Ազգային Ժողովի արտահերթ նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով իշխող ուժը փորձում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնել (բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի):
Նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ կանոնակարգի խախտման մասին ահազանգեցին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագծի համար գլխադասային հանձնաժողով չի նշանակվել, որը և պետք է եզրակացությամբ հանդես գար: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, պարզապես չի հասցրել եզրակացությամբ հանդես գալ, քանի որ նիստն արտահերթ է հրավիրված:
Հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց: Խորհրդարանի աշխատանքներն ընդհատվեցին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան էլ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ նախագծի հեղինակը հետ էր կանչել հեղինակած նախագիծը: Այժմ օրակարգում միայն Սահմանադրության փոփոխությունների նախագիծն է։ Հանրաքվեի մասին, ԱԺ կանոնակարգ օրենքի և Սահմանադրական դատարանի մասին օրենքների նախագծերը հետ են կանչվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել