Ըստ Մարուքյանի` «Իմ քայլը» փորձում է Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարման հարցով հանրաքվե անցկացնել
Շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթը որքան էլ շտկեն, միևնույն է, էությունը հակասահմանադրական է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հետ կանչված նախագծերին:
Հարցին` արդյոք երեկ երեկոյան դեսպանների հետ հանդիպումից հետո է որոշվել հետ կանչել նախագծերը, Մարուքյանն ասաց, որ չի կարող այդ մասին ոչինչ ասել: Միայն կարող է ենթադրել, որ ԱԺ նախագահը հանդիպման ժամանակ ներկայացրել է այն, ինչ փորձում են անել, իսկ դեսպանները նման հանդիպումների ժամանակ սովորաբար լռում են:
«Բայց միջազգային պարտավորությունների համատեքստում բնականաբար զեկուցում են իրենց մայրաքաղաքներ, որտեղից արդեն երկիրը ստանում է այն իմպուլսները, որը կլինի խախտումների պարագայում»,- ասաց նա:
Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ խորհուրդը վերջին երկու օրերին արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն այսօր ևս հրավիրվելու է` ամենայն հավանականությամբ նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար:
«Պատկերացնում եք` ինչքան կարելի է անլրջացնել նման կարևոր պրոցեսը ու ինչքան կարելի է լինել անորոշ: Իրենք էլ են հասկանում, որ այնքան պրոբլեմատիկ փաթեթ են բերել ու փորձում են շտկել»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորի կարծիքով` քաղաքական մեծամասնությունը փորձում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը տապալել, որպեսզի հանրաքվե անցկացվի մեկ հոդվածի փոփոխության վերաբերյալ:
«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում չեն բերել, որ առաջին ընթերցումից հետո տապալեն, ու հարցը գնա հանրաքվեի, բայց որևէ մեկը կարող է ասել, թե ինչու են ժողովրդին տանում ընտրատեղամասեր մի հոդվածի փոփոխության համար, ինչու է պետք մինչև մայիս քարոզարշավ ունենալ, ինչու եք տալիս հնարավորություն Սերժին ու Քոչարյանին դառնալ քարոզիչներ»,- ասաց նա:
Մարուքյանի համոզմամբ` չկա որևէ ճգնաժամ Սահմանադրական դատարանում, և մեկ անձի համար պետք չէ զոհաբերել իրավունքի գերակայությունը, չի կարելի նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալու հնարավորություն տալ: Պատգամավորը խնդրեց մատնացույց անել որևէ ռեֆորմ, որի իրականացմանը ՍԴ-ն խոչընդոտել է:
Հարցին, թե Սահմանադրության այս տեսքով փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում որևէ հետևանք կառաջացնեն նախագծի հեղինակների համար, Մարուքյանն ասաց, որ հետևանքը երկրի համար է լինելու:
«Ինձ համար անձերը էական չեն, մենք պետության համար ենք անհանգստանում»,- ասաց նա:
Մարուքյանը բացառեց, որ շրջանառության մեջ եղած նախագծերին իրենք կողմ քվեարկեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել