HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Դեպի Բազարաստան

էսսե հայ լինելու մասի

-Սրան ո՞նց են թողնում գա Հայաստան,- ասաց դեղնավուն ներկած մազերով կինը՝ ցույց տալով ավտոբուսի՝ թուրքերեն խոսող վարորդին։

-Բա քեզ ո՞նց են թողնում գնաս Թուրքիա։

- էհհ, ճարս ինչ, բա ոնց փող աշխատեմ,- ասաց նա, ձեռքում պլաստիկ քառակուսի աման էր, որը քիչ անց բացվեց ու թեքվեց առաջին հերթին իմ ուղղությամբ, որովհետև ես էի իրեն ամենամոտ նստածը,- ազիզ կուտե՞ս, ես եմ թխել…

Ես փորձեցի մաքսիմալ բարի ժպիտս միացնելով ասել, որ խմորային բաներ քիչ եմ ուտում, թե չէ կփորձեի էդ բիսկվիթից, մեկ էլ տեսա, որ դեմս իսկական կրեմով տորթ ա, տորթ, որին դրել են քառակուսի պլաստիկի մեջ ու վերցրել ճամփորդության... էն էլ ավտոբուս, էն էլ Թուրքիա ու էն էլ առաջարկում են ինձ դա ուտել էն բանից հետո, երբ մենք հենց նոր-նոր Ծովագյուղի փռից շարժվեցինք՝ ու ոնց որ թե բոլորս էլ էնդեղ լիքը բան կերանք:

Ամեն դեպքում ասացի երեք կախարդական բառ, որոնց դեմ խաղ չկա բոլոր դեպքերում՝ դիետա, առողջություն, շաքար… Բայց երեք անգամ խաբեցի, խաբեցի, խաբեցի, անկախ նրանից, որ 2020-ին խոստացել էի էլ չխաբել մարդկանց ու եթե մի բան չեմ ուզում` առանց բացատրելու ասել՝ ՉԷ, սովորել ասել ՉԷ ու հասկացնել դիմացիններին, որ ՉԷ-ն միշտ չէ, որ պետք է իր հետ բոնուսով ունենա բացատրություն… Բայց չէ է, մենք, կապ չունի ծանոթ թե անծանոթ, չենք սիրում լսել ՉԷ, իսկ եթե լսում ենք՝ հայացքով ու մարմնի ամեն մի շարժմամբ պահանջում ենք բացատրություն...

Բայց ես կտրեցի մտքերիս հոսքը, որովհետև նաև խոստացել էի ինքս ինձ չդատել մարդկանց, ուղղակի դիտել՝ առանց անուն կպցնելու կամ փորձելու հասկանալ, բայց հենց էդ միտքը ծագեց` դեմս հայտնվեց արդեն կոշիկները հանած, տան հողաթափերով տղամարդ, սպիտակ մայկայով ու ասաց.

- Քուրս դուռում կուտե՞ք, երշիկ պանիր, տնավարի։

- Մերսի, բայց վերամշակած միս էլ չեմ ուտում ու դե նոր կերանք, դեռ սոված չեմ։

- Լավ, բայց նայեք, հանկարծ չամաչեք,- ասաց հողաթափերով տղամարդն ու շուռ եկավ, գնաց, կիսադատարկ ավտոբուսի այն կողմ, որտեղ հիմնել էր իր տան ֆիլիալը… Այնտեղ կար ամեն ինչ՝ իր կինը՝ սպիտակ նասկիներով, արաղ, մոխրաման, ծուխ ու ուտելիք… տուն... տնավարի մթնոլորտ, որը ստիպում էր ամաչել այդ կողմ նայել, որովհետև ունենում էիր նույն զգացումն, ինչ կունենաս անծանոթ մարդու տուն ներխուժելուց:

Վարորդը, որը պարզվեց համշենահայ էր, հետ եկավ սուպերմարկետից, նստեց իր տեղն ու սկսեց քշել, կեսից միացրեց երաժշտություն՝ թուրքական…

Տան ֆիլիալից բողոք լսվեց։ 

- Աաա, փոխեք էդ թուրքական զիբիլը, մենք մերը կդնենք։

Էս էն պահերից ա, որ ստիպում է հասկանաս ու գնահատես կյանքիդ ամեն վայրկյանը ու հասկանաս, որ բողոքել պետք չէ, որովհետև միշտ հնարավոր է ավելի վատ բանի ռաստվել… օրինակ ռուսալեզու փոփի, որը դրանից առաջ դրած թուրքական երգից տարբերվում ա մենակ նրանով, որ էս մեկը երգում են հայերն ու սրա բառերը դու հասկանում ես, ինչը միշտ վտանգավոր ա, որովհետև մրսածության պես ա, կարող ա մի քանի օր հետո դուրս գա ու դու, ասենք, ընկերներիդ հարսանիքին, հենց էն պահին, երբ պետք է կենաց ասես, կսկսես հիՓել երգի բառերը՝ նիկամու յա ծիբյա նե ատդամ, նիկագդա յա ծիբյա նե պրիդամ, կամ ավելի վատ՝ գործնական հանդիպման ժամանակ քեզ հարկավոր բյուջեն ներկայացնելուց ուղեղդ քցի դուրս՝ կայֆուեմ ու քո ամբողջ ներկան փլվի էդ երգի վիրուսայնության տակ:

Բայց էդ հեչ, ամենավատն էն ա, որ մեր համար ռուսերեն ակցենտով երգած երգը, որի տակից գնում ա լատինամերիկյան միջին որակի ռեգատոն (90-ականներին Պուերտո Ռիկոյում ծագած երաժշտական ոճ, որը խորը ազդեցություն է կրել ամերիկյան հիփ-հոփից, լատինամերիկյան ու կարիբյան երաժշտությունից) ու դրա տակից էլ մաքրագույն մուղամը ընկալվում ա որպես մերը…  եթե սա ա մեր Մերը, ուրեմն մերի մերը…

էլի հասկացա, որ հա ուղեղս քննադատում ա, բայց ես պետք ա սովորեմ դա թողնել, սովորեմ չքննադատել, այլ հասկանալ, որ ամեն ինչ էլ պետք ա, հակառակ դեպքում իմ մտքերի հոսքը կտանի դեպի մաքրամաքուր ֆաշիզմ, որտեղ այլություն չպետք ա լինի: Երևի մի ժամի չափ տևեց, մինչև կարողացա մտքերս մաքրել, ինքնախարազանման ու այլերի քննադատման մեխանիզմներն անջատել, երբ Հողաթափն ինձ մոտեցավ… անունը մոռացել էի, դրա համար մտքումս իրեն Հողաթափ կնքեցի կամ չստիկ, որովհետև կյանքում առաջին անգամ էի տեսնում մեկին, որ հետը չստիկ ա ման տալիս ու հանում-հագնում

- Կներեք, հարցնեմ էլի, դուք հայ չեք, չէ՞, խառնուրդ եք, կամ էլ…

Գլխով տմբտմբացրի, խառնուրդի վրա բարիշեցինք, ու Հողաթափը շարունակեց․

- Տենց էլ զգում էի, հայի նման չեք,- ասաց նա ինձ` թխամաշկ, բավականին ընդգծված կովկասյան քթով ու առավել ընդգծված հայու դժգոհ հայացքով մեկին, ում ծանր ու գրեթե միշտ դժգոհ հայածքն էլ իր հերթին թաքնվում է Ռիալտոյի կամրջից էլ հաստ ունքերի տակ ,- ձեր պահվածքից էլ է երևում… հա, ուզում էի ասեի, որ չամաչեք, միանաք մեզ, ուտենք, խմենք, ուրախանանք՝ ժամանակն էլ կկարճանա, դեռ շատ ունենք մինչև Ստամբուլ հասնելը

Ժպտացի, ասացի, որ չեմ ամաչում, անպայման մի բան իրանց հետ կուտեմ, բայց տվյալ պահին սոված չեմ, որովհետև մի ժամ առաջ եմ կերել ու քանի որ չեմ շարժվում, էներգիա էլ չեմ ծախսել ու դեռ սով չեմ զգում… Հողաթափերը ժպտացին ու հետ գնացին դեպի տան ֆիլիալ…իսկ ես մնացի իմ տեղում նստած, անկեղծ վատ զգալով, որ այլ եմ ընկալվում ու էն էլ ինչի պատճառով՝ չուտելու, չխմելու, չպարելու... չկիսվելու ու չանելու էն ամեն ինչ, ինչ մեզ սովորացրել են, որ պետք է անենք, էն ամենն, ինչ դարերով մեր մեջ բրդել են, որ մեր մասն է կազմում:

Հա էլի, ես հայ չեմ, էդ հայը չեմ ու էլ էդ հայը չեմ, բայց արդյո՞ք իմ նման հայը ձեռ ա տալիս իմ պետությանը:

Իմ ու իմ նմանների վրա՝ իրանց դիետաներով ու էքզիստենցիալ կրիզիսներով ու անկեղծ փորձերով ինքնագիտակից լինել, ո՞նց կարա պետությունը հույս դնի… Վաղը մյուս օր պատերազմ լինի՝ իմ ու իմ նմաններից ոչ մեկը չի կանգնի ու գնա կռվի դաշտ, մենք դրա իմաստը չենք տեսնի, նույն կերպ ոնց սրտանց չենք կարողանա ընկալել, թե ոնց մի ամբողջական վաթսուն կիլոյանոց մարմնի մեջ կարա էդքան հակասություն զետեղված լինի, որ ինքը միաժամանակ զզվի թուրքերից, բայց գնա Թուրքիայից էժան ապրանք բերի, որ հայրենակիցների վրա ավելի թանկով ծախի ու էդ ամեն ինչն անի ռուսական երգերի տակ ու միաժամանակ հասցնի դուռում էլ փաթաթի տաս րոպեն մեկ ու հա, անպայման հողերն էլ հետ պահանջի Էրդողանից, ով հիմա հիմնականում զբաղված է իր գիտակից ու այլախոհ քաղաքացիներին բնաջնջելով ու, Գեզիի միտինգներից հետո, ավելի ու ավելի ձգտելով ցույց տալ իր աբսոլյուտ ու անդրդվելի ուժը... ինքը մեզ ի՞նչ կտա, եթե իրա քաղաքացիներին անգամ շնչելու տեղ չի տալիս... կամ էլ չէ, չէ, կտա, բայց հետը ասենք կնվիրի նաև քրդերի ողջ համայնքը, որը հիմնականում բնակվում է հենց մեր հողերում...

- Ազիզ, դուռում կուտե՞ս։

Լսվեց տան ֆիլիալի անդամներից մեկի ձայնը: Արդեն մթոտ էր: Ես գլուխս տմբտմբացրի ի համաձայնություն: Սոված չէի, ուղղակի սկսեցի մտածել, որ շատ եմ առանձնանում բոլորից ու կարող ա շատ սնոբանում: Էս րոպեն մեկ ծամելն էլ, որը ներվերիս վրա ազդում ա, շատ ուժեղ հիմք ունի ու դեռ իրա մեջ կրում ա իննսունականների սովի, ցրտի ու մթի պեչատը, որը չի շտապում մեզ լքել… Անկախ նրանից, թե Կասկադում քանի նոր բարձրակարգ կաֆե կհայտնվի, էդ պեչատը դեռ կա ու դեռ կմնա: Դեռ շատ ժամանակ կանցնի, մինչև մեզնից շատերը կհասկանան, որ արդեն քիչ թե շատ ապահով ենք ու կարող ենք հանգիստ ապրել: Հենց էդ հասկանանք, մեր միտքն էլ ուրիշ կերպ կաշխատի, մեր վարքն էլ կփոխվի, բայց քանի դեռ գոյատևողական ենք մտածում, մեր մտքերն էլ են փոքր, մեր սպասելիքներն էլ հետը:

Գրող Արմեն Հայաստանցին իր «Մայրենիք» եռագրության վեպերից մեկում ասում էր, որ հայ լինելը նշանակում ա փոքրամասնություն լինել: Հա, բայց կարող ա ոչ թե ինքնին փոքրամասնություն՝ աշխարհի մեծամասնության հանդեպ, այլ ինքդ քո: Փոքրամասնություն, որն ունի այլ բան լինելու պոտենցիալ, բայց ընտրել է փոքրամասնություն մնալը, որ մնա փակ, թաքուն, ծածուկ: Մեծ դիտակետի փոխարեն գերադասել է փոքրը, սահմանափակումները վերցրել ու ինքն իր ձեռքով կապել է իր վզին՝ մի կողմում թողնելով լայն հնարավորությունները, որովհետև մենք դեռ թաքնվելով ենք ապրում մեր երկրում: Դեռ գլուխներս կախ ենք, որ հանկարծ նոր հարվածներ չստանանք, որովհետև հները դեռ լավ չենք մարսել, ուղղակի մեծ-մեծ խոսում ենք, որ մոռացել ենք, բայց իրականում լավ էլ հիշում ու պահանջում ենք, ուղղակի դեռ չենք ջոկել, որ հիշում ու պահանջում ենք ոչ թե ուրիշներից, այլ ինքներս մեզնից:

- Բա դու որտեղի՞ց ես առևտուր անելու, մեր բազարի՞ց,- հարցրեց դուռում առաջարկող կինն ու պանիր-լավաշն ինձ մեկնեց:

Մեկնաբանություններ (3)

Հովհաննես Իսպիրյան
Շնորհակալ եմ, գեղեցիկ եք գրում, հաճույքով ընթերցեցի: Միգուցե մենք շարունակում ենք ապրել այս իրականության մեջ, որովհետև դեպի լույս ճանապարհն փոքրամասնության, եթե ոչ միայնության ճանապարհ է:
Էլլա Կանեգարիան
Հարգելի Գրիգոր, շնորհակալություն արձագանքի համար: Կարծում եմ մեզնից յուրաքանչյուրի առաջնային գործը հիմա ինքնազննումն է, որը մի օր հուսով եմ կբերի նրան, որ մենք ազատվենք երկակի ստանդարտների ավելորդ բեռից:
Գրիգոր Պետրոսյան
Ինձ շատ դուր եկավ, պարզ հասարակ ոճ, զգում ես այդ մթնօլորթը կարծես ներկա լինես։ Ցավոք բոլորիս ծանոթ առօրյա։ Հաճելի է, որ հեղինակը մեր ուշադրությունն է հրավիրում մեր հասարակության այս մեծ բացին, որը գուցեև ժամանակի զեղում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter