HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հանրայի՞ն, թե՞ մասնավոր շահի գերակայություն. քննվեց Մարտի 1-ի մայր գործի նյութերը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը տրամադրելու որոշման դեմ դատախազության բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատախազության վիճարկած որոշումը, որով դատարանը ՀՔԾ-ին պարտավորեցրել է Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը տրամադրել Քոչարյանի պաշտպաններին, կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 2019-ի տարեվերջին:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց, որ Հովհաննես Խուդոյանի բողոքը բավարարելու որոշմամբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Պետրոսյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործն անջատվել է ՀՔԾ-ում դեռևս քննվող գործից ու ուղարկվել դատարան: Նա նշեց, որ այս պահին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այդ գործով դեռևս դատաքննություն է իրականացվում, և որ Հովհաննես Խուդոյանի բողոքը քննած դատարանը, այս դեպքում՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում չէր կարող քննության առարկա դարձնել զուգահեռ ընթացող վարույթի բովանդակությունը և միջոցներ ձեռնարկել այլ դատարանի, այսինքն՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող գործով արդարացիությունն ապահովելու համար:

«Առաջին ատյանի դատարանը, փաստացի, քննության առարկա դարձնելով մեկ այլ դատարանի վարույթում քննվող քրեական գործով կողմին ծանոթանալու համար նյութեր տրամադրելու հարցը, դուրս է եկել մինչդատական վարույթի վերահսկողության իր լիազորության շրջանակներից»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա, և քննիչը, գործից մաս անջատելով, ղեկավարվել է Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին:

Ըստ դատախազի՝ քրեադատավարական օրենսդրությունն ապահովում է հանրային և մասնավոր շահերի ողջամիտ և  անհրաժեշտ հավասարակշռությունը՝ երաշխավորելով թե՛ նախնական քննության տվյալների պահպանումն ու այդպիսով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը, թե ՛քրեական գործի նյութերին ծանոթանալու կողմերի հնարավորությունները, և դատարանը հանրային և մասնավոր շահերը գնահատելիս չէր կարող վեր դասել մասնավոր շահը, ինչն արել է:

Ըստ Պետրոսյանի՝ անձը կարող է ծանոթանալ բացառապես այն քրեական գործի նյութերին, որի շրջանակում իրեն մեղադրանք է առաջադրվել, այլապես կստացվի, որ յուրաքանչյուր մասնավոր անձ, նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին ստորագրություն տալով, կարող է անհրաժեշտության դեպքում ծանոթանալ ցանկացած քրեական գործի նյութերին:

Այս տրամաբանությամբ, ըստ Պետրոսյանի, անիմաստ է դառնում նախնական քննության տվյալների հրապարակման օրենսդրական արգելքը:

Այսպիսով՝ դատախազը միջնորդեց բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտն ու կայացնել նոր դատական ակտ:

Պաշտպանի խոսքով՝ դատախազությունը համառորեն պայքարում է վերջին երկու տարվա ընթացքում իր տեսած ամենաորակյալ դատական ակտի դեմ

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքի վերաբերյալ առարկություններ ներկայացնելուց առաջ նախ նշեց, որ իր համար միանգամայն կանխատեսելի է դատավոր Արմեն Դանիելյանի կայացնելիք որոշումը, և որ ինքը դատական նիստին մասնակցում է՝ հնչեցնելու համար այն առարկությունները, որոնք հիմք են հանդիսանալու հետագայում Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, ինչպես նաև հանրությանը տեղեկացնելու, թե կոնկրետ ի՞նչ խնդրի շուրջ է այսօրվա դատական նիստը: Հովհաննես Խուդոյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ վերջինիս կանխատեսմամբ՝ դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելու է դատախազության բողոքը:

Խուդոյանը դատարանին ներկայացրեց այն էական իրադարձությունները, որոնք նախորդել են վիճարկվող դատական ակտին:

Այսպես, 2008-ին քրեական գործ է հարուցվել մարտին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և միմյանց հետ կապ ունեցող կամ չունեցող անձանց վերաբերյալ քննված բազմադրվագ գործերով քննություն է իրականացվել, վարույթից սպանությունների հետ կապված նյութեր են առանձնացվել, ապա այդ նյութերը նորից միացվել են վարույթին:

2018 թվականի հունիս ամսից ինտենսիվ քննություն է սկսվել, և որոշումներ են կայացվել պաշպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ապա՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի  Խաչատուրվին, Արմեն Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: 2019-ի փետրվարին որոշում է կայացվել գործից վերջին 4 անձանց մասն անջատելու և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու վերաբերյալ, և նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություններ ներկայացնելու համապատասխան փուլում Խուդոյանը միջնորդել է տրամադրել Մարտի 1-ի մայր գործի նյութերը:

Պաշտպանը նշեց, որ իրենք որևէ հիմք չունեն վստահելու Դատախազության ու Հատուկ քննչական ծառայության այն պնդմանը, որ նյութերում, որոնք իրենց չեն տրամադրվել, առկա չեն պաշտպանական կողմի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, հատկապես, որ, ըստ Խուդոյանի, իրենք փորձ ունեն, որ նախկինում իրենցից թաքցվել են էական նշանակություն ունեցող տվյալներ, որոնք եղել են ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի:

Խուդոյանի խոսքով՝ գործի ամբողջական նյութերն իրենց տրամադրելու միջնորդությունը մերժելիս քննիչը նշել է, որ քրեական գործի նյութերից առանձնացվել են գործով մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղավորությունը հաստատող ապացույցները:

Խուդոյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է հավաքի և՛ արդարացնող, և՛ մեղադրող տվյալներ:

Պաշտպանն օրինակ բերեց, որ քրեական գործի շրջանակներում կարող է որևէ մեկի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ մեկ անձի ցուցմունք լինել և հինգ այլ անձանց ցուցմունքներ, որոնք կպնդեն, որ տվյալ անձը չէր կարող կատարած լինել այդ հանցանքը, որ այն ժամանակահատվածում, երբ այդ արարքը կատարվել է, նա այլ վայրում է եղել: Նման իրավիճակում քննիչը չի կարող դատարան ուղարկել միայն այն մեկ անձի ցուցմունքը, որում վերջինս պնդում է նրա կողմից հանցանք կատարելու հանգամանքը:

Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից իրենց բողոքը բավարարելու վերաբերյալ դատական ակտին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ այդ դատական ակտը վերջին երկու տարվա ընթացքում իր տեսած ամենաորակյալ դատական ակտերից մեկն է, որի դեմ, սակայն, դատախազությունը համառորեն պայքարում է:

Այդ դատական ակտում, ըստ Հովհաննես Խուդոյանի, դատարանն առաջնորդվում է դատախազության բարեխղճության կանխավարկածով, բայց վերապահումով, որ դատախազությունը չէ այն մարմինը, ով պետք է որոշի՝ այս կամ այն տվյալը պաշտպանության համար էական նշանակություն ունի՞, թե՞ ոչ:

Դատարանն անդրադարձել է նաև մասնավոր և հանրային շահերի հարաբերակցությանը: Մասնավոր շահը պահանջում է Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերն, իսկ հարային շահը՝ պահպանել նախնական քննության գաղտնիությունը: Դատարանը, սակայն, գտել է, որ տվյալ իրավիճակում, երբ անձի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել է դատարան, առկա է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ, գերակա է մասնավոր շահը: Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ նման եզրահանգման գալով, այնուամենայնիվ, դատարանը չի վտանգել հանրային շահը և նշել է, որ իրենց պահանջած նյութերը կարող են տրամադրվել կողմին՝ նախաքննական գաղտնիք չհրապարակելու ստորագրությամբ:

Այսպիսով՝ Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ դատախազության բողոքը պետք է մերժվի:

Բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի փետրվարի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter