HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորագյուղցի Բոգոն երթուղու մրցույթը շահել, բայց չի շահագործում․ պետությունն անզոր է նրա դեմ

Հեղափոխությունից հետո քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի դեմ պետությունն անզոր է։ Հանրությանն առավել հայտնի «Նորագյուղցի Բոգո» անունով Ռուբեն Կոստանյանին պատկանող ուղևորափոխադրող ընկերությունը, ստանալով փոխադրողի իրավունք, գործունեություն չի ծավալում՝ թույլ չտալով այդ երթուղում այլ տնտեսվարողներ աշխատեն։ Ոլորտը վերահսկող պետական տեսչության մոտ փաստաթղթերով ամեն բան նորմալ է։

Երևանից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու երկու երթուղի կա։ Մեկի սկզբնակետը Կենտրոնական  ավտոկայանն է (Կիլիկիա), մյուսինը՝ Հյուսիսային ավտոկայանը։ Տարիներ առաջ երթուղիները սպասարկելու համար հայտարարված մրցույթներում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊԸ-ն։ Ընկերության 50% բաժնետոմսերը պատկանում են Ռուբեն Կոստանյանին։ Փոխադրողը Երևանի Կիլիկիա ավտոկայանից փոխադրումներ իրականացնում է, իսկ Հյուսիսայինից՝ ոչ։

Հյուսիսային ավտոկայանից դեպի Թբիլիսի երթուղու համար նախկինում հայտարարված մրցույթում պարտված «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Սմբատյանը 2019 թ.-ին դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։ Նա հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն հաղթել է երթուղու մրցույթում, սակայն փոխադրում չի կատարում՝ այդկերպ թույլ չտալով այլ տնտեսվարողների Հյուսիսային ավտոկայանից դեպի Թբիլիսի փոխադրում իրականացնել։

Հանձնաժողովը դիմումատուի մատնանշած խնդիրները հիմնավոր է համարել, սակայն համարել է, որ դա իր իրավասության հարցը չէ, այլ՝ Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության։

Համոզվելու համար՝ հիմնավո՞ր է «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրենի բողոքը, այցելեցինք Երևանի Հյուսիսային ավտոկայան։ Որպես քաղաքացի ավտոկայանի տեղեկատուից հետաքրքրվեցինք՝  Հյուսիսային ավտոկայանից Թբիլիսի կարո՞ղ ենք գնալ։ «Էստեղից չի մեկնարկում։ Այսինքն՝ ժամը 8-ին գալիս ա ստեղ, պեչատվումա, բայց մեկ ա իջնում ա Կիլիկիա (ավտոկայան)»,- այսպիսի անկեղծ պատասխան ստացանք տեղեկատուի աշխատակցուհուց։

Այսինքն՝ իրավիճակն այսպիսին է։ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն փաստաթղթերով ցույց է տալիս, որ իր մեքենան Հյուսիսային ավտոկայանից ժամը 8:00-ին մեկնել է Թբիլիսի, իսկ իրականում մեքենան Թբիլիսի է մեկնել Կենտրոնական ավտոկայանից։

«Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Սմբատյանը նախորդ տարի ապրիլին դիմել է այն ժամանակվա Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարություն, նախարար Հակոբ Արշակյանին՝ Հյուսիսային ավտոկայան-Թբիլիսի երթուղու համար նոր մրցույթ կազմակերպելու առաջարկով։ Դրանից հետո նախարարությունները վերակազմակերպվեցին, տրանսպորտի վերահսկողությունն անցավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրենի դիմումներից հետո փաստաթղթերով արձանագրվում է, որ Հյուսիսային ավտոկայանից փոխադրում իրականացվում է։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին գրավոր հայտնել է, որ պարբերական ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն օրը մեջ գրաֆիկով ժամը 8։00-ին Հյուսիսային ավտոկայանից դեպի Թբիլիսի ուղևորափոխադրում է կատարում։

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանն էլ նույն Համլետ Բատիկյանին հայտնել է, որ ամեն բան կարգին է։ «․․․ հայտնում եմ, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ի կողմից Հյուսիսային ավտոկայանից ամեն օր կատարվում է մեկ երթ առավոտյան ժամը 08:00-ին, սակայն ուզում եմ հավելել, որ երթերը կատարվում են առանց ուղևորների»,- Բատիկյանին ուղղված գրությամբ հայտնել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենը։

Ռուբեն Կոստանյանին պատկանող «Երկու ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց այն, որ Հյուսիսային ավտոկայանից փոխադրում չեն իրականացնում։ «Մեքենան գնում, սպասում ա, ուղևոր եղավ, տանում ա, եթե չէ, ժամը լրացավ, դուրս ա գալիս։ Էդ ո՞ր ուղևորափոխադրողին են ստիպում՝ եթե ուղևոր չեղավ, դու գնա»,- ասաց Դավիթ Սարգսյանը։

Ստացվում է, որ փաստաթղթերով «Երկու ընկեր» ՍՊԸ-ի մոտ ամեն բան կարգին է, իսկ իրականում՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ տեսչական մարմինը և «Հայավտոկայան» ՓԲԸ-ն չեն նկատում խնդիրը: Միգուցե չե՞ն ցանկանում նկատել: 

Լուսանկարում` Ռուբեն Կոստանյան, Աշոտ Մնացականյան, Արտյուշ Գրիգորյան

Տեսանյութի մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Այս պատմությունը ապացուցում է որ տեղի է ունեցել ուղեվորափոխադրումների կազմակերպման համար մենաշնորհի սեղծում, իսկ պատկան մարմինները- որովհետև շահավետ չէ և "Իրենց" մարդու բիզնեսն է ոնց կարելի է կարգավորել ուստի հարցերը այսպես տարիներ շարունակ կուտակվել են ու չեն լուծվում: Իսկ եթե հանկարծ ոհմակի անդամ չես դառել ուրեմն ամեն մեկ ստորակետի համար էլ կարող են պատճառաբանություն գտնել: Տվյալ հարցն էլ հենց վարչական ու տնտեսական մարմինների կարգավորման տիրույթում է ու բոլորը կարող են ասել թե դա մեր գործը չէ: Ակնհայտ է որ ներկայիս կառավրությունը Ի վիճակի չէ և նախորդների պես չունի պրոբլեմներ լուծմսն սխեմաներ, այլ ամեն օր նստած սպասում են թե օտար երկրի դեպանատունը ինչ պետք է առաջարկի Հայաստանի համար, որն էլ նրանք իրենց ծրագիր հռչակեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter