HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանի հարգելի և անհարգելի բացակայությունները

Ազգային ժողովի պատգամավորներից 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում անհարգելի բացակայությունների համար գումար է պահվել:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից ստացած մեր հարցման պատասխանից:

Ամենաշատ անհարգելի բացակայությունները ամենաշատ անդամ ունեցող խմբակցության՝ «Իմ քայլի» պատգամավորներինն է, ապա խորհրդարանական երկրորդ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի», ամենաքիչ բացակայությունները «Լուսավոր Հայաստանինն» է: Ի դեպ, միակ պատգամավորը, որն ընդհանրապես բացակա չունի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանն է:

 

Մենք հարցման մեջ խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել, թե որքան գումար է պահվել անհարգելի բացակայությունների համար, սակայն ստացել ենք պատասխան, որ աշխատավարձից պահումները հաշվարկվում են պաշտոնjայի ամսական դրույքին համապատասխան:

 

 

Ընդգծենք նաև, որ ԱԺ նիստից մեկ օրվա բացակայությունը հավասարազոր է թվային առումով 4 նիստի գրանցումից կամ քվեարկությունից բացակայության:

Եթե նախորդ գումարման խորհրդարաններում ամենաշատ բացակայող պատգամավորների առաջին հնգյակում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր, ապա այս անգամ քվեարկություններից և գրանցումներից Ծառուկյանի բացակայությունները գերազանցողներ կան:

Ուշագրավ է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանի և իր թիկնազորի նախկին պետ, պատգամավոր Էդուարդ Բաբայանի բացակայությունների թիվը նույնն է: Սա նշանակում է, որ պատգամավոր Բաբայանը խորհրդարան է գալիս միայն այն ժամանակ, երբ գալիս է Գագիկ Ծառուկյանը:

Ըստ մեր հաշվարկների՝ ամբողջ նստաշրջանի ընթացքում Գագիկ Ծառուկյանից պահվել է շուրջ 746 հազար դրամ (90 անհարգելի բացակայություն), Էդուարդ Բաբայանից՝ շուրջ 510 հազար (96 անհարգելի բացակայություն): Հաշվարկը կատարել ենք հետևյալ մեթոդաբանությամբ՝ հիմք ենք ընդունել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը 66 հազար 120 դրամ է, բազմապատկել աշխատավարձի գործակցով՝ 10-ով (այս թիվը տարբեր է հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի դեպքում), ապա բաժանել տվյալ ամսվա աշխատանքային օրերի քանակի վրա և ստացել մեկ աշխատանքային օրվա գումարը: Ապա այն բազմապատկել ենք բացակայած օրերի թվով:

Նկատենք նաև, որ նախորդ նստաշրջանում չկա որևէ պատգամավոր, որի անհարգելի բացակայությունների հարցով ԱԺ խորհուրդը կամ պատգամավորների թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Նման լիազորություն ԱԺ կանոնանակարգ-օրենքով սահմանված է յուրաքանչյուր օրացույցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու համար: Նախորդ նստաշրջանում (սեպտեմբեր-դեկտեմբեր) քվեարկությունների և գրանցումների ընդհանուր թիվը 259 է, հետևաբար առնվազն 130 անհարգելի բացակայություն պետք է ունենար որևէ պատգամավոր, որպեսզի վերջինիս բացակայությունների հարցով հնարավոր լիներ ՍԴ դիմել:

Նշենք նաև, որ ԱԺ աշխատակազմից չեն տրամադրել պատգամավորների բացակայությունները հարգելի համարող հիմքերը: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ չի հստակեցվում, թե ինչ փաստաթղթերի առկայության դեպքում է աշխատակազմը հարգելի համարում բացակայությունը: Նշվում է, որ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված  պատգամավորի հարգելի պատճառով բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ:

Պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի գործուղման մեկնելիս: Նաև, եթե վերջինս զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ (օրինակ` այս դրույթը կարող է  կիրառվել ԱԺ խոսնակի կամ փոխխոսնակների պաշտոնական հանդիպումների, պատվիրակություններին դիմավորելու դեպքում):

Պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ձերբակալվել է, հեռացվել է դահլիճից, շահերի բախում լինելու հիմքով հրաժարվել է քվեարկությունից:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter