HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյանի ծաղկաձորյան առանձնատան և վարձակալած անտառների դրվագներով գործերը իրավապահների վարույթներում են

Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ծաղկաձորյան առանձնատան և հարակից անտառների վարձակալելու դրվագներով պետական և իրավապահ տարբեր մարմիններում ուսումնասիրություններ են ընթացել, հարուցվել է քրեական գործ, մի դրվագով քրեական գործը կարճվել է վաղեմության հիմքով։ Մեկ այլ դրվագով՝ ուղարկվել է ԱԱԾ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով այս փաստերն էլ ուսումնասիրելու նպատակով։

Այսպիսով, Գլխավոր դատախազությունից փորձել էինք ճշտել, թե ի՞նչ գործողություններ են հետևել «Հետք»-ի՝ Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը՝ հատուկ պահպանվող տարածքում հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինություններին, որոնք կառուցվում էին հատուկ պահպանվող տարածքում։ Այդտեղ, ըստ օրենքի, հանգստի գոտու կազմակերպումից բացի այլ՝ անձնական նպատակներով սեփականության ձևերը բացառվում են։

Ինքնակամ կառուցված գույքն օրինականացվել է որպես հյուրանոց

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 13-ի գրությամբ Գլխավոր դատախազություն է ուղարկել Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 18,20 և 20/1 հասցեների հողամասերի պետական գրանցման, նշված հասցեներում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ենթարկվել են ուսումնասիրության։ Դրանցում առկա են եղել տվյալներ այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված գույքն օրինականացվել է որպես հյուրանոց՝ խախտելով Հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է՝ «Հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը»։ Նշված շինություններն օգտագործվում են որպես առանձնատուն և այդ հասցեում որևէ հյուրանոցային ծառայություն չի մատուցվում։

Այս մասով համապատասխան փաստաթղթերը Գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության միջոցով այս տարվա հունվարի 15-ին ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով մեկ այլ քրեական գործով համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար։

Անտառային տարածքներն առանց որևէ իրավունքի շրջափակել են բետոնե հիմքով, երկաթյա ճաղավանդակներով, կառուցվել է հիմնական քարե շինություն

Գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան 18 և 20 հասցեների հարակից անտառային տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ կազմված տեղեկանքի կապակցությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրությունները շարունակվում են։

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացի Լաուրա Եփրեմյանի և «Լուչե վերդե» ՍՊԸ-ի հետ 2010թ․ ապրիլի 8-ին կնքել է վարձակալության պայմանագիր, որոնցով վերջիններիս ժամանակավոր օգտագործման է հանձնվել համապատասխանաբար 9,42 հա և 7,9 հա մակերեսներով անտառային հող՝ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասում՝ Խ․Մուրադյանը փողոցի 18 և 20 հասցեների հարակից անտառային տարածքում։

Տեղազննությամբ պարզվել է, որ վարձակալների կողմից նշված անտառային տարածքներն առանց որևէ իրավունքի շրջափակել են բետոնե հիմքով, երկաթյա ճաղավանդակներով, մեկում կառուցվել է հիմնական քարե շինություն՝ (պահակակետ), այսինքն՝ կատարվել են անբաժանելի կապիտալ շինարարական աշխատանքներ՝ պետությանը պատճառելով ընդհանուր մոտ 2,2 մլն դրամի նյութական վնաս։

Ուսումնասիրության շրջանակներում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից այդ կապակցությամբ 2019թ․ հոկտմեբերի 18-ին համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ անտառային կոմիտեի նախագահին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, ինչպես նաև՝ Կոտայքի մարզպետին և Ծաղկաձոր համայնքի ղեկավարին։

Արդյունքում նշված տարածքներում կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից կազմվել է անտառխախտման արձանագրություն, իսկ բնապահպանության տեսչության կողմից կիրառվել է վարչական տուգանք։

2019թ․ նոյեմբերի 21-ին ոստիկանության Հրազդանի բաժին է ստացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի գրությունը և կից փաստաթղթերը՝ 2019թ․ հոկտեմբերի 18-ին կազմված անտառխախտման արձանագրությունների, դրանց հիման վրա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։

Ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստած նյութերով, 2019թ․ դեկտմեբերի 1-ին որոշում է կայացվել ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Նյութերի նապապատրաստման ընթացքում, սակայն, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

2019թ․ դեկտմեբերի 9-ին Կոտայքի մարզի դատախազության կողմից, հետաքննության մարմնին հանձնարարվել է Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի առանձին պաշտոնատար անձանց կողմից հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, ինչպես նաև հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։ Արդյունքում 2019թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննություն իրականացնում է Քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչությունը։

315,2 հոդվածը վերաբերում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելուն, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով:

2018թ․ սեպտեմբերին «Հետք»-ում հրապարակված Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը՝ հատուկ պահպանվող տարածքում վերտառությամբ հոդվածն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ այն գործին կցելու և անհրաժեշտության դեպքում դրանով համապատասխան գործողություններ կատարեու համար։

Խաչատրյանները վճարել են տուգանքներ և այդպիսով խուսափել պատասխանատվությունից, սակայն մեր հարցմանն ի պատասխան դատախազության տրամադրած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ պատասխանատվություն կրողները ներքին օղակների աշխատակիցներն են լինելու, որոնք չեն հանդգնել այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կամ նրա հարազատների դեմ որևէ իրավական գործողություն իրականացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter