HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգապահպանությու՞ն, թե՞ պետականաշինություն

«Լավ պետություն», «ուժեղ պետություն» ունենալն ինքնանպատակ չի։ Բայց մենք մեզ համար դեռևս չենք պատասխանել մի պարզ հարցի՝ ո՞ւմ է պետք մեր պետությունը։

Անկախությունից ի վեր մեզ ներշնչել են և շարունակում են ներշնչել, որ պետությունը ազգապահպանության համար է, որպեսզի ազգը պահպանվի, գոյատևի, հարատևի։ Ուժեղ պետության դեպքում ազգը «լավ» կգոյատևի, իսկ թույլ պետության պայմաններում վերացման վտանգը կմեծանա։ Դրա համար մեզ պետք է լինել ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի համախմբված, մենք պիտի շատ լինենք, որովհետև, որքան մենք շատ ենք, այդքան ուժեղ ենք։

Արդյոք դա այդպես է։

Ազգային միասնության շուրջ ստեղծված պետությունը, որտեղ արժեքների հիմքում դրված է ազգապահպանությունը, պետության մասին մեր սխալ պատկերացումների, խորքային առումով պետության դերի, նշանակության մասին գիտելիքների բացակայության կամ այդ գիտելիքների միջոցով ձեռնածության ճանապարհով հանրությանը կառավարելի դարձնելու նպատակներից բխող հետևանք և արդյունք է։

Բանն այն է, որ «ազգապահպանության», «ազգային արժեքների», «ազգային գաղափարախոսության» մասին ամենաբարձր գոռացողների մեջ չկա մեկը, որ կտա դրա բանաձևը։ Զուտ էթնիկ պատկանելության վրա հիմնված պետությունը դատապարտված է ձախողման, և ահա թե ինչու։

Ազգի, ազգայինի մասին մեր պատկերացումները տարբեր են։ Տարբեր են մեր ընկալումները ազգապահպանության շուրջ՝ սրանից բխող բազմաթիվ տարաձայնություններով և տարակարծություններով։

Օրինակ, քաղաքական գաղափարախոսությունները մերժած Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը գտնում են, որ պետության հիմքը «օջախը», «ընտանիքն» են և ուժեղ ընտանիք ունենալու պարագայում մենք կունենանք ուժեղ պետություն։ Դրա համար հանրային դաշտ նետվեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ (ազգը) իմ ընտանիքը» կարգախոսը։ Այս կարգախոսի միջոցով փորձ է արվում պետությանը տալ այնպիսի դեր և նշանակություն ինչպիսին, ենթադրվում է, հայի (ազգի) համար ունի նրա ընտանիքը։

Բնական է, որ եթե մենք խոսում ենք ոչ թե ցեղային մտածողության, այլ այնպիսի բարդ համակարգի մասին ինչպիսին պետությունն է, ապա այս «գաղափարախոսությունը» նպատակ ունի ուժեղացնել այն, ստեղծել այնպիսի պետություն որտեղ ազգը կլինի պաշտպանված արտաքին և ներքին վտանգներից։

Սակայն ակնհայտ է, որ ընտանիքի մասին մեր պատկերացումները շատ տարբեր են։ Առավել ևս տարբեր են «ազգային ընտանիքի» մասին մեր պատկերացումները։ Բանն այն է, որ պատմական տարբեր ժամանակներում «հայկական ընտանիքը» ունեցել է տարբեր կառուցվածք, և տարբեր դերաբաշխում է եղել այդ ընտանիքում՝ ակսած վաղ միջնադարից, որի մասին մենք կարող ենք դատել տարբեր պատմական և հնագիտական աղբյուրներից, վերջացրած սովետական ընտանիքի մոդելով։ Այսօրվա դրությամբ ոչ ոք չի ասում և չի էլ կարող ասել, թե ինչպիսին պիտի լինի այդ «հայկական ազգային ընտանիքը», ինչ է այն ներկայացնում իրենից։ Ինչպիսի կառուցվածք պիտի ունենա այն, ինչ դերաբաշխում, պարտականությունների և իրավունքների ինչպիսի բաշխում պիտի լինի այդ ընտանիքում, որպեսզի այն համարվի «ազգային ընտանիք»։

Բացի այդ սահմանադրական պետության մեջ ունենալ սահմանադրություն, ունենալ պետության «կայունության», «զարգացման» հիմք հանդիսացող ազգային ընտանիք, բայց Սահմանադրության մեջ չունենալ այդ ընտանիքին վերաբերող որևէ նորմ, որևէ դրույթ անկարելի է։ Ես չեմ ասում, որ մենք որպես հանրություն պարտավոր ենք ունենալ այն, բայց եթե մենք կարևորում ենք այն, որ պետության հիմքում ընտանիքն է, կամ, որ ամուր ընտանիքն ամուր պետության հիմքն է, ապա առնվազն դրա (ընտանիքի) ձևակերպումը պարտավոր ենք տալ Սահմանադրության մեջ։

Եթե «ազգային ընտանիքը» պետության համար այդքան կարևոր ինստիտուտ է, ապա պարտավոր ենք «ազգային ընտանիքին» տալ իրավական սահմանում և օժտել նրան որոշակի իրավունքներով և պարտականությունններով։ Սահմանել պատժող կամ խրախուսական դրույթներ «լավ» կամ «վատ» ընտանիքների համար։

Բայց արդյոք դա հնարավոր է։ Իհարկե, ոչ։

Ամենևին չնսեմացնելով ընտանիքի դերն ու նշանակությունը, պետք է գիտակցել, որ հնարավոր չի ժողովրդավարական պետության հիմքում դնել ընտանիքը, որովհետև ժողովրդավարական պետության «հյուլեն» ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքացին։ Որովհետև ի տարբերություն ընտանիքի, քաղաքացու համար հնարավոր է սահմանել իրավունքների և պարտականությունների շրջանակը։

Ժողովրդավարական պետությունները ոչ թե ազգային ընտանիքի ու ազգի պահպանության համար ստեղծված միավորներ են, այլ այս կամ այն ազգության քաղաքացիների ԱՐԴԱՐ, ԱԶԱՏ, ՀԱՄԵՐԱՇԽ ապրելու իրավունքը պահպանելու համար ստեղծված միջազգային իրավունքի սուբյեկտներ։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել «միջազգային իրավունքի» վրա, որովհետև պետությունը, որը հարաբերվում է այլ պետությունների հետ, կամա թե ակամա պիտի հաշվի նստի այդ իրավունքի հետ (խոսքը այդ իրավունքի լավ կամ վատ լինելու մասին չէ)։

Իհարկե, կարելի է և դառնալ «Հյուսիսային Կորեա»։ Բայց արդյոք մեր նպատակը դա է, ու արդյոք, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, «հանուն ազգապահպանության» մենք ունենք այն ռեսուրսը, որը մեզ թույլ կտա դառնալ Հյուսիսային Կորեա։ Կարծում եմ՝ ոչ։

Ըստ այդմ, ի՞նչ է պետությունը, եթե ոչ «ազգապահպանության օրրան»։

Ցավոք, մեր քաղաքական միտքը մնացել է միջնադարում։ Այն դեպքում, երբ Եվրոպական մտածողները դեռևս երկու, երեք դար առաջ են հանգել մտքին, որ հզոր պետության հիմքում պիտի լինի ԱՐԴԱՐ միջավայրում ԱԶԱՏ անհատների ՀԱՄԵՐԱՇԽ համակեցությունը, դրա հիմքով ստեղծեցին սահմանադրական ժողովրդավարական պետություններ, մենք սահմանադրական հանրապետություն հռչակելով հանդերձ չգիտակցեցինք և չենք գիտակցում պետության դերն ու նպատակը հենց նույն «ազգապահպանության» համատեքստում։

Պետության հիմքում չի կարող լինել «ազգապահպանությունը», որովհետև «ազգապահպանությունը» քաղաքացու համար ինքնանպատակ է, իսկ ինքնանպատակ գաղափարը չի կարող լինել հզոր պետության առանցք։ Մյուս կողմից, հզոր պետության դասական արժեքներին՝ «ազատության», «արդարության», «համերաշխության» ձգտող հանրությունը, և այդ հանրության վրա հիմնված պետությունն է, որ իր հզորացման ճանապարհով ապահովում է իրական ազգապահպանությունը։

Գարեգին Միսկարյան

Մեկնաբանություններ (1)

Նաիրա
Ազգապահպանությունը ինքնանպատակ չէ այլ միասնական գաղափար է։ Դա էլ կօգնի պետականաշինությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter