HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ–ն խուսափում է քաղաքական պատասխանատվությունից. Սուրեն Պարսյանն արձագանքում է

Փետրվարի 5-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է պարզաբանում, որով փորձել է անդրադառնալ 2020 թվականի փետրվարի 1-ի «Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա» վերլուծությանը ։ ՏՄՊՊՀ-ի արձագանքի բովանդակությանից և վերամբարձ ոճից պարզ է դառնում, որ «վերևից հորդորով» գրված գրություն է, որի նպատակը ոչ թե բովանդակային, մասնագիտական քննարկումներ իրականացնելն է, այլ քաղաքական պատասխանատվությունից խուսափելը։ Այն, որ ներկայումս մենաշնորհների դեմ պայքար (քաղաքականություն) չի տարվում, սա գործող իշխանությունների և քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Դրա վառ օրինակը բենզինի շուկան է, որը 2019 թվականի ընթացքում վերջնականապես մոնոպոլացվեց «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունների կողմից։ Մեր վերլուծությունների նպատակը ինչ–որ մարդկանց, կազմակերպություններին և քաղաքական ուժերին վատության անելը չէ, այլ սկսել հանրային և մասնագիտական քննարկումներ մենաշնորհների դեմ պայքարի օրակարգով։

Մենք ողջունում ենք ոլորտային և մասնագիտական դաշտում հրապարակային և առողջ բանավեճերի կայացումը, սակայն դա ևս պետք է լինի փաստարկված և բարձրացված բոլոր խնդիրների անդրադարձով։ Առաջարկում ենք՝ պետական մարմիններին հետայսու իրենց ուսումնասիրությունները և պարզաբանումները ներկայացնելիս չխուսափեն բարձրացված խնդրիների շուրջ դեմ առ դեմ բանավիճելուց։

Չնայած, որ ՏՄՊՊՀ-ն պարզաբանել է մեր բարձրացրած խնդիրների մի մասը, այնուամենայնիվ, հակիրճ կպատասխանենք նրանց նշած բոլոր պարզաբանումներին։ Եվ այսպես՝

1․ Տարակուսելի է և հակաօրինական, որ հանրային շահի անվան տակ ՏՄՊՊՀ-ն փորձում է միջամտել վառելիք ներկրողների արտաքին առևտրային գործարքներին։ Որևէ մեկը, առավել ևս պաշտոնատար անձն իրավունք չունի թելադրել նավթավերամշակող գործարանին ուղղակի, թե միջնորդավորված եղանակով վաճառել վառելիքը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի վառելիքի շուկայում գործող GULF, Lukoil, Total, British Petroleum,  Wissol, Shell, SOCAR   ընկերությունները գործում են միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Մեր սիգարետ արտահանող ընկերությունները իրենց արտահանումը իրականացնում են տարածաշրջանի իրենց ներկայացուցիչների՝ միջնորդների միջոցով։ Հայաստանում կան բազմաթիվ օրինակներ միջնորդավորված եղանակով առևտուր իրականացնելու վերաբերյալ, որոնք կարող են դառնալ ՏՄՊՊՀ-ի կողմից շուրջ 6 ամսվա ուսումնասիրության արդյունքներ։ Պարզից էլ պարզ է, որ ներմուծվող ցանկացած ապրանքի գնի վրա ազդում են ներմուծման փուլում կատարվող ծախսերը։

2․ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված որոշ խմբաքանակների հեղուկ վառելիքի որակական չափորոշիչների ստուգման մասով մեր բարձրացրած հարցադրմանը ՏՄՊՊՀ-ն պատասխանում է հարցով․ «Հարց է ծագում՝ ինչի վրա է հիմնված հեղինակի այն պնդումը, որ վառելիքում ծծմբի պարունակությունը կարող է փոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում նման խնդիր չի առաջանում»։ Մյուս երկրներից ներկրված վառելիքի որակի մասով որևէ պնդում չենք արել, ավելին՝ նշել ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից։ Հուսով ենք, որ ՏՄՊՊՀ-ի ողջամիտ կասկածները հիմք կդառնան ՀՀ շուկաների վերահսկողության տեսչության մարմնի ուսումնասիրությունների համար։

3․ Վառելիք ներկրող խոշոր ընկերությունների կողմից բենզալցակայանների ցանցի տիրապետման մասին տվյալներ կան ՏՄՊՊՀ-ի 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումներում։ ՏՄՊՊՀ-ի պարզաբանման համաձայն՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին 100 միլիոն ՀՀ դրամով տուգանելու մասին որոշումը 2012 թվականին անվավեր է ճանաչվել: ՏՄՊՊՀ-ի այդ պարզաբանումը մեղմ ասած ճիշտ չէ։ ՏՄՊՊՀ-ի որոշումն անվավեր կարող է ճանաչել միայն վարչական դատարանը։ ՏՄՊՊՀ-ն իր որոշումներն անվավեր ճանաչելու լիազորություն չունի։ Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ ՎԴ/8343/05/12 վարչական գործն ըստ հայցի «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումները վերացնելու պահանջի մասին՝ դատարանը վճռել է կարճել գործը, քանի որ «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Դանիելյանը հրաժարվել է հայցից և խնդրել գործի վարույթը կարճել։ Դրանից բացի, 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՏՄՊՊՀ-ի վերը նշված որոշմանը ևս անդրադարձ է եղել։ Եթե ՏՄՊՊՀ-ի տրամադրության տակ կա ավելի ամբողջական տեղեկատվություն 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումների կատարման, կասեցման կամ վերանայման վերաբերյալ, թող հրապարակի։

4․ Առնվազն կասկածելի է, թե ինչպե՞ս է ՏՄՊՊՀ-ն ձեռք բերել «Գազօիլ» ընկերության 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների մատակարարումների մասին տեղեկատվությունը, երբ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ընդգրկում էր միայն հունվար-հոկտեմբեր ամիսները։ Ինչևէ, մասնագիտական էթիկան ենթադրում է որևէ թիվ սխալ հայտարարելուց առաջ ներկայացնել ճիշտը։

5․ Փաստորեն ՏՄՊՊՀ-ն մեկ անգամ ևս արձանագրում է, որ իր ուսումնասիրության նպատակը հետագայում վարույթի շրջանակում ուսումնասիրություն անելն է։ Այսինքն, նպատակն ուսումնասիրությունների իմիտացիա ստեղծելն է։ Եվ, առհասարակ ՏՄՊՊՀ-ն շուկայի մրցակցային խնդիրները քննում է վարույթի, թե ուսումնասիրության շրջանակներում, դա հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցն է, և 6 ամսում այն կարելի էր կազմակերպել։

6․ Ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ-ի «վերլուծական միտքը» սպառվել է վերջին կետի պարզաբանման ընթացքում, քանի որ վերջինս հաստատել և ժխտել է մեր այն պնդումը, որ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականում միևնույն գնային քաղաքականությունը։ ՏՄՊՊՀ-ն մեկ այլ դարակազմիկ բացահայտում է անում․ համաշխարհային շուկայում նավթի գներից և դրամի արժևորումից բացի վառելիքի գնի վրա ազդում են նաև այլ գործոններ։

Սուրեն Պարսյան, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter