընթացքում կորոշվի, թե ով է մրցելու Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այովայի ընտրություններով սկիզբ կդրվի բավականին երկար և բարդ պրոցեսի, որը կավարտվի հունիսին և որի ընթացքում բոլոր 50 նահանգների, Վաշինգտոնի և Պուերտո Ռիկոյի բնակիչները, ինչպես նաև արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն կունենան առաջադրելու նախագահ Թրամփի հնարավոր փոխարինողին։

Թեև Այովան ԱՄՆ մասշտաբով բավականին փոքր նահանգ է՝ ընդամենը երեք միլիոն բնակչությամբ, այն ունի առանձնակի դեր և նշանակություն նախնական ընտրություններում։ Լինելով առաջին մրցումը նախնական ընտրական պրոցեսում՝ Այովայի ընտրությունը մեծ ազդեցություն ունի այլ նահանգների նախնական ընտրությունների արդյունքների վրա։ 1976-ին առաջին ժամանակակից նախնական ընտրությունից ի վեր կայացած տասը նախնական ընտրություններից ութում Այովայի ընտրության հաղթողը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ 2008-ին, օրինակ, երբ նախնական ընտրություններում ֆավորիտ էր համարվում նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման Այովայում անսպասելի հաղթանակի շնորհիվ համապետական հարցումներում վեց տոկոսային կետով աճ գրանցեց և կարողացավ դառնալ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։

Այս տարի Այովայում կմրցեն նախնական ընտրությունների քարոզարշավին մասնակցող տասնմեկ թեկնածուներից տասը (Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը բաց է թողել գրանցման վերջնաժամկետը և չի մասնակցի Այովայի ընտրությանը): Ըստ հարցումների, ֆավորիտ են համարվում սենատոր Բեռնի Սանդերսը (Bernie Sanders) և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը (Joe Biden), սակայն հաղթանակի հնարավորություն ունեն նաև Սաութ Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բուտեջեջը (Pete Buttigieg) և սենատոր Էլիզաբեթ Ուորենը (Elizabeth Warren)։

77-ամյա Բայդենը և 78-ամյա Սանդերսը, որոնցից յուրաքանչյուրը ընտրվելու պարագայում կդառնա ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը, ներկայացնում են Դեմոկրատական կուսակցության հակադիր ճամբարներ։ Բայդենը, ով 2009-2017թթ․ Բարաք Օբամայի փոխնախագահն էր, ներկայացնում է կուսակցության չափավոր, կենտրոնամետ թևը կամ իսթեբլիշմենթը, իսկ Սանդերսը, ով 1991-ից ներկայացրել է Վերմոնտի նահանգը Կոնգրեսում՝ նախ որպես կոնգրեսմեն, ապա՝ որպես սենատոր, ներկայացնում է կուսակցության պրոգրեսիվ, ձախական թևը։ Մինչդեռ երկուսն էլ Թրամփին Սպիտակ տնից հեռացնելը համարում են առաջնային խնդիր, Սանդերսի ու Բայդենի ապագայի տեսլականներն ու անցյալի մասին պատկերացումները խիստ տարբերվում են։ Բայդենը Թրամփի նախագահությունը համարում է անոմալիա և խոստանում է վերադարձնել Օբամայի տարիներին տիրող քաղաքական և տնտեսական անդորրը։ Սանդերսը, ով հաճախ քննադատել է Օբամայի վարած նեոլիբերալ քաղաքականությունը, պնդում է, որ Թրամփը վերից վար կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգի արդյունքն է, և որ Թրամփին հեռացնելը երկրին սպառնացող խնդիրները լուծելու միայն առաջին քայլն է։ Սանդերսը, ով իրեն համարում է Դեմոկրատական սոցիալիստ, թիրախավորում է սոցիալական անհավասարությունը և խոստանում քաղաքական հեղափոխություն իրականացնել, մինչդեռ Բայդենը վստահեցնում է, որ իր նախագահության օրոք արմատական փոփոխություններ չեն լինելու։

Սանդերսի ու Բայդենի տարբերությունները նաև խորհրդանշում են ամերիկյան քաղաքականության մեջ տիրող սերնդային բաժանումները։ Ավագ սերունդները, ովքեր մեծացել են սառը պատերազմյան հակակոմունիզմի և տնտեսական բարեկեցության պայմաններում, մեծ մասամբ դրական են վերաբերվում ամերիկյան կապիտալիզմին, մինչդեռ երիտասարդները, ովքեր իրանց մաշկի վրա զգացել են 2007-ի տնտեսական ճգնաժամի և տարեցտարի աճող սոցիալական անհավասարության հետևանքները, ավելի դրական են վերաբերվում սոցիալիզմին։ Սակայն ամերիկացիների մեծամասնությունը շարունակում է բացասական վերաբերվել սոցիալիզմին, և որոշ չափավոր դեմոկրատներ մտավախություն են հայտնել, որ Թրամփի հետ պայքարում Սանդերսը չի կարող հաղթել։ Սանդերսը, ով երկրի ամենապոպուլյար սենատորն է, հակադարձում է` պնդելով, որ կարող է հաղթել նախկինում ընտրություններին չմասնակցած քաղաքացիներին մոբիլիզացնելով։ Հաշվի առնելով, որ Սանդերսը բավականին բարձր վարկանիշ ունի վերջիններիս՝ երիտասարդների, աղքատների և ազգային փոքրամասնությունների շրջանում, սա կարող է լինել բավականին հաջող մարտավարություն։ Ընտրողները, սակայն, Թրամփին հաղթելու գործում շարունակում են վստահել Բայդենին, մինչդեռ Սանդերսին վստահում են առողջապահական համակարգի բարեփոխման և կլիմայական փոփոխությունները կասեցնելու հարցերում, որոնք առաջնային խնդիրներ է համարում ընտրողների զգալի մասը։

Գաղափարական տարաձայնություններից բացի, Բայդենն ու Սանդերսն ունեն նաև կարևոր ծրագրային տարբերություններ։ Առողջապահության ոլորտում Սանդերսը առաջարկում է մտցնել պետական բուժապահովագրման համակարգ, որն առողջապահությունը անվճար կդարձնի բոլոր ամերիկացիների համար։ Բայդենը պնդում է, որ նման համակարգի ներդնումն իրատեսական չէ և առաջարկում է փոխարենը վերականգնել և ընդլայնել Օբամայի օրոք անցկացված առողջապահական բարեփոխումները, որոնք կանոնակարգում են մասնավոր ապահովագրության շուկան և սուբսիդիաներ տրամադրում խոցելի խավերին ապահովագրություն գնելու համար։ Բայդենը նաև առաջարկում է ստեղծել ոչ պարտադիր պետական ապահովագրություն, որը շուկայում կմրցի մասնավորի հետ։ Բայդենի քննադատները, սակայն, նշում են, որ նրա առաջարկած բարեփոխումները բավարար չեն առողջապահության ոլորտի խնդիրները լուծելու համար և միլիոնավոր ամերիկացիների կթողնեն առանց ապահովագրության։

Ինչպես առողջապահության, այնպես էլ այլ ոլորտներում Սանդերսն արմատական փոփոխություններ է առաջարկում, մինչդեռ Բայդենը նախընտրում է համեմատաբար համեստ ռեֆորմներ, որոնք լայն քաղաքական և տնտեսական համակարգերը կթողնեն անփոփոխ։ Սանդերսը, օրինակ, առաջարկում է բարձրագույն կրթությունը դարձնել անվճար, միլիոնավոր մատչելի բնակարաններ կառուցել և 20 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել երկրի ենթակառուցվածքները վերանորոգելու, ինչպես նաև հողմային և արևային էներգիային անցում կատարելու նպատակով։ Մինչդեռ Բայդենը պնդում է, որ Սանդերսի ծրագրերն անիրագործելի են և չեն ընդունվի Կոնգրեսի կողմից։

Թեկնածուները ունեն նաև մարտավարական տարաձայնություններ։ Մինչ Բայդենը կարծում է, որ կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, Սանդերսը պնդում է, որ անհրաժեշտության դեպքում մասսայական ցույցերի ճանապարհով կհասնի իր օրակարգի իրականացմանը։

Այովայի ընտրությունն, այսպիսով, ոչ միայն պայքար է երկու քաղաքական գործիչների միջև, այլ պայքար սոցիալիզմի և նեոլիբերալիզմի միջև։ Ամենայն հավանականությամբ, հենց Այովայում կորոշվի, թե որ գաղափարախոսությունն է նոյեմբերին մրցելու Դոնալդ Թրամփի և ազգայնականության հետ։

Լուսանկարում՝ Ջո Բայդենը (ձախից) եւ Բեռնի Սանդերսը | Brynn Anderson/AP (politico.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter