Փոփոխություններ՝ Շենգենյան վիզայի տրամադրման կարգում
Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի` փետրվարի 2-ից փոփոխվել է Շենգենյան գոտու երկրների մուտքի վիզայի տրամադրման կարգը։ Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ վիզայի տրամադրման նոր կարգը հեշտացնելու է կարճաժամկետ վիզաների տրամադրման գործընթացը և հնարավորինս կանխելու է անօրինական միգրացիայի դրսևորումները Եվրամիությունում։
Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանատները, հյուպատոսությունները և վիզա կենտրոնները վիզաների դիմումները կդիտարկեն նոր կարգով, որը ներառում է նաև վիզայի տրամադրման գումարի 33 %-ով աճ։ Բոլոր այն դիմումատուները, որոնք վիզայի ստացման համար նախկինում վճարել են 60 եվրո, այսուհետ կվճարեն 80 եվրո, մինչդեռ 6-12 տարեկան երեխաների վիզան նախկին 35 եվրոյի փոխարեն կարժենա 40 եվրո։
Այդուհանդերձ, Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնց չի վերաբերում վիզայի գնի բարձրացումը։ Եվրամիության անդամ երկրների դեսպանատներից մուտքի վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիները կշարունակեն վճարել 35 եվրո։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև վիզաների տրամադրման ժամկետներում։ Այսուհետ Հայաստանի քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել նախատեսվող ճանապարհորդությունից վեց ամիս առաջ՝ նախկին երեք ամսվա փոխարեն։ Բացի այդ, ավելացվել է նաև վիզայի հայտն առցանց լրացնելու հնարավորությունը, որին կարելի է ավելացնել էլեկտրոնային ստորագրություն։
Նոր փոփոխությունների համաձայն՝ դիմումատուն պարտավորվելու է անձամբ իր փաստաթղթերը ներկայացնել հյուպատոսական բաժին կամ վիզաների կենտրոն, այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի ստանալ դիմումատուի մատնահետքերը։ Հեշտացվել է նաև բազմակի մուտքի վիզայի ստացման գործընթացը։ Մասնավորապես, վիզաների դրական պատմություն ունեցող անձինք կարող են ստանալ բազմակի մուտքի վիզա, որի վավերականության ժամկետը մեկ տարվանից աստիճանաբար կբարձրանա 5 տարվա։ Վիզաների դրական պատմությունը ենթադրում է ԵՄ տարածք անօրինական մուտքի և հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։
Ընդ որում, պահպանվել է մուտքի վիզա ստանալու հայտի դիտարկման առավելագույն ժամկետը (15 օր)։ Սակայն, առանձին դեպքերում, երբ նախատեսվում է փաստաթղթերի առավել մանրամասն ուսումնասիրություն, դիմումի հայտի ուսումնասիրությունը կարող է ձգվել մինչև 45 օր։
Գլխավոր լուսանկարը՝ https://www.albawaba.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել