HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Իջևան և Լերմոնտովո համայնքները կխոշորանան, կանցկացվեն համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ

Փետրվարի 6-ին Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Լոռու մարզի Լերմոնտովո և Անտառաշեն համայնքների միավորմամբ խոշորացված համայնք ստեղծելու առաջարկը։

Նախագծով առաջարկվող հաջորդ խոշորացումը վերաբերում է Տավուշի մարզի Իջևան համայնքին։

Նախարարի խոսքով՝ Տավուշի մարզի Իջևանի միավորված համայնքի մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային՝ ավելի խոշոր մոդելը ցույց է տալիս, որ այն ավելի արդյունավետ է։

«Եթե խոսենք Իջևանին միավորվող 19 համայնքների մասին, այս համայնքները սուբվենցիոն ծրագրի ժամանակ ներկայացրել են ընդամենը 97 մլն դրամի համաֆինանսավորում։ Բավականին փոքր գումար է՝ հաշվի առնելով, որ դրա կեսը բաժին է ընկել Իջևան քաղաքին, և 19 համայնքներից միայն 6-ն են մասնակցել սուբվենցիոն ծրագրերին՝ այն պարագայում, երբ Սյունիքի մարզը իր 8 խոշորացված համայնքներով 2-րդ տեղն է զբաղեցրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներում։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արդյունավետություն կարող է ունենալ խոշորացված համայնքը»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

Եթե որևէ համայնք չցանկանա միավորվել, կձևավորվի նախաձեռնող խումբ, որն էլ կիրականացնի ստորագրահավաք և համայնքի ընտրողների 20 %-ի ստորագրություններն ունենալու պարագայում, տեղի կունենա հանրաքվե։ Եթե ընտրողների 50 %-ից ավելին կողմ է արտահայտվում առաջադրված հարցմանը, այդ պարագայում ակնհայտ է դառնում տվյալ համայնքի դիրքորոշումը։

Ըստ նախագծի՝ 2020 թվականի հունիսի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություն։

Վարչապետն ընդգծեց, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության խոշորացում տեղի չի ունենալու։

Ըստ Ն․ Փաշինյանի՝ այն համայնքներում, որտեղ կա խոշորացման առարկություն, կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե։ Եթե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, ապա համայնքը չի խոշորացվի։

«Խոշորացվող գյուղերը արդյունքում դառնում են բնակավայր։ Խնձորեսկը խոշորացված համայնքի կազմում է, բայց խնձորեսկցին չի դադարել լինել խնձորեսկցի, ինչպես սևքարեցին չի դադարել լինել սևքարեցի։ Այս տարի մոտավորապես 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում և այդ ծրագրերի գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է խոշորացված համայնքներում»,- նշեց վարչապետը։

Կառավարությունն ընդունեց ներկայացրած որոշումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter