HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով և նախ քննարկման առարկա դարձրեց պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նախորդ դատական նիստին իր չներկայանալը կարծիքն արտահայտելու միակ ձևն է եղել, որը դատավորն իրեն թողել էր, Ալումյանը հիշեցրեց, որ տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում հնչեցրել է արտահայտություն, որն իրենց՝ պաշտպանների համար պարզ չի եղել, և դատարանը, փոխանակ պարզելու այդ արտահայտության իմաստը, նպատակը, դիտողություն է արել պաշտպաններին, որոնք ցանկացել են ստանալ վերը նշվածի պատասխանը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը, պաշտպանների միջնորդություններից մեկին առարկելով, ասել է. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»: Ալումյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հնչած արտահայտությունից միայն երկու շաբաթ անց՝ նախորդ դատական նիստի ընթացքում է փորձել հասկանալ այդ արտահայտության նպատակը, և այժմ, նիստին ներկայանալով՝ իրենք հնարավորություն են տալիս դատավորին։

Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ իր անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով չի ներկայացել, որովհետև դատական նիստի ընթացքում սպառնալիք է հնչել։ Ռուբեն Սահակյանը հավելեց, որ Էդիկ Հարությունյանի խոսքը որպես պառնալիք է ընդունել նաև տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, քանի որ այդ արտահայտությունից հետո վերջինս շարունակ կրկնում էր, թե դա եղել է լեզվի սայթաքում։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ինքը չի ներկայացել, որովեհետև  տեղյակ չի եղել, որ տեղի է ունենալու դատական նիստ։ Խուդոյանը, սակայն նկատի չուներ, թե նիստի օրվա և ժամի մասին չի ծանուցվել, խոսքը դատավարական պատշաճ ընթացակարգը նիստերի դահլիճում պահպանված չլինելու մասին է։ «Այն պահից սկսած, երբ ես հասկացել եմ, որ դատարանն ընկալել է, թե որն է պատշաճ դատավարական ընթացակարգը, ներկայացել եմ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Արամ Վարդևանյանն իր չներկայանալն, ի թիվս այլ պատճառաբանությունների, հիմնավորեց նրանով, որ մինչև իր չներկայանալը երկու անգամ դատական նիստերին դատարանն իրեն զրկել է արտահայտվելու իրավունքից։ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատական նիստերի դահլիճում չի պահպանվում կողմերի հավասարության սկզբունքը։ Գևորգյանի մյուս պաշտպան Վարդգես Գևորգյանը նշեց, որ իր բացակայելը ևս դժգոհություն արտահայտելու ձև է եղել։ «Դատարանն ինքը պիտի մտածի՝ այսքան պաշտպան ինչո՞ւ չի ներկայացել»- ասաց Վարդգես Գևորգյանը։ Դատարանն, այնուամենայնիվ, արձանագրեց, որ պաշտպանները չարամտորեն չեն կատարել իրենց պարտականությունները և նկատողության տեսքով սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter