
«Իմ քայլը» մտադիր է Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարման հարցով հանրաքվե անցկացնել
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների մասին օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնությունը ցանկանում է Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխել: Եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ այն անդամները, որոնք նշանակվել են մինչ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ապա վերջիններիս լիազորությունները դադարում են: Այս փոփոխությունները վերաբերում են ՍԴ բոլոր անդամներին, բացի Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից: Տեղեկացնենք, սակայն, որ քաղաքական մեծամասնությունը որոշել է տապալել նախագծի քվեարկությունը, ապա հանրաքվե հրավիրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության հարցով:
Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադարձավ ստեղծված իրավիճակի նախապատմությանը: Հովակիմյանը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը 2013 թվականի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ է եղել, հետևաբար՝ Սահմանադրության բուն տեքստի հեղինակը: Թովմասյանը հետագայում դարձել է ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար, որպեսզի ըստ Հովակիմյանի, ապահովի Սահմանադրության կյանքի կոչումը, և 2015-ի դեկտեմբերին լինի նոր խմբագրությամբ Սահմանադրություն: 2017 թվականին արդեն Թովմասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն ըստ հիմնական զեկուցողի՝ վերջինս չի հասցրել Սահմանադրության փոփոխություններն ավարտին հասցրել:
Ըստ Հովակիմյանի` ՍԴ յոթ անդամները ուղղակի պատասխանատվություն են կրում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների խեղման համար:
«Ընտրությունից ընտրություն, հանրաքվեից հանրաքվե ժողովրդի կամքը բռնաբարվում էր, ու դա տեղի էր ունենում ՍԴ-ի լուռ համաձայնությամբ, երբեմն իրենց մասնակցությամբ»,-ասաց Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն խոսքերին, որ ՍԴ-ն իր խրամատն է, ասաց.
«Հրայր Թովմասյանի խրամատի դիմաց հայ ժողովուրդն է, գուցե ինքն իրեն խրամատում է զգում, բայց իր դիմաց ժողովուրդն է կանգնած»,- ասաց նա:
Հովակիմյանը խոսեց նաև ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակ տրամադրելու օրենքի մասին` ընդգծելով, որ Կառավարությունն այդ կերպ ձեռք է մեկնել ՍԴ անդամներին, սակայն վերջիններս չեն ընդունել:
Հովակիմյանը հայտարարեց` նախագիծն առաջին ընթերցմամբ տապալելու են:
«Առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը, սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, մեր քաղաքական ուժի հավատամքն է»,- ասաց նա:
Մեկնաբանել