HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վարձակալը՝ քաղաքապետարանին. «Նախկին իշխանությունների անօրինականությունները շարունակվում են»

Երևան քաղաքի կենտրոնում՝ Սարյանի պուրակում, վերնիսաժ կա։ Այդտեղ նկարիչները դեռևս ԽՍՀՄ տարիներից նկարներ են վաճառում։ Այգու այդ հատվածը տասնամյակներ առաջ վարձակալել է «Կոլորիտ» ՍՊԸ-ն, որպեսզի նկարիչների կյանքը թեթևացնի։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի չերկարացներ քաղաքապետարանի և «Կոլորիտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը։ Ընկերությանը հաջողվում է դատական կարգով քաղաքապետարանին պարտավորեցնել վարձակալության պայմանագիրը մինչև 2021 թ. երկարացնել։ Սակայն դրանից հետո Տարոն Մարգարյանն իր որոշումը փոխում է։ ՍՊԸ-ին կրկին հաջողվում է դրական դատական ակտ ստանալ։ Այս անգամ առ այն, որ մինչև 2021 թ. տարածքը վարձակալելու իրավունքը պետք է գործի։

Տարոն Մարգարյանը գնում է, գալիս է Հայկ Մարությանը, սակայն քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Կոլորիտ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում չգրանցվի։ Ուղիղ 1 տարի է՝ ՍՊԸ-ի տնօրենը չի կարողանում քաղաքապետարանից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կներկայացնի Կադաստրի կոմիտե և վարձակալության իրավունքը կգրանցի։ Այդ ողջ ընթացքում ՍՊԸ-ն պարտաճանաչ վճարել է վարձակալության վճարը, որը մեկ տարվա համար 1 միլիոն 396 հազար դրամ է կազմում։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչու ընկերությանը չեն տալիս համապատասխան փաստաթղթերը, որպեսզի վերջինս գրանցի վարձակալության իրավունքը։ Ստացանք պատասխան, որ ներկայում գործող կարգի ու իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ մինչև հողամասը օգտագործման տրամադրելը, այն ենթակա է սեփականատիրոջ՝ Երևան համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման:

Քաղաքապետարանի պատասխանում նշված է նաև, որ «Կոլորիտ» ՍՊԸ-ի զբաղեցրած տարածքում կան շինություններ, որոնց վերաբերյալ ՍՊԸ-ն փաստաթղթեր չի ներկայացրել, և հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանը չի կարողանում նախ սեփականության իր իրավունքը գրանցել, հետո արդեն վարձակալը՝ իրենը։ Ավելի պարզ՝ քաղաքապետարանն ասում է, որ խնդրի մեղավորը «Կոլորիտ» ՍՊԸ-ն է։

ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանին հարցրինք, թե ինչ շինության մասին է խոսքը, որի վերաբերյալ թղթերը չեն ներկայացրել քաղաքապետարան, նա մեզ տրամադրեց շինությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։

Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2017 թ.-ին նույն թղթերը, որ այսօր է պահանջում, ստացել է։ Ավելին, այդ փաստաթղթերն այնքան հին են, որ դրանցում հանդիպում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի դեռևս 1997 թ.-ին հաստատած փաստաթուղթ, որն առկա է քաղաքապետարանում։

Թե ինչու է քաղաքապետարանը նման վարքագիծ դրսևորում, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը դժվարանում է պատասխանել։

«Նախկին իշխանությունների ժամանակ պարզ էր, բայց հիմա իսկապես չեմ հասկանում իմաստը։ Երբ որ կա որոշում, հողամասի հատակագիծ, բոլոր փաստաթղթերն առկա են, իրենց ձգձգելու պատճառը չեմ հասկանում։ Ստացվում է, որ նախկին իշխանությունների ժամանակ ինչ կատարվում էր, նույնը շարունակվում է հիմա»,- ասաց ընկերության տնօրեն Նարինե Վարդանյանը՝ հավելելով, որ առանց տարածքում գործունեություն ծավալելու վարձավճար է տալիս, բայց չի կարողանում գործունեություն իրականացնել։

«Ուրեմն նախկին իշխանությունների անօրինականությունները շարունակում են իրենք, ուրեմն ինչ-որ մեկն էլ նպատակ ունի այդտեղ ինչ-որ բան անելու։ Հարցը միայն սրճարանը չէ, բոլոր նկարիչները օգտվում էին և՛ զուգարանից, և՛ ամեն ինչից»,- եզրափակեց Նարինե Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter