HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020թ. սեպտեմբերից կիրականացվի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020թ. սեպտեմբերից կիրականացվի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը: Ծրագիրը վերջերս է հաստատվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀԱԱ համալսարանի հանրային կապերի բաժինը:

Երկրում եւ տարածաշրջանում իր տեսակի մեջ բացառիկ կրթական ծրագիրը ստեղծվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) համագործակցության արդյունքում՝ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում»  նախագծի շրջանակներում:

Եռամյա նախագծի արդյունքների ամփոփումը եւ մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցան փետրվարի 6-ին: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերության բոլոր կողմերին՝ Ավստրիայի զարգացման գործակալությանը, Ավստրիայի` բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրին (APPEAR), BOKU համալսարանին եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին: Ռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանի ուսանողների գործնական կրթության եւ փորձուսուցման համար նպատակայնորեն կօգտագործվի համալսարանի՝ Ակունք համայնքում գտնվող, ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը, որը համալսարանին է նվիրաբերել մեկ այլ գործընկեր՝ Շեն ՀԿ-ն:

Ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ «Օրգանական Հայաստան» ընկերակցության նախագահ Լուսինե Նալբանդյանը, «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի ավստրիական կողմի համադրող Վալենտին Ֆիալան (BOKU), հայաստանյան կողմի համադրող Աստղիկ Սահակյանը (ՀԱԱՀ): BOKU համալսարանի ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը հակիրճ ներկայացրեց մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագրի հաջողության համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ ոլորտի մասնագետների անընդհատ աճող պահանջարկ, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակված արդիական ուսումնական պլան եւ առարկայական ծրագրեր, Ավստրիայում վերպատրաստված դասախոսական թիմ, գործող եւ ստեղծման փուլում գտնվող ուսումնահետազոտական ենթակառույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter