HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը կոչ է անում ՍԴ դատավորներին հրաժարական ներկայացնել մինչ հանրաքվեն

Խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է Սահմանադրության փոփոխությունների մասին «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած նախագծի քննարկումը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքին, հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ժամանակ վարչապետը քվեարկությունից առաջ կարող է ելույթով հանդես գալ, ինչից հետո խոսքը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ՍԴ-ի վերաբերյալ մոդել է ընտրվել, որին պայմանականորեն կարելի է համարել երազանքի սահմանադրական դատարան, սակայն իրականությունն այլ է:

Փաշինյանը սկսեց թվարկել 1996-ից սկսած նախագահական ընտրությունները` ասելով, որ ՍԴ-ն տարբեր տարիներին ժողովրդին թույլ չի տվել իրացնել իշխանություն ձևավորելու իր իրավունքը: Փաշինյանի խոսքով` ՍԴ-ն միշտ անտեսել է ընտրությունների ժամանակ արձանագրված մեռած հոգիները, լցոնումները, վստահված անձանց ծեծերը, հեռուստաեթերի տոտալ վերահսկումը:

«Երբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբակի կրնկի տակ, եթե ոչինչ չփոխվի, կունենանք 2035 թվականին, որովհետև ՍահմանԱդրության դրույթներ գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձևակերպում են տվել, որ հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ՍԴ-ի գործող կազմում պաշտոնավարում են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված երկու անդամ, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված և խորհրդարանի կողմից ընտրված մեկ անդամ, Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված և խորհրդարանի կողմից ընտրված մեկ անդամ, Արա Բաբլոյանի կողմից առաջադրված և խորհրդարանի կողմից ընտրված մեկ անդամ:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահը պաշտոնավարում է վեց տարի, սակայն անցումային դրույթների շնորհիվ Հրայր Թովմասյանը պաշտոնավարելու է 17 տարի:

«Այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդի հետ լուծելու` համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` ՍԴ-ի հին կազմով ընտրված բոլոր անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն:

«Սա կլինի այն դեպքում, երբ հանրաքվեի նշանակված օրը քաղաքացիները գնան ընտրատեղամասեր ու այո ասեն հեղափոխությանն ու ժողովրդի իշխանությանը: Հանրաքվեից հետո նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն, և մի քանի ամսվա ընթացքում կունենանք ՍԴ, որը իր կազմից կընտրի նոր նախագահ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` նոր Սահմանադրության փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը կշարունակեն պաշտոնավարել:

«Կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբակի կամ պաշտոնյայի կրնկի տակ»,- ասաց նա:

Այնուհետև Փաշինյանը դիմեց ՍԴ անդամներին` ասելով, որ որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել, եթե որևէ մեկն անձնապես վիրավորվել է, ներողություն է խնդրում, սակայն իրողությունները չեն փոխվում:

«ՍԴ-ի շուրջ ճգնաժամ է ստեղծվել, ուզում եմ ասել, որ դուք ինքներդ կարող եք լուծել այդ ճգնաժամը` մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին, դուք կարող եք հրաժարական ներկայացնել, կարող եք անել դա, անել այսօր, վաղը, մինչև հանրաքվեի մասին որոշումը նախագահի կողմից ստորագրելը: Գիտեմ, որ ձեզնից շատերի վրա ճնշումներ են գործադրվում, որ այս քայլին չդիմեք»,- ասաց նա:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այս հարցով խոսել է հանրապետության նախագահի հետ, վերջինս համաձայն է հանրաքվե անցկացնելու որոշման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter