HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

16 համայնք մեկ տեղում. Արմավիրի մարզում համայնքների խոշորացման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով

2020թ. մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ էին նշանակված Արմավիրի մարզի Արշալույս, Արագած և Շահումյան գյուղերում: Սակայն ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից հանվել է: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ նշանակելու մասին որոշումը, ինչից հետո ԿԸՀ-ն կայքից հեռացրել է տեղեկատվությունը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արշալույս, Արագած և Շահումյան գյուղերում համայնքի ղեկավարի ընտրություն նշանակելու որոշումը կայացրել էր դեկտեմբերի 24-ին:

0001.jpg (98 KB)

Նշենք, որ արդեն երեք օր է՝ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում լարված իրավիճակ է: Համայնքապետարանները ստացել են փաթեթներ, որոնք վերաբերում են համայնքների խոշորացմանը: Գյուղերում անակնկալի են եկել՝ տեսնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ուղարկված խոշորացված համայնքների փունջը: Օրինակ՝ որոշվել է, որ Էջմիածնի տարածաշրջանի համայնքների «փնջերից» մեկում խոշորացվելու է 16 համայնք:

Ըստ նախագծի՝ Դողս միավորված համայնք ձևավորելու համար Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքները խոշորացվելու են և դառնան բնակավայր:

Համայնքներում չի եղել ոչ մի քննարկում, հանրային լսում: Ո՛չ Արմավիրի մարզպետը, ո՛չ մարզպետարանի կամ նախարարության որևէ ներկայացուցիչ գյուղացիների հետ չեն քննարկել նախագիծը, չեն բացատրել 16 համայնքի խոշորացման անհրաժեշտությունը:

Մեկ այլ փնջի մեջ մտնող Առատաշեն համայնքում այսօր արդեն բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղացիները՝ պահանջելով վերանայել մոտեցումը: Այս գյուղում ևս դեմ են համայնքների խոշորացմանը:

Ծաղկունք համայնքի ղեկավար Դավիթ Կարապետյանն ասաց, որ բողոքի ակցիաներ կլինեն նաև այլ համայնքներում, քանի որ բոլոր տեղերում նույն վիճակն է:

«Ոչ մի բնակիչ համաձայն չէ այդ մտքի հետ, ոչ մեկն էլ չի ուզում: Անհնար է այդ միավորումը, աբսուրդ է: Ես շատ հանգիստ եմ տանում, իմ համար ոչ մի խնդիր չկա՝ ես, իմ բնակիչները, իմ գյուղը: Ուղղակի չգիտեմ՝ ինչ է կատարվում: Ո՞նց կարող է այդքան համայնք մեկ հոգու կողմից կառավարվել: Խոշորացման հարցի շուրջ խոսվել է, բայց ոչ մեկի հետ չեն քննարկել այդ հարցը: Առավոտ արթնացանք ու երեկ չէ առաջին օրը փաթեթը ստացանք, զարմանալի էր»,-ասում է Ծաղկունքի համայնքապետը:

Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ հայտարարությունը արդեն փակցրել են համայնքում, մարդկանց իրազեկման աշխատանքներ են տանում և արդեն որոշվել է կազմակերպել տեղական հանրաքվե:

Նշենք, որ վերը նշված 16 համայնքների բնակչության ընդհանուր թիվը անցնում է 20 հազարից, և համայնքապետերն անհնար են համարում նման միավորումը: Ավելին, 16 համայնքներն իրար կապող տրանսպորտային հանգույց չկա: Վատ վիճակում են գտնվում միջհամայնքային ճանապարհները: Հաշվի չի առնվել նույնիսկ համայնքների հեռավորությունը: Օրինակ՝ Ծաղկալանջից դեպի Շահումյանի թռչնաֆաբրիկա ամենակարճ ճանապարհը 12 կմ է: Նույնն է նաև Ծաղկունքից Լեռնամերձ ճանապարհը:

Արմավիրի մարզի համայնքների խոշորացման գործընթացին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter