HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխվարչապետ Գրիգորյանի մասնաբաժինն «Արդշինբանկում» նվազել է

Ինչպես հայտնի է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» բաժնետեր է: Մինչեւ 2018 թ. մայիսի 12-ին փոխվարչապետ նշանակվելը Գրիգորյանն այս բանկի վարչության նախագահն էր, դրան փոխկապակցված «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահը եւ բանկի 67,9 տոկոսի բաժնետեր «Արինս Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենը:

2018-ին գրել էինք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 67,9 տոկոսը տերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, 29,5 տոկոսն էլ պատկանում է ««Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ին, որը նաեւ «Արինս Գրուպի» սեփականատերն է, այսինքն՝ բանկի 97,4 տոկոսը պատկանում է «Ռեգիոնին», որի միակ սեփականատերն ու փաստորեն նաեւ բանկի գլխավոր վերջնական շահառուն Կարեն Սաֆարյանն է՝ «Արդշինբանկի» խորհրդի նախագահը:

Փոխվարչապետ նշանակվելիս Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» 1,000056 տոկոսի սեփականատերն էր: Նա ՓԲԸ-ում ուներ 5023 բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 100.000 դրամ է, այսինքն՝ բանկում Գրիգորյանի մասնաբաժնի ընդհանուր արժեքը հավասար էր 502.300.000 դրամի:

Ինչպես տեղեկանում ենք «Արդշինբանկի» կայքից, 2019 թ. փետրվարին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «Արդշինբանկի» նոր կանոնադրությունը, որով վերջինիս կանոնադրական կապիտալը նախկին 50.227.200.000 դրամի փոխարեն սահմանվել է 52.227.200.000 դրամ: Կանոնադրական կապիտալը բաժանված է 502.272 հատ սովորական եւ 20.000 հատ «A» դասի փոփոխական շահութաբաժնով փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 100.000 դրամ է: Այսինքն՝ տարբերությունն այն է, որ անցյալ տարի բանկի կապիտալում ավելացվել է 20.000 հատ արտոնյալ բաժնետոմս, ինչից էլ 2 մլրդ դրամով աճել է կանոնադրական կապիտալը:

Այս փաստին զուգահեռ նկատենք, որ, համաձայն «Արդշինբանկի» կայքի, երկու նշանակալի բաժնետերերի՝ «Արինս Գրուպի» եւ «Ռեգիոնի» մասնաբաժինները տոկոսային առումով որեւէ փոփոխության չեն ենթարկվել (67,9 եւ 29,5 տոկոս համապատասխանաբար): Ընդ որում՝ կայքում, ի տարբերություն նախկինի, այլեւս ներկայացված չեն ոչ նշանակալի բաժնետերերի տվյալները, որոնցից մեկն էլ փոխվարչապետ Գրիգորյանն է:

Հաշվի առնելով 20.000 հատ նոր բաժնետոմսի ավելացումը՝ փոխվարչապետին հարցրել էինք, թե արդյոք նրա մասնաբաժինը բանկում ենթարկվել է փոփոխության: Եթե նոր բաժնետոմսերը բաշխված լինեին բոլոր բաժնետերերի միջեւ ըստ մասնակցության չափի, ապա Գրիգորյանի 5023 բաժնետոմսերի թիվը պետք է 5223 դարձած լիներ, իսկ արժեքը՝ 522.300.000 դր, այսինքն՝ նախկինից 20 մլն դրամով ավելի):

Սակայն Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը հայտնել է, թե «Արդշինբանկի» կապիտալի համալրման ընթացքում փոխվարչապետի կողմից որեւէ արտոնյալ բաժնետոմսի ձեռքբերում չի եղել, ինչը նշանակում է, որ Գրիգորյանի մասնաբաժինը հասարակ բաժնետոմսերի հաշվարկում մնացել է անփոփոխ, սակայն նվազել է ընդհանուր (հասարակ + արտոնյալ) հաշվարկում: Այսպիսով՝ եթե ընդունենք, որ ներկայում բանկի ընդհանուր կանոնադրական կապիտալը 52.227.200.000 դրամ է, իսկ Մհեր Գրիգորյանն ունի 502.300.000 դրամ արժեքով 5023 հատ բաժնետոմս, պարզ է դառնում, որ նրա մասնակցությունը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում նախկին 1,000056-ի փոխարեն դարձել է 0,962 տոկոս: 

Լուսանկարը՝ gov.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter