HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ձուն էժանացել է. շուկայում գերարտադրություն է

Վերջին օրերին ձվի հայկական շուկայում էական գնանկում է գրանցվում։  Երևանի խոշոր սուպերմարկետներից մեկում այսօրվա դրությամբ տարբեր ընկերությունների արտադրած ձուն վաճառվում է մոտ 30-40 դրամով, որոշ տեսակներ էլ՝ ակցիաներով ավելի ցածր գնով։ Համեմատության համար՝ մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում: Տնտեսվարողները ձվի էժանացման իրենց բացատրությունն ունեն՝ գերարտադրություն է. արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է։ Իսկ դեմպինգի (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) վարկածը, կարծես թե, ժխտվում է։ Չնայած սպառողի տեսանկյունից գնանկումը դրական երևույթ է դիտարկվում, սակայն  բիզնեսի համար, հատկապես՝ փոքրերի, դա հարված է։ Հավկիթի գնի այսչափ անկումն անհանգստացրել է փոքր տնտեսվարողներին։ Նրանք պնդում են, որ իրենց համար ինքնարժեքից էլ ցածր գին է գոյացել շուկայում։

Գերարտադրություն ձվի շուկայում. տնտեսվարողները շտապում են իրացնել արտադրվածը

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ։ Այսինքն՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը։ Եվ առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռությունը տնտեսվարողներին ստիպել է էժանացնել ձվի բացթողման գինը՝ փորձելով նպաստել սպառման ավելացմանը։ Իսկ գերարտադրության հիմնական պատճառներից են թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների քանակի աճն ու խոշորներ թռչնաբուծարանների վերազինումը, որը թույլ է տվել նրանց ավելի մեծ խմբաքանակով ձու արտադրել։

Ըստ նրա՝ դեռ նախորդ տարվա սկզբին ծրագրված էր սննդային ձվի պահանջարկն ապահովել տեղական արտադրությամբ, առանց լրացուցիչ ներկրման: Սակայն, արտադրվել է ավելին, քան պահանջվել է շուկայում։

«Մեկ շնչի հաշվով ապահովվեց տարեկան 245 հատ ապրանքային ձու: Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, ապրանքային ձվի բացթողման միավորի միջին գինը տարվա կտրվածքով նվազեց 9.6 դրամով: Խոշոր և մանր արտադրողները արտադրության ծավալների առավել աճ ապահովեցին հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն սպառողական շուկայի պահանջարկը ավելի ցածր էր նույնիսկ նախորդ տարվա նախատոնական պահանջարկից: Եթե հաշվի առնենք, որ ամենացածր պահանջարկը գրանցվում է տարվա առաջին ամսում, ապա առաջարկի և պահանջարկի անհամամասնությունը ենթադրում է բացթողման գների աստիճական նվազում, առավել ևս, որ այն դասվում է արագ փչացող սննդամթերքների շարքին: Նման իրավիճակում տնտեսվարողը հարկադրաբար գնում է հավկիթի բաթողման գնի նվազման, նույնիսկ ինքնարժեքից ցածր՝ փորձելով նպաստել սպառման ավելացմանը և արտադրության նվազագույն ծախքերի ապահովմանը»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Սերգեյ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ վերջին հինգ տարիներին թռչնաբուծության ոլորտում արձանագրված կայուն դինամիկ աճը նպաստել է թռչնաֆաբրիկաների և ֆերմերային տնտեսությունների քանակի ավելացմանը. «Նախորդ տարի վերաբացվել են երկու ձվատու ուղղության թռչնաֆաբրիկաներ, եռապատկվել են ձու արտադրող ֆերմերային տնտեսությունների քանակը, որին նպաստել են նաև Կառավարության ծրագրերով առաջարկվող գյուղացիական մատչելի վարկերը»:

Ներկայում Թռչնաբույծների միությունը ակնկալում է Կառավարության աջակցությունը՝ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ են ապրանքային ձվի վերամշակման գործարաններ, որտեղ ձվի ավելցուկային խմբաքանակը կվերամշակվի ձվի փոշու և հեղուկի, որն էլ օգտագործվում է տարբեր արտադրությունների մեջ, օրինակ՝ հրուշակեղենի։ «Ինքնաբավության հասած բոլոր երկրներում աճի տեմպերը չնվազեցնելու, գերարտադրության վնասները կանխելու նպատակով պետական մասնակցությամբ, կամ աջակցությամբ ստեղծվում են ապրանքային ձվի վերամշակման գործարաններ (փոշի և հեղուկ) նոր, երկարակյաց, կենսաբանական անվտանգ ապրանքատեսակներ արտադրելու նպատակով»,- նշեց Թռչնաբույծների միության նախագահը:

Հակառակ դեպքում, ըստ նրա, կունենանք արտադրության ծավալների կտրուկ նվազում, որի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի. «Այն կուղեկցվի աշխատատեղերի փակմամբ, սպառողական շուկայում դեֆիցիտի առաջացման վտանգով, որը կբերի ոչ միայն գնաճի, այլև՝ նորից կախվածություն հարևան երկրներից, մասնավորապես ՌԴ-ից ներկրումների վերսկսման»։

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հարցի կարգավորման հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված։ «Ապրանքային ձու և թռչնամիս արտադրող արդյունաբերական տնտեսությունները գլխաքանակը կոմպլեկտավորում են տարվա ընթացքում կենդանի թռչնագլխաքանակի (ճուտ և վառեկներ) հարևան երկրներից ներկրմամբ, որի համար արտարժույթով գրեթե կրկնակի են վճարում, քան եթե արտադրվեր տեղում սեփական ծնողական կազմի առկայությամբ` տոհմային տնտեսության, որի դեպքում հնարավոր կլիներ ապրանքային տնտեսություններում արտադրական տեխնոլոգիան  կազմակերպել համաչափ, հաշվի առնելով շուկայի սեզոնային և մշտապես փոփոխվող պահանջարկը»։

Իսկ հարցին, թե ներկա գնանկումը շուկայում որքան ժամանակ կարող է տևել, Թռչնաբույծների միության նախագահը պատասխանում է, այն կարճաժամկետ է և մարտի սկզբից կամ կեսերից ձուն կրկին կթանկանա ու կվերադառնա նախկին մակարդակին։

Ինչ վերաբերում է դեմպինգի մասին կասկածներին, ապա՝ Թռչնաբույծների միության նախագահը ժխտում է այն։

Փոքր տնտեսվարողը պնդում է, որ խոշորները կեղծում են ձվի մակնշումը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում թռչանաբուծությամբ զբաղվող Արթուր Հարությունյանը (արտադրանքը մակնշվում է «Վանատուր» անվամբ), ինչպես և մի շարք փոքր տնտեսվարողներ, անհանգստացած է ձվի շուկայի արձանագրվող գնանկմամբ։ Ըստ նրա՝ փոքր տնտեսվարողների համար սա ուղղակի հարված է եկամուտներին, քանի որ իրենց պարագայում հավկիթի ինքնարժեքը 38-39 դրամ է, հետևաբար՝ այդ գնից ցածր վաճառքի հանձնելը իրենց բիզնեսը դարձնում է ոչ շահութաբեր։ Ըստ նրա՝ այս խնդրի լուծումը հին հավկիթները շուկայից «մաքրելն է»։ Տնտեսվարողը տեղեկություններ ունի, որ խոշոր արտադրողները հին հավկիթների մակնշումը կեղծում են և թարմ հավկիթների անվան տակ վաճառում։ Ըստ նրա՝ եթե վերահսկողությունը խստացվի և հին հավկիթները դուրս գան շուկայից, առաջարկը կնվազի ու գինը կբարձրանա՝ վերադառնալով նախկին մակարդակին։

«Խոսքը պլանավորված դեմպինգի մասին չէ։ Քանի որ չի վերահսկվում մակնշումը ՍԱՊԾ-ի կողմից, ձուն մակնշվում է ոչ թե տվյալ օրն, այլ՝ օրինակ հին ձուն մակնշվում է տվյալ օրով և վաճառվում է։ Կարողանում են իրացնել հին ձուն։ Իսկ եթե իսկապես թարմ ձուն մակնշվի տվյալ օրով, խնդիր չի առաջանա։ Երկու ամսվա ձուն չեն կարողանա վաճառել։ Ես վերահսկողություն եմ պահանջում, որ կարողանան վերահսկել՝ արդյոք մակնշված ժամկետը համապատասխանու՞մ է իրականությանը։ ՍԱՊԾ-ն պետք է տուգանի այն տնտեսվարողներին, որոնք հին ձու են բաց թողնում՝ թարմի անվան տակ։ Մեծ տնտեսվարողները պետք է նվազեցնեն արտադրությունը, որ համապատասխանեցնեն տեղական պահանջարկին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տնտեսվարողը։

Նրա տեղեկություններով՝ այսօր խոշոր արտադրողներ կան, որ ձվի որոշակի խմբաքանակ բաց են թողնում արդեն 15 դրամով։ «Արտահանումը հիմա բացարձակ զրո է, ներքին արտադրանքն էլ պահանջարկից 40 %-ով ավելի է։ Եթե անգամ ձուն դառնա 5 դրամ, միևնույն է ամբողջ արտադրվածը չի սպառվելու՝ մարդիկ դրանից ավել ձու չեն ուտելու։ Էժանացումը լուծում չէ»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։ Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին։

Ձվի միջին գինը պարբերաբար տատանվում է։ Եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019  թվականներին՝ այն 60-65 դրամի սահմաններում է։ 

Վերջին տարիներին Հայաստանը ոչ ներմուծում է հավկիթ, ոչ էլ՝ արտահանում։  Մինչև 2009 թվականը Հայաստանը ձու արտահանող երկիր է եղել, հետո՝ վերածվել ներմուծողի։ Ներկայում ինքնաբավ է՝ տեղական արտադրությունը բավարարում է հանրապետության պահանջարկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter