HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեկ կրակոցով երկու նապաստակ». կառավարության հերթական օրենսդրական փոփոխությունը

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել  հերթական վիճարկելի օրենսդրական փոփոխությունը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն այսօր արժանացավ խորհրդարանական ընդդիմության քննադատությանը:

Ըստ նախագծի` փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, երկաթուղային կայարանները, օդանավակայանները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերը` օրենքով սահմանված նպատակների խախտմամբ օգտագործելը կամ դրանք օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտողները կենթարկվեն տուգանքի` 20-60 հազար դրամի չափով:

Այս փոփոխությունը կարելի է ասել, ընտրություններից առաջ բողոքի ակցիաները ճնշելու հերթական փորձն է, քանի որ եթե զանգվածները որոշեն նշված վայրերում հավաքներ անցկացնել, անտեսելով, ասենք, Երեւանի քաղաքապետարանի արգելքը, ապա կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս փոփոխությունները ուղղված են նաեւ փողոցներում, հանրային այլ վայրերում մանր առեւտրով զբաղվողների դեմ:

Այս տեսանկյունից կառավարությունն առաջարկել է նաեւ մեկ այլ փոփոխություն` «իշխանության ներկայացուցչին վիրավորելը»: Ըստ այդ փոփոխության` իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 20-50 հազար դրամի չափով:

Կառավարությունը օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պատճառաբանել է, որ զանցակազմի նախատեսումը նպատակ ունի ապահովել հանրային նշանակություն ունեցող վայրերի օգտագործումն օրենքի կանոններին համապատասխան: Միեւնույն ժամանակ նախատեսվում է, որ որոշակի կանոններ սահմանելուն զուգընթաց կատարումն ապահովելու համար պետք է մշակվեն համապատասխան մեխանիզմներ:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցչին վիրավորելուն, ապա այն որպես առանձին վարչական իրավախախտում նախատեսելու նպատակը պետական իշխանության ներկայացուցչի պաշտպանությունն է իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հրապարակային վիրավորանքից կամ նվաստացումից:

«Խոսքը չի վերաբերում սոսկ «ինչ-որ առիթով» հասցված կամ պետական իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ քիչ թե շատ պատահական ժամանակային կապի մեջ գտնվող վիրավորանքին: Այդ վիրավորանքն արտահայտում է այն, որ արարքը գործողը անհարգալից վերաբերմունք է դրսեւորում` կապված իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականության կատարման հետ: Դրա պատճառ կարող է լինել այն, որ իրավախախտն սկզբունքորեն մերժում է այդպիսի ծառայողական պարտականությունների կատարումը կամ այն, որ նա մերժում է կոնկրետ դեպքում այդ ծառայողական պարտականությունների կատարման եղանակը»,-պատճառաբանել է կառավարությունը:

Այս օրինագծով կառավարությունը «մեկ կրակոցով երկու նապաստակ» է որսում: Նախ` կտուգանվեն չենթարկվողները, իսկ եթե հետն էլ իշխանության ներկայացուցչին «հակաճառեն», ապա նորից կտուգանվեն:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Նորություն չէ,որ մեր իշխանավորներն ու ազգային ժողովի պատգամավորներն օրենքներ են ընդունում ի վնաս սեփական ժողովրդի:Մանր խորամանկություններով գրված օրենքները պատուհաս են դարնում այն մարդկանց համար,ովքեր հավատալով հայրենի իշխանավորների խոսքերին,թե պայքար են տանում կոռուպցիայի դեմ,միամտաբար քաղհայցով մտնում են դատարան և ընկնում թակարդը:Օրենքում նշվում է միայն դատավորների իրավունքների մասին,բայց պարտավորությունների մասին ոչինչ չի նշվում.հենց սա էլ դառնում է կոռուպցիայի համար հարմար միջավայր:Կաշառք կտան իրավունքներից չեն օգտվի,չտան կհիշեն իրենց պարտականությունների մասին:Ընդիմադիր պատգամավորներն էլ ընկած համամասնական են պահանջում,ինձ համար ի՞նչ տարբերություն Միքայել Վարդանյանը ինչ տարբերակով կնտրվի,եթե ընտրվելուց հետո օրենքի լավ ու վատ լինելը իրեն չի հետաքրքրելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter