HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրինագծի վերաբերյալ, որով առաջարկվող սահմանադրական փոփոխությամբ դադարեցվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը։ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ ստորեւ։

Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը:

Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը:

Չբավարարվելով հակաօրինական բազմաթիվ նախաձեռնություններով, անտեսելով հայաստանյան և միջազգային հանրության կողմից արված զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու և անհաշվենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականությանը: Լրջանալու, սթափվելու և իրավունքի գերակայության համաժողովրդական ցանկություններն իրականացնելու փոխարեն օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է անհավասարակշիռ վարքագիծ, որն օժտված է առանձապես ծանր հանցագործության հատկանիշներով և քրեորեն պատժելի է:

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից և նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին՝ մնալով գործադիր իշխանության լիազորությունների շրջանակում, զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրավերները:

Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին և հետևել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը:

Հ. Յ. Դաշնակցության

Հայաստանի Գերագույն մարմին

05.02.2020 թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter