HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ալավերդիում. ուժգին քամու հետեւանքով այն տարածվել է Կոշաբերդ սարի լանջերին (լրացված)

Երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ալավերդու Մադան թաղամասի ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում հրդեհ է բռնկվել և արագ տարածվել Կոշաբերդ սարի լանջերին։ Արտակարգ իրավիճակների նախարարության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի խոսքով՝ դեպքի վայր է մեկնել մեկ հերթափոխ հաշվարկ։ Տարածքում ուժեղ քամիների պատճառով հրշեջներին չի հաջողվել արագ մարել հրդեհը։ Այն արագ տարածվել է Կոշաբերդ սարի մոտ քսանհինգ հա տարածքում։

Արմեն Բարսեղյանը Ալավերդու և Օձունի հերթափոխերի անհապաղ հավաք է կազմակերպել, և կատարվել է հրդեհաշիջում։ Հրշեջ փրկարարները ժամը 23:00-ի սահմաններում հասել են մի տարածք, որտեղ այլևս հնարավոր չի եղել հրդեհաշիջում կատարել։

Ուժեղ քամու պատճառով Կոշաբերդ սարի տակ, բարդ ռելիեֆային պայմաններում կրակը բարձրանում էր դեպի սարի գագաթ, որի հարևանությամբ գտնվում էին Լալվարի անտառտնտեսության անտառները և Սանահին գյուղի անասնապահների ամառանոցը։

Հրշեջ փրկարարները դեպի անտառներ հրդեհը կանխելու նպատակով մեկ հերթափոխ հաշվարկով Կոշաբերդի գագաթից հրդեհաշիջումով փակում էին կրակի ճանապարհը, դեպքի վայրում աշխատում էին երեսուն հրշեջ փրկարարներ։

Արմեն Բարսեղյանը «Հետքին» հայտնեց, որ այլ հրդեհային բռնկումներ կան Շնող, Թեղուտ և Ճոճկան բնակավայրերի վարչական տարածքներում, որտեղ աշխատում են 8-12 հրշեջ փրկարարներ։ «Նրանք Վանաձորի և Ստեփանավանի ազատ հրշեջ փրկարարներն են»,- ասաց Արմեն Բարսեղյանը։

Ուժեղ քամու դեպքում հրդեհը կարող է նորից տարածվել չոր մացառուտներով ծածկված Կոշաբերդի ողջ տարածքում։

Ժամը 11:00-ին

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մ-6 միջպետական ավտոճանապարհը վերանորոգող «Հորիզոն» ՍՊԸ-ի 1 ջրատար և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2 ջրատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter