Տարոն Սիմոնյանը` Սահմանադրության փոփոխությունների մասին. «Հետագայում չեք կարողանալու դրա տակից դուրս գալ»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պնդում է` Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը մակերեսային է:
«Լավ եք անում, որ պայքարում եք, բայց օրենքով պայքարեք, որ հետագայում Հայաստանի Հանրապետությունը տուժող չլինի: Ես լսեցի պարոն Հովակիմյանի ելույթը, բայց ցավոք սրտի որևէ իրավական մեկնաբանություն չկար, այն լրագրողական կամ պատմական ելույթ էր: Արդյոք լրագրողական կամ պատմական ելույթով կարո՞ղ ենք հիմնավորել Սահմանադրության փոփոխությունները»,- իր ելույթում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց դատավորների լիազորությունները դադարեցնել:
Տարոն Սիմոնյանի խոսքով` շատ իրավական դրույթներ անտեսվում են:
«Հետագայում չեք կարողանալու դրա տակից դուրս գալ: Առաջին խախտումը ընթացակարգային էր, որի մասին բարձրաձայնեցինք առավոտյան, մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ»,- ասաց Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով` քաղաքական մեծամասնությունը խուսափում է համակարգային մոտեցումներից և ընտրում մակերեսային լուծման տարբերակը:
Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի դեպքում Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել էր, որ չպետք է լինի այնպիսի իրավիճակ, որ բոլոր դատավորները միանգամից գնան վաղ կենսաթոշակի, և հակասահմանադրական իրավիճակ առաջանա: Պատգամավորի խոսքով` այս նախագծով նման իրավիճակ է լինելու, քանի որ միանգամից յոթ դատավորի պաշտոնավարման հարցն է որոշվելու:
«Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են և բխում են մեր պետականությունից և անձի բնական իրավունքներից»,- ասաց նա` ընդգծելով, որ արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել:
Տարոն Սիմոնյանն անդրադարձավ Վահագն Հովակիմյանի այն խոսքին, որ մտադիր են այս հարցը ներկայացնել հանրաքվեի` ընդգծելով, որ չեն կարող նախագծի առաջին ընթերցմամբ տապալումից հետո նախագիծը հանրաքվեի ներկայացնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել