Պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին
Փետրվարի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել