HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ հէկերի խնդիրներին. ՀԲՃ

Այսօր՝ փետրվարի 4-ը, Ալեքսանդր Քանանեանի հացադուլի 15-րդ օրն է և Մհեր Պողոսյանի հացադուլի 9-րդ օրը: Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր հէկաշինական աշխատանքները դադարեցված են, և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը հէկերի շինարարությունը չի վերսկսվի:

Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է:

Հիշեցնենք, որ Քանանեանի պահանջնագիրը երեք կետից էր բաղկացած՝ (1) դադարեցնել հէկաշինական աշխատանքները, (2) հեռացնել շինարարական տեխնիկան, (3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել հէկերի հետագա կառուցումից, և այս քայլերը կատարելուց հետո՝ նաև ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի հէկերի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաև գոյություն ունեցող հէկերը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների:

Իսկ Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները:

Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։

Եթե մինչև փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզիացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ հէկատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:

Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter