Արդյոք կորոնավիրուսը կարելի էր «հաղթահարել» ավելի վաղ
Ուհան նահանգի իշխանությունները դեռ այս տարվա հունվարի սկզբին իմացել են կորոնավիրուսի համաճարակի տարածման վերաբերյալ, սակայն փորձել են թաքցնել այդ տեղեկատվությունը։ Այդ մասին վկայում է չինացի բժիշկ Լի Վենլյանի պատմությունը։
Մահացու վիրուսի համաճարակի տարածման մեկնարկից ոչ շատ առաջ, Ուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի բժիշկ-ակնաբան Լի Վենլյանը իր բժիշկ գործընկերներին նախազգուշացրել է մոտեցող վտանգի մասին, սակայն շուտով նրանց այցելել են ոստիկանությունից և հրամայել լռել։
Ամիսներ անց՝ հունվարի վերջին, բժիշկ Լին, չինական «Weibo» սոցիալական ցանցի իր էջում, մանրամասն ներկայացրել է պատմությունը։ Նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Դեռ անցած տարվա դեկտեմբերին այն հիվանդանոցում, որտեղ աշխատում էր Լին, հայտնաբերել են վիրուսակիր յոթ պացիենտների, որոնց մոտ հայտնաբերված վիրուսը նման է եղել 2003 թվականին բռնկված SARS տիպի վիրուսին։ Բոլոր յոթ պացիենտները հոսպիտալացվել են։ Բժիշկները ենթադրել են, որ հիվանդության բոլոր դեպքերն այս կամ այն կերպ կապված են Ուհանի ձկան շուկայի հետ։
Դեկտեմբերի 30-ին Լի Վենլյանը հիվանդանոցի բժիշկների ընդհանուր չաթում հաղորդագրություն է գրել։ Հաղորդագրության մեջ նա գործընկերներին զգուշացրել է մոտեցող համաճարակի մասին և խորհուրդ տվել կրել պաշտպանիչ հագուստ։ Այդ ժամանակ Վենլյանը չգիտեր, որ աշխարհը շուտով կբախվի կորոնավիրուսի նոր տեսակի հետ։ Չորս օր անց նրա մոտ են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և ստիպել ստորագրել փաստաթուղթ, որտեղ բժիշկը մեղադրվում էր կեղծ լուրերի տարածման մեջ, որոնք վնաս են հասցնում հանրային կարգի պահպանմանը։
«Մենք ձեզ զգուշացնում ենք, եթե դուք շարունակեք համառել և իրականացնել հակաօրինական գործունեություն, դուք կկանգնեք դատարանի առաջ։ Ձեզ պա՞րզ է»,- մեջբերել է բժիշկ Լին։ Թղթի ստորին հատվածում նա ստիպված է եղել գրել հաստատման գրառում։
Լի Վենլյանը փաստաթղթի պատճենը տեղադրել է «Weibo»-ի իր էջում։ Ուհանի իշխանությունները ներողություն են խնդրել հետապնդման համար։ Պարզվել է, որ Վենլյանն այն 8 քաղաքացիներից մեկն է, որոնց իշխանություններն ստուգել են՝ վնասական լուրերի տարածման համար։ Բժիշկ Լին հիշում է, որ հունվարի առաջին շաբաթներին Ուհանի պաշտոնյաները պնդել են, որ վիրուսով կարելի է վարակվել միայն կենդանիների հետ ուղիղ շփման պարագայում։ Ընդ որում, բժիշկներին չի տրվել որևէ ցուցում այն մասին, թե ինչպես պաշտպանվել հիվանդությունից։ Ոստիկանության այցից մեկ շաբաթ անց, նա ընդունել է գլաուկոմա ունեցող պացիենտի, որի մոտ չի հայտնաբերվել վիրուսի ախտանիշներ, սակայն եղել է վիրուսակիր։
Հունվարի 10-ին Լիի մոտ սկսվել է հազ, հաջորդ օրը բարձրացել է նրա ջերմությունը, իսկ երկու օր անց էլ հայտնվել է հիվանդանոցում։ Շուտով հիվանդանոցում հայտնվել են նաև նրա ծնողները։ Հունվարի 30-ին Լի Վենլյանը ևս մեկ կարճ հրապարակում է արել իր էջում, որտեղ պատմել է իր ախտորոշման հաստատման մասին։ Հազարավոր մարդիկ այդ հրապարակման տակ թողել են մեկնաբանություններ, որոնցով իրենց աջակցությունն են հայտնել չինացուն։
Ատելության արշավ
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեն ընդունել է իր մեղքն առ այն, թե ինչպես են իշխանությունները արձագանքել մահացու կորոնավիրուսի տարածմանը։ Նման խոստովանությունները հազվադեպ են չինական քաղաքական վերնախավի համար։ Քաղբյուրոն կոչ է արել բարելավել արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համակարգը։
Այդուհանդերձ, «New York Times»-ը գրում է, որ Չինաստանի իշանությունները երկրում կասկածամտության և թշնամության մթնոլորտ են սերմանում՝ քաղաքացիներին կոչ անելով հիվանդության ախտանիշներ ունեցող բարեկամների և հարևանների մասին տեղեկատվություն հաղորդել իշխանություններին։ Անհարմար իրավիճակում հայտնվում են նաև նրանք, որոնց մոտ չկան նման ախտանիշներ։ Հայտնի են դարձել դեպքեր, երբ մարդուն հեռացրել են հյուրանոցից, այն բանից հետո, երբ վերջինս ներկայացրել է իր անձը հաստատող փաստաթուղթը։ Մեկ այլ անձի էլ գյուղացիները վտարել են իրենց գյուղից։ Այս ամենն, ըստ NYT-ի, իրականացվում է համաճարակի տարածման կանխման նպատակով։
Չինաստանի իշխանությունները կոչ են անում բնակիչներին ըմբռնումով մոտենալ այդպիսի երևույթներին, հաշվի առնելով այն, որ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է մոտ 430-ի։ Իրավապաշտպանները և ակտիվիստները վստահ են, որ Հուբեյ նահանգի բնակիչների ուղղությամբ, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, իրականացվում է նպատակամիտված արշավ։ Որոշ ակտիվիստներ արձանագրել են, որ Չինաստանի հյուսիսում գտնվող Հեբեյ նահանգի բնակիչներին խոստացել են հազար յուան (շուրջ 140 ԱՄՆ դոլար)՝ Ուհանից ժամանած յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։ Ցզանսյու նահանգում տեղի իշխանությունները մետաղական ճաղով բարիկադավորել են ընտանիքներից մեկի բնակարանի դուռը, որոնք վերջերս էին եղել Ուհանում։ Մթերքներով նրանց ապահովում են հարևանները, որոնք պարաններով պայուսակներն իջեցնում են ընտանիքի պատշգամբի մոտ։
21-ամյա մի ուսանողուհու, որը Ուհանից վերադարձել էր իր հայրենի քաղաք, արգելվել է հարևան գյուղում մասնակցել իր պապի հուղարկավորությանը, չնայած նա վերադարձել էր կարանտինի հայտարարումից դեռ երկու շաբաթ առաջ։ Աղջկա անձնական տվյալները հայտնվել են համացանցում, որից հետո նա սկսել է ստանալ սպառնալիք պարունակող զանգեր։ Աղջիկը հիշում է, որ զանգահարողներից մեկն ասել է․ «Ինչո՞ւ ես վերադարձել մեր քաղաք, ուհանցի շո՛ւն»։
Պաշտոնական տվյալներով փետրվարի 6-ի դրությամբ՝ կորոնավիրուսից մահացել է 564 մարդ, մոտ 28000 անձ վիրուսակիր է։ Վիրուսակիրների մեծ մասը Չինաստանի բնակիչներ են, չնայած վերջին օրերին վիրուսը տարածվում է ողջ աշխարհով։
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակման շուրջ 150 դեպք։ Փետրվարի 2-ին գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը։ Մահացածը եղել է Ֆիլիպինների քաղաքացի։ Եվս մեկ դեպք էլ գրանցվել էր Հոնկոնգում։
Լուսանկարը՝ https://thehill.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել