HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը միջնորդեց Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը  

Մարտի 1-ի գործով դատական նիստին այսօր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։

Պաշտպանը նշեց, որ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1 րդ հոդվածները քիչ կիրառվող դրույթներ են, «Դատալեքս» որոնողական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս հոդվածներով դատավճիռներ առհասարակ չեն կայացվել:

Այս հոդվածով դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, որոնք վերաբերել են 2008թ. մարտի 1-2 դեպքերին: Պաշտպանի խոսքով՝ դատախազությունը 2008թ-ին դատարան է ուղարկել Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 7 մեղադրյալների (հայտնի է «7-ի գործ» անվամբ) վերաբերյալ քրեական գործը, որոնց ի թիվ այլ հոդվածների, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով: Այս գործով դատախազները 2009-ի մարտի 31-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել են, և դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի մասով՝ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել է: Ալեքսանյանը նշեց, որ ներկայում դատարանի վարույթում է գտնվում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը, և թեև այս հոդվածի վերաբերյալ Հայաստանի դատարանները դատավճիռներ չեն կայացրել՝ վերջին մեկ ու կես տարիների ընթացքում տարբեր անձինք դատախազություն կամ Հատուկ քննչական ծառայություն ներկայացրել են այդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին հաղորդումներ։ Օրինակ՝ փաստաբան Լուսինե Ավագյանը 2019թ. մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել սահմանադրական կարգի տապալման հանցագործության մասին։ Պաշտպանի խոսքով՝ ուսումնասիրելով այդ գործերը՝ իրեն չի հաջողվել պարզել մի դեպք, երբ սահմանադրական կարգը տապալելու հաղորդումների վերաբերյալ ՀՀ դատախազությունը կամ այլ իրավասու մարմինները հարուցել են քրեական գործեր և իրականացրել են նախաքննություն:

Պաշտպանը նշեց, որ եթե կոնկրետ գործով պետությունը քրեաիրավական հարցի վերաբերյալ արտահայտել է հստակ դիրքորոշում և տևական ժամանակ պահպանել ու կիրառել է այն, ապա նա հետագայում չպետք է հակասի սեփական գործողություններին կամ հերքի իր գործողությունների հետևանքները: Ըստ Ալեքսանյանի՝ եթե պետությունը կոնկրետ փաստական հանգամանքների պարագայում հստակորեն և հետևողականորեն հրաժարվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց, ապա զրկվում է նույն կամ նմանատիպ փաստական իրավիճակներում մեկ այլ անձի նկատմամբ քրեաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորությունից՝ քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել նախկինում արտահայտված դիրքորոշման ոչ իրավաչափությունը կամ նորմատիվ-փաստական հիմքերի փոփոխությունը:

«Քրեական արդարադատության ոլորտում պետության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքը էապես կվնասվի, եթե ՀՀ-ն հստակ և հասկանալի կերպով չներկայացնի միևնույն իրավական հարցի վերաբերյալ պետական դիրքորոշման փոփոխության պատճառը: Հարկ է փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետադարձ ուժի վերաբերյալ ՀՀ դատախազությունը հետևելով օրենսդիր և գործադիր իշխանության դիրքորոշմանը, 2009թ. արտահայտել է մի դիրքորոշում, սակայն՝ 2018թ.-ին ձևավորել է դրան հակասող այլ դիրքորոշում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նկատի ունենալով, որ ի տարբերություն «7-ի գործով անձանց, Արմեն Գևորգյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Այսպես՝ ըստ պաշտպանի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխության հետևանքով «7-ի գործով» դատախազները 2009թ․մարտի 31-ին որոշում են կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական մեղադրանքից հրաժարվելու մասին, հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ ազգային ժողովի 2009թ․մարտի 18-ին ընդունված օրենքով, ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր: Նկատի ունենալով, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»:

Մինչդեռ 2018-ի հեղափոխությունից հետո հարուցված գործով դատախազությունը հրաժարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետադարձ ուժի վերաբերյալ՝ տևական ժամանակ անփոփոխ մնացած պետական դիրքորոշումից: էրիկ Ալեքսայանի խոսքով՝ դիրքորոշման փոփոխությունը բացատրելու նպատակով գլխավոր դատախազը 2019-ի մայիսին նշել է, որ չկա պատճառաբանություն, թե 2009-ին դատախազությունը ինչու է նախկին ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումը դադարեցրել։ Ալեքսանյանը շեշտեց, որ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հետադարձ կարգով կիրառելու անթույլատրելիությունը ոչ թե պարզապես դատախազների դիրքորոշումն է, այլ պետության, ուստի գլխավոր դատախազի հայտարարությունը այն մասին, որ ինքը չի կարող բացատրել, թե ինչի է դատախազությունը «7-ի գործով» հրաժարվել քրեական հետապնդումից, առնվազն անհասկանալի է ու չի բխում դատախազության գործունեության միասնականության սկզբունքից: Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ Ալեքսանյանը միջնորդեց Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter