HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը բացահայտ քաղաքական կոռուպցիա է». Ռուբեն Մելքոնյան

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարում Հայոց ցեղասպանության փաստի քրեականացումը նախատեսող օրինագիծը այն դեպքում, երբ համանման օրենք արդեն ունեն հրեական Հոլոքոստի վերաբերյալ: Եթե գործում է անկեղծ իրավական մոտեցում, ապա Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նմանատիպ որոշում պետք է ունենա նաև Հայոց ցեղասպանության մասին: Այն հիմնավորումները, որ նրանք ներկայացնում են, ապացուցելու համար իրենց ճիշտ լինելը, չեն կարող դիմանալ որևէ քննադատության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:                        

Նա նշեց, որ այս որոշման մեջ չկա անկեղծ իրավական մոտեցում: Ֆրանսիան հղում է անում խոսքի ազատությունը սահմանափակող դրույթին, բայց այստեղ խոսքը համամարդկային չարիքի մասին է:                                          

«Եթե համամարդկային չարիքի խնդիրը կապվում է խոսքի ազատությունը սահմանափակող դրույթի հետ, ապա, անշուշտ, այդ հիմնավորումը թույլ է և համոզիչ համարվել չի կարող»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նա կարծում է, որ այս գործընթացում կա քաղաքական խաղ:

«Հայոց ցեղասպանության փաստը որպես խաղաքարտ  շահարկվում է ֆրանս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ցավոք, այս փաստը դարձել է քաղաքականացված խնդիր, և տարբեր գերտերություններ իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորելու, նրա դեմ ճնշում գործադրելու կամ զիջումների ենթարկելու համար օգտագործում են այն»,- ասաց բանախոսը:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս գործընթացի վրա իր ազդեցությունն ունեցել է արևելյան կաշառատվության մեթոդը:

«Այս որոշմանը հասնելու համար թուրքական պետությունը մեծ ֆինանսական և քաղաքական զոհողությունների է գնացել: Եթե նկատել եք` վերջին ամսվա ընթացքում քանի ֆրանսիական սենատորներ և պատգամավորներ հյուրընկալվեցին Բաքու, Անկարա և ինչպիսի ջերմ ընդունելության արժանացան»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այն հայտարարությանը, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից կմտցվի օրակարգ, բանախոսը կարծում է, որ տեխնիկական և կազմակերպչական առումով գրեթե անհնար է, որ օրինագիծը ֆրանսիական խորհրդարանում այնպիսի ծավալում ունենա, ինչպիսին նախկինում էր:                                          

«Միգուցե նախագահ Սարկոզին այն դնի շրջանառության մեջ, բայց այն որևէ ընթացք չի կարող ունենալ, քանի որ ֆրանսիական խորհրդարանը շուտով արձակուրդ է գնալու: Սրանով միայն Սարկոզին փորձում է ապացուցել, որ հավատարիմ մնաց իր խոստմանը և մինչև վերջ հայանպաստ դիրքորոշում պահեց»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» օրինագիծը:  Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում:

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող էր ընդունել ստորև նշված որոշումներից մեկը`

1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա:

2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի:                                

Հրաչուհի Ալմաստյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Է Հայեր,Հայեր: ԵՐԲ պիտի վեր կենաք ձեր քաղցր - վարդագույն փուչիկի մեջ ՔՆԱԾ լինելուց: Հայկական հարցը 19-րդ դարի կեսից ԱՐԴԵՆ սարքել են Հայկական ՀԱՑԻ: Ով էդ կողմերով անց է կենում, էդ հացից պոկում է ու լցնում ԻՐ ստամոքսը: Որովհետև էդ հացը ՁՐԻ դրված է սեղանի վրա: Էդ հացը ՊԻՏԻ վերցնել, դնել դարակը ու բանալիով փակել ու ՄԻԱՅՆ ՀԱՑԻ ԳԻՆԸ դնել սեղանին: Եթե ԴՈՒ չես որոշում, ՔՈ ՓՈԽԱՐԵՆ են որոշում: Ուստի ԱՄԵՆԱՏԵՂԻՆ պատասխանը կլինի այն, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Թող հիմա էլ ԻՐԵՆՔ զգան իրենց կաշվի վրա: ՇԱՏ ԼԱՎ պահ է. Բաքուն մայիսին կազմակերպում է Եվրոտեսիլը. ձեռքերը կապված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter