HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հսկա այսբերգը շարժվում է դեպի Ատլանտյան օվկիանոս

Աշխարհի խոշորագույն այսբերգը, որն անջատվել է Արևմտյան Անտարկտիդայում գտնվող սառցադաշտից, մոտ ժամանակներում կշարժվի դեպի հյուսիս։ Վիթխարի այսբերգը, որը  ստացել է A68 պայմանական անվանումը, 2017 թվականի հուլիսին պոկվել է շելֆային սառցադաշտից։ Առաջին տարվա ընթացքում այսբերգը գրեթե չի տեղաշարժվել՝ հայտնվելով ծանծաղուտի մեջ։ Ներկայումս այն շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ և գրեթե հասել է օվկիանոսում մշտական սառցային հատվածի եզրին։

Երբ այսբերգը պոկվել է սառցադաշտից, ունեցել է մոտ 6000 քառակուսի կիլոմետր մակերես։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում այսբերգի մակերեսը գրեթե չի փոխվել։ Սակայն գիտնականները վստահ են, որ երբ այսբերգը դուրս գա բաց օվկիանոս, որտեղ չկան սառցադաշտեր, այն կսկսի արագ մասնատվել։

Մեծ Բրիտանիայի Սուոնսիի համալսարանի պրոֆեսոր Ադրիան Լաքմանը նշում է․ «Երկարության և հաստության հարաբերակցության տեսանկյունից՝ այսբերգը նման է A 4 ֆորմատի հինգ թղթերից բաղկացած խրձի։ Դրա համար զարմացած եմ, որ օվկիանոսի ալիքները A68 այսբերգը դեռ չեն վերածել սառույցի մանր կտորների։ Ես միանգամայն ապշած կլինեմ, եթե այն, մշտական սառցային հատվածն անցնելուց հետո, կարողանա պահպանվել։

Ներկայումս ծովային հոսանքները և քամին ստիպում են այսբերգին լողալ Անտարկտիկական թերակղզու արևելյան ափերին զուգահեռ, իսկ ներկայիս ամառային սեզոնի ընթացքում (հարավային կիսագնդում հիմա ամառ է) տեղաշարժի արագությունը կտրուկ մեծացել է։

A68 այսբերգը գտնվում է հարավային լայնության 63 աստիճանի վրա, և գիտնականները կարող են վստահորեն կանխատեսել այսբերգի հետագա շարժման հետագիծը։ Շրջանցելով թերակղզու հյուսիսային ծայրակետը՝ ահռելի այսբերգը կշարժվի հյուսիս և կմտնի Հարավային Ատլանտիկայի համեմատաբար տաք ջրերը։ Այդ ուղղությունը գիտնականներն անվանում են «Այսբերգների ծառուղի»։

Անտարկտիկական բազմաթիվ խոշոր այսբերգներ հասնում են հարավային լայնության 54 աստիճան, այսինքն մինչև Հարավային Ջորջիա կղզի։ Մեր ժամանակներում գրանցված ամենախոշոր այսբերգը եղել է B15 այսբերգը, որը 2000 թվականին պոկվել էր Ռոսսի շելֆային սառցադաշտից և ուներ 11 000 քառակուսի կիլոմետր մակերես։

A68 այսբերգի կտորներից մեկը, ներկայումս ունենալով 200 քառակուսի կիլոմետր մակերես, գտնվում է Հարավային Սանդվիչյան կղզիների կես ճանապարհին, որը գտնվում է Հարավային Ջորջիայից դեպի արևելք։ Այս խոշոր սառցային օբյեկտները գտնվում են մշտական հսկողության ներքո, հաշվի առնելով այն վտանգը, որը կարող է առաջանալ նավագնացության համար։ Սառցաբեկորները հսկվում են արբանյակների կողմից, որոնք պարբերաբար լուսանկարում են դրանք։

Հետևելով A68 այսբերգին՝ գիտնականները տեսադաշտից բաց չեն թողնում երկու այլ խոշոր այսբերգներ ևս, որոնք մոտ ապագայում պետք է պոկվեն Անտարկտիկայի սառցային վահանից։ Դրանցից մեկը պետք է պոկվի Արևմտյան Անտարկտիկայի Փայն Այլենդ սառցադաշտից։ Այդ այսբերգի մակերեսը կկազմի ավելի քան 300 կիլոմետր քառակուսի։ Սառցակտորն արդեն իսկ ունի բազմաթիվ ճեղքվածքներ։ Մեկ այլ խոշոր այսբերգ էլ ձևավորվում է Արևելյան Անտարկտիկայում՝ Բրանտի շելֆային սառցադաշտի եզրին։ Հավանաբար այսբերգի մակերեսը կկազմի 1500 քառակուսի կիլոմետր, որը մոտավորապես հավասար է Մեծ Լոնդոնի մակերեսին։ Թե երբ կլինի ճեղքումը, դեռ հստակ չէ։

Լուսանկարը՝ businessinsider.com.au

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter